Էրդողանից հետո Բաքու է այցելելու Օլբրայթը
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Թուրքիայի վարչապետը երեկ Բաքվում հայտարարել է, որ ռուսական ռազմական տեխնիկայի վերատեղակայումը Վրաստանից Հայաստան Ռուսաստանի ներքին գործն է: «Ռուսաստանն ունի նման իրավունք եւ իրագործում է: Ռուսական ռազմական տեխնիկայի վերատեղակայման հարցը ոչ մի կերպ չի վերաբերում Թուրքիային», Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը մեջբերում է «Մեդիամաքսը»:
Պաշտոնական երկօրյա այցով Ադրբեջանում գտնվող Էրդողանն, ըստ Արմենպրեսի, ասել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիան միշտ եղել եւ մնում է Ադրբեջանի կողքին: Թուրքիան կողմնակից է հակամարտությունը երկխոսության շրջանակներում կարգավորելուն, բայց դրա լուծումը կապված է զավթված տարածքների ազատման հետ»:
Բանակցությունների արդյունքներով Ալիեւը եւ Էրդողանը ստորագրել են համատեղ հայտարարություն, որում նշվում են քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գերակայությունները: Ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցները էրդողանի Բաքու այցը կապում են Ադրբեջանի ժողովրդավարացման գործընթացների հետ:
«Թրքիշ դեյլի նյուզը», որը Անկարայի կիսապաշտոնական խոսափողն է, նկատում է. «Վարչապետ Էրդողանի Բաքու այցը խորհրդարանական ընտրություններից առաջ դիտարկվում է որպես Ալիեւի վարչակազմին ուղերձ հասցնելու միջոց: Թուրքական կառավարությունն այս այցը նախատեսել է նախքան ընտրությունները, որպեսզի խուսափի այն տպավորությունից, թե դա Ալիեւի վարչակազմին աջակցություն է»:
Ադրբեջանական մամուլը չի բացառում, որ Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք ընտրություններում Մ. Նահանգները հենց Թուրքիային է արտոնել առանցքային դեր, ինչպես Վաշինգտոնը դա արեց Լեհաստանի դեպքում ուկրաինական հեղափոխության օրերին: «Զերկալոն» նկատում է, որ կարճ ժամանակահատվածում Թուրքիա են այցելել ընդդիմադիր 3 առաջատար կուսակցությունների ղեկավարներըՙ Ալի Քերիմլին, Իսա Գամբարը եւ Սարդար Ջալալօղլուն: «Կարելի է ենթադրել, որ թուրքական կողմը միջնորդական առաքելություն է ստանձնել պաշտոնական Բաքվի եւ ընդդիմության միջեւ», գրում է թերթը:
Ընդհանուր առմամբ եթե վերջին մի քանի տարիներին թուրքական մամուլն Ադրբեջանի եւ թուրք-ադրբեջանական հարաբերությունների հարցերում խուսափում է առավել հաճախ հիշատակել երկու ժողովուրդների բարեկամության մասին, ապա ադրբեջանական մամուլը Թուրքիայի եւ կառավարող իսլամիստների նկատմամբ երբեմն ակնհայտ թշնամանքով է արտահայտվում: Այսպես, Էրդողանի այցի նախօրեին Բաքվի մի շարք թերթեր հիշեցրին 1995 թ. մարտյան հեղաշրջման ձախողված փորձը, որի կազմակերպմանն անմիջական մասնակցություն էին ունեցել թուրքական զինվորական շրջանակները:
Ի դեպ, Բաքվում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը Հայաստանին սահմանամերձ Ղազախ քաղաքում լրագրողներին ասել է, որ հուլիսին Ադրբեջան է ժամանելու ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը: Հիշեցնենք, որ ներկայումս տկն Օլբրայթը ղեկավարում է ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI), որը մասնագիտացած է նաեւ հետխորհրդային տարածքի երկրներում հեղափոխություններն աջակցելու հարցերում:
Հարնիշը նշել է, որ Օլբրայթն Ադրբեջան է ժամանելու անձամբ Իլհամ Ալիեւից երաշխիքներ ստանալու, որ նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ազատ, արդար եւ թափանցիկ:
Ենթադրվում է, որ հուլիսի 6-ին նախագահ Ալիեւն ընտրությունների օրը նշանակելու հրամանագիր կստորագրի: Բաքվի «Զերկալոն» այդ ընտրությունները որակել է Ադրբեջանի պատմության մեջ ամենակարեւորը: Մյուս կողմից թերթի մեկնաբանը նկատում է, որ չնայած դրսիՙ Եվրոխորհրդի, ԵԱՀԿ-ի եւ ամերիկյան ճնշումներին, իշխանությունները լուրջ զիջումների չգնացին նոր ընտրական օրենսգրքի, մասնավորապես ընտրական հանձնաժողովներում անդամների նշանակման հարցում: Ընդդիմության միակ զենքը մնում է զանգվածային ցույցեր կազմակերպելն ընտրություններից հետո, ինչը սովորական է դարձել հետխորհրդային բոլոր երկրներում վերջին մի քանի տարիներին:
Ակնհայտորեն միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Ադրբեջանն է: Իլհամ Ալիեւը հստակ ազդանշաններ է ստանում, որ եթե չձերբազատվի իշխանական համակարգի «հին գվարդիայից» (ազդեցիկ այն պաշտոնյաներից, որոնց իր հետ իշխանության էր բերել Հեյդար Ալիեւը տակավին 1993 թ.) եւ աշնանը չապահովի արդար ընտրություններ, ապա նրան լուրջ փորձություններ են սպասում:
Հունիսի 17-ի համարում Կասպիցում նավթային շահեր հետապնդող, ամերիկյան պահպանողականների տեսակետներն արտահայտող «Ուոլ սթրիթ ջոռնլը» գրել է, որ Ուկրաինայի եւ Վրաստանի օրինակով Ադրբեջանում ստեղծվել են երիտասարդական կազմակերպություններ, որոնք առանցքային դեր են կատարում «գունավոր» հեղափոխություններ հրահրելու հարցում: Ուսանողական «Յոխ» (ոչ) եւ «Հոկտեմբեր 16 շարժում» կազմակերպությունները արդեն հրապարակավ հայտարարում են աշնանը սպասվող փոփոխությունների մասին: