Խնդիրը լրջությամբ չի ընկալվում, չեն հետազոտվում ամենավտանգավոր` կապարի արտանետումները
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ամռանը Երեւանից փախչելը ոչ միայն նշանակում է ինչ-որ ժամանակով հոգնածությունը թոթափելու հնարավորություն: Տրանսպորտից, աղմուկից ու փոշուց չաղարտված գյուղը ազդեցություն կունենա ողջ տարին թույն ու փոշի շնչած մեր թոքերի համար: Քաղաքաբնակներս միայն մակերեսային պատկերացումներ ունենք եւ միայն ենթադրություններ անելու ազատություն, թե ինչ ենք շնչում, ինչպես է այն ներգործում եւ ներգործել մեզ վրա: Հանրապետության բնակավայրերի օդային ավազանի հետազոտության միջոցներն այսօր խիստ նվազ են ու կասկածելի, եւ լիարժեք տվյալներ անգամ մոնիտորինգի կենտրոնը չունի: Երեւանում անհրաժեշտ 10-ի փոխարեն գործում է օդի մոնիտորինգային համակարգի ընդամենը 3 դիտակայան, Գյումրիում 3-ի փոխարեն` 1-ը, պակասել է նմուշառումների եւ ուսումնասիրվող միացությունների թիվը: Դիտակայանները հիմնավոր վերազինումների կարիք ունեն եւ լիովին քայքայված են: Գործիքային եւ լաբորատոր ապահովվածության մակարդակի մասին ավելորդ է խոսել: Բնականաբար, նման պայմաններում հնարավոր չէ հավաստի մոնիտորինգային տվյալներ ունենալ:
Տրանսպորտային արտանետումների հիմնական պատճառը հնամաշ մեքենաներն ու վատորակ բենզինն են, կանգառների սխալ տեղակայումները, լուսացույցների առատությունն ու անկանոն աշխատանքը:
Նախարարության մոնիտորինգի կենտրոնը վերջին անգամ Երեւանի օդային ավազանի հետազոտություններ կատարել է ապրիլին: Քաղաքի դիտակայաններից վերցված 3090 փորձանմուշներում որոշվել են փոշու, ծծմբի, ազոտի երկօքսիդների, գետնամերձ օզոնի, քլորոպրենի, արոմատիկ ածխաջրածինների պարունակությունները: Ըստ կենտրոնի տվյալների, նշված նյութերից միջին ամսական թույլատրելի նորմաները գերազանցվել են փոշունը` 1,3, ծծմբի երկօքսիդինը` 2,6, ազոտի երկօքսիդինը` 2,8, օզոնինըՙ 1,7, բենզոլինը` 1,5 անգամ: Ազոտի երկօքսիդի միանվագ առավելագույն խտությունը թույլատրելի նորման գերազանցել է 3,8 անգամ: Սակայն այս բոլոր տվյալների մեջ որեւէ տեղեկություն չկա մթնոլորտում կապարի աղտոտվածության վերաբերյալ: Մի քանի տարի առաջ օդում կապարի պարունակության վերջին եւ միակ ուսումնասիրությունը կատարել է էկոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնը: Ըստ այդմ, մայրաքաղաքի առանձին հատվածներում կապարի թույլատրելի սահմանային խտությունները գերազանցվում են 10, 20, 100 անգամ: Մայրաքաղաքի համեմատաբար մաքուր հատվածները Ավան-Առինջում են, Քանաքեռում, Դավիթաշենում, այսինքն տրանսպորտային գերբեռնվածությունից ազատ տարածքներում:
Պայթյունավտանգությունը կանխելու համար բենզինին սովորաբար ավելացվում են կապար եւ էթիլ: Ոլորտի պատասխանատուներից հա ասում են, թե Երեւան այլեւս չի մտնում կապարային բենզին, բայց վերահսկողության ու լաբորատոր մանրազնին հետազոտությունների բացակայության պայմաններում դժվար է հավատ ընծայել, մանավանդ որ նշված որակի բենզինն անհամեմատ էժան եւ շահութաբեր է ներկրողի համար: Դրա վկայությունը նաեւ կենտրոնի ուսումնասիրությունների արդյունքներն են:
Երեւանը մեր ազգային գենետիկական ֆոնդի զարգացման հիմնական օջախներից է, եւ հենց Երեւանի բնակլիմայական պայմաններն ամենանպաստավոր միջավայրն են թունավոր արտանետումների կուտակումների համար: Արարատյան գոգահովտում տեղավորված քաղաքը շրջապատված է լեռներով, որոնք պատնեշում են քամիների ներթափանցումը, եւ առավելապես աշնան ամիսներին օդերեւութաբանները նշում են անհողմ, քամու բացակայությամբ բազմաթիվ օրեր:
Փողոցային վաճառքով մեզ առաջարկվող սննդամթերքն օգտագործելը անթույլատրելի է դառնում այս առումով եւս: Կապարով եւ այլ նյութերով հագեցած փոշին հեշտությամբ վայրէջք է կատարում մթերքների տեսականու վրա: Ապացուցված է, որ քաղաքային միջավայրում, փողոցամերձ հատվածներում աճեցված բանջարեղենը, հատկապես լոլիկը, դյուրությամբ է կլանում փոշին:
Կապարն ախտահարում է արյունաստեղծ օրգանները, խաթարում հատկապես տղամարդու վերարտադրողական ֆունկցիան, նպաստում անպտղաբերությանն ու գենետիկ անոմալիաներին: Երեխաների արյան մեջ կապարի խտությունների բարձրացումը հանգեցնում է մտավոր շեղումների, տհասության եւ մինչեւ 7 ամսական երեխաների մահացության բարձր ցուցանիշների: Ոչ միայն կապարի, այլեւ թույլատրելի նորմաները գերազանցող մյուս նյութերի ազդեցությունն ուժեղանում է այլ գործոնների զուգակցությամբ եւս: Ստրեսները թուլացնում են իմունային համակարգը եւ ակտիվացնում կապարի ներգործությունը: Որ մեզանում տրանսպորտային արտանետումների խնդիրը չի գիտակցվում ու չի ընդունվում լրջությամբ, վկայում է թեկուզ այն հանգամանքը, որ մոնիտորինգային կենտրոնը կապարի ուսումնասիրության պատվեր չի ստացել ոչ այս, ոչ էլ անցած տարիներին:
Հնացած փոխադրամիջոցների, շինարարական եւ այլ բեռնատարների առկայության պայմաններում բենզինի ոչ լրիվ այրման հետեւանքով ավելի շատ է կապար ներխուժում մթնոլորտ: Սպառնալիքի տակ են հատկապես տրանսպորտային փոխադրամիջոցներով գերբեռնված փողոցները: Օդային ավազանի աղտոտվածությունը կանխելու հարցում ցանկության դեպքում մեծ դեր կարող է խաղալ պետավտոտեսչությունը: Այն, ինչ կատարվում է Երեւանի շատ կանգառներում, իսկական մղձավանջ է հատկապես երթեւեկության պիկ ժամերին: Քաղաքի կենտրոնական հատվածներում անանցանելի հատվածները, խցանումները սովորական երեւույթ են: Խրոնիկական խցանումների պատճառով արտանետումների քանակը կրկնակի, եռակի մեծանում է:
Համենայն դեպս, Կիոտոյի արձանագրության շրջանակներում հանրապետությունում վերջին շրջանում կարծես թե սկսել են որոշակի ուշադրություն նվիրել տրանսպորտային արտանետումներին: Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ռոմիկ Կոսեմյանից տեղեկացանք, որ օրերս քաղաքապետարանը բնապահպանության նախարարության հետ կառավարության հաստատմանն է ներկայացրել մոտ 3 տասնյակ միջոցառումների ծրագիր, որոնց նպատակն այդ արտանետումների նվազեցման միջավայրի ստեղծումն է:
Էկոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնը Երեւանի օդային ավազանում կապարի պարունակության նոր ուսումնասիրություններ է ձեռնարկել, որոնք օրերս կավարտվեն: Դժվար թե դրանց արդյունքները նախորդից տարբերվեն, քանի որ հասարակական տրանսպորտի վիճակը, եթե ավելի չի վատացել, չի էլ բարելավվել: Արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ: