«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2005-06-30 | #121, 2005-07-01 | #122, 2005-07-02


ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻՆ ՈՉ ԱՅՆՔԱՆ ԹՈՒՐՔԻԱՆ Է, ՈՐՔԱՆ ՆՐԱ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հունիսի 29-ին Եվրոհանձնաժողովը հաստատեց «հոկտեմբերի 3-ին Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու» Եվրոմիության գագաթաժողովում դեռեւս 2004 թ. դեկտեմբերի 17-ին ընդունած որոշումը: Մինչդեռ ԵՄ-ի ընդլայնման գաղափարն առանձնակի խանդավառություն չէր առաջացնում, իսկ Թուրքիայի անդամակցությունը բախվում էր լուրջ առարկությունների:

Առարկությունները հատկապես նկատելի էին դարձել քաղաքական խիստ անբարենպաստ վերջին զարգացումներից հետո, որոնք աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցներին առիթ էին տվել ազդարարելու, թե մոտալուտ է ԵՄ-ի փլուզումը: Տվյալ դեպքում խոսքը գլխավորապես ամերիկյան եւ անգլիական լրատվամիջոցների մասին էր:

Ինչ վերաբերում է վերջին զարգացումներին, ապա դրանք էլ ԵՄ-ին հանգեցրել էին քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի: Քաղաքականի պարագայում ճգնաժամը պայմանավորված էր Ֆրանսիայի եւ Հոլանդիայի եվրոպական սահմանադրության մերժմամբ, իսկ տնտեսականիՙ ԵՄ-ի հունիսի 16-17-ը Բրյուսելում հրավիրված գագաթաժողովով, որտեղ անդամ երկրների ղեկավարները չկարողացան ընդհանուր հայտարարի գալ միության բյուջեի շուրջը:

Հունիսի 22-ի համարում «Ազգն» անդրադառնալով ԵՄ-ի քաղաքական եւ տնտեսական ճգնաժամին, ստեղծված իրավիճակում միանգամայն տրամաբանական էր համարել ընդարձակման առաջարկի երկրորդ պլան մղումը միության օրակարգում եւ ավելացրել. «Եթե ընդարձակումը չի զուգորդվում ազդեցության տարածքների ընդլայնմամբ, ապա միության անդամների համար առաջնային են դառնում ազգային շահերը, իսկ դա հանգեցնում է ներքին հակասությունների»:

Դա պատահական չէր: Մեր թերթը դրանով թերեւս ընդգծում էր, որ ԵՄ-ի ընդարձակումը երկրորդ պլան է մղվում ոչ թե Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների, այլ ճգնաժամի պատճառով, որն, ինչ խոսք, չէր կարող անմասն թողնել նաեւ բանակցությունները: Այլ կերպ, ԵՄ-ի խնդիրը ոչ այնքան Թուրքիայի անդամակցությունն է, որքան ընդարձակման անհամաչափությունըՙ ազդեցության ծավալման հետ:

Անհամաչափության հիմքում բազմաթիվ գործոններ են, որոնցից կարելի է առանձնացնել ԵՄ-ի անդամ երկրների միջեւ տնտեսական զարգացման մակարդակների տարբերությունը, միության նոր անդամների եւ անդամակցության թեկնածուների գերակշռող մեծամասնության քաղաքականապես դեպի ԱՄՆ կողմնորոշումը, Անգլիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի տարաձայնություններն ու առաջնակարգ դիրքի համար միմյանց հետ մրցակցությունը, մրցակցության մեջ վերջիններիս հարող երկրների ներգրավումը, ԵՄ-ի հետ ԱՄՆ-ի մրցապայքարը եւ միության որպես ինքնուրույն բեւեռ ձեւավորումը բացառելու համար նրա ծավալումն արգելելու ամերիկյան նկրտումները:

ԱՄՆ-ի ազդեցությունը հակակշռելու համար ԵՄ-ին մերձենալու Թուրքիայի փորձերն առանձնահատուկ նշանակություն են հաղորդում այդ պետությանը: Իսկ հարեւան երկրների, հատկապես Սիրիայի եւ Իրանի հետ հարաբերությունները բարելավելու նրա փորձերը տարածաշրջան ներթափանցելու հեռանկարով գայթակղում են եվրոպական առաջնակարգ երկրներին:

Ահա թե ինչու անկախ վերջինների առարկումներից, ԵՄ-ը ոչ մի կերպ չի կարողանում հրաժարվել Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններից: Այլապես Եվրոհանձնաժողովը գոնե կհետաձգեր, այլ ոչ թե կհաստատեր «հոկտեմբերի 3-ին Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններն սկսելու» որոշումը:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ն էլ ԵՄ-ի հետ Թուրքիայի մերձեցմանն է առարկում: Այդ դեպքում ինչո՞վ բացատրել անդամակցության բանակցությունների հարցում վերջինին աջակցելու նրա բազմաթիվ հայտարարությունները: Ըստ երեւույթին, ԵՄ-ի կազմում ի դեմս Թուրքիայի Անգլիայի պես մեկ այլ լիազոր ներկայացուցիչ ունենալու մտադրությամբ: Այդ դեպքում Թուրքիան ԵՄ-ի կազմում կլրացնի ամերիկյան կողմնորոշում որդեգրած երկրների շարքը: Այսպիսով ի չիք կդառնան Թուրքիայի միջոցով ինչպես Մերձավոր եւ Միջին Արեւելք ներթափանցելու, այնպես էլ Անդրկովկասն ու տարածաշրջանի երկրները վերահսկելու ԵՄ-ի բոլոր հաշվարկները:

Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ ԵՄ-ի համար անընդունելի է ոչ թե Թուրքիան, այլ նրա ԱՄՆ-ի լիազոր ներկայացուցչի կարգավիճակը: Ըստ երեւույթին դրա հետ դեռեւս չի համաձայնում նաեւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը, որ ո՛չ թուրք-ամերիկյան տարաձայնություններն են հաղթահարվում, ո՛չ էլ ԵՄ-ը Թուրքիային անդամակցության երաշխիքներ է տալիս:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4