Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության ավարտական տուրից առաջ մրցաշարում բավական հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել: 12-րդ տուրում աղյուսակը գլխավորող 7 շախմատիստներից միայն Ալեքսանդր Բելյավսկին ու Դիտեր Նիսիպիանուն հաղթանակներ տոնեցին: ԽՍՀՄ նախկին չեմպիոն Բելյավսկին, որ ներկայացնում է Սլովենիան, սեւ խաղաքարերով պարտության մատնեց գրեթե ողջ մրցաշարում առաջատարի դերը ստանձնած Սերգեյ Կարյակինին: Ինչպես երեւում է, 15-ամյա ուկրաինացի գրոսմայստերը չի դիմանում պայքարի լարվածությանը եւ վերջնագծում արդեն 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Ռումինացի Նիսիպիանուն սպիտակներով հաղթեց մեկ այլ ուկրաինացուՙ Պավել Էլյանովին: Այս հաղթանակների շնորհիվ Նիսիպիանուն եւ Բելյավսկին 9-ական միավորով գլխավորեցին աղյուսակը: Հետաքրքրականն այն է, որ վերջին տուրում նրանք մրցելու են միմյանց հետ, ընդ որում սպիտակներով խաղալու է Բելյավսկին: Այդ մրցախաղում հաղթանակի արժեքը շատ բարձր կլինի, քանի որ հաղթողը կհռչակվի Եվրոպայի չեմպիոն: Իսկ եթե նրանց մրցավեճն ավարտվի ոչ-ոքի, ապա չեմպիոնության համար մրցապայքարին կարող են խառնվել 8,5-ական միավոր ունեցող Կարեն Ասրյանը, Լեւոն Արոնյանը, Վասիլի Իվանչուկը, Թեյմուր Ռաջաբովը եւ Ալեքսանդր Մոիսենկոն: Այդ դեպքում չեմպիոնի կոչման համար հարկ կլինի լրացուցիչ մրցախաղ անցկացնել:
12-րդ տուրում Ասրյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Եվրոպայի չեմպիոն Վասիլի Իվանչուկի հետ, իսկ Արոնյանը սպիտակներով հաղթեց Ալեքսեյ Ֆյոդորովին: Մեր երկու շախմատիստները հիանալի հնարավորություն ունեն պայքարելու մրցանակային տեղերի համար: Ցավալին միայն այն է, որ ավարտական տուրում վիճակահանության քմահաճույքով Արոնյանն ու Ասրյանը մրցելու են միմյանց հետ, ուստի միավորների կորուստն անխուսափելի է: Առաջնության պարգեւների բաշխման հարցում վճռորոշ նշանակություն կունենան նաեւ Մոիսենկո-Իվանչուկ, Դրեեւ-Ռաջաբով, Սոկոլով-Տիվյակով, Միլով-Յակովենկո, Էլյանով-Բալոգ, Չանգ-Կարյակին պարտիաները:
Նախավերջին տուրում հայ շախմատիստներից հաղթանակներ տոնեցին Արտաշես Մինասյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Մովսիսյանն ու Նալբանդյանը պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ Անաստասյանը, Լպուտյանն ու Բաբուջյանը պարտվեցին: Նշված շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Մինասյանն ու Մովսիսյանըՙ 7,5-ական միավոր:
Հիշեցնենք, որ բացի առաջնության պարգեւներից, շախմատիստները Վարշավայում վիճարկում են նաեւ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի 34 ուղեգրերը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ