Էրդողան. «Որեւէ մեկը չի կարող Թուրքիային պարտադրել բացելու Հայաստանի հետ սահմանը»
Եվրոմիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը հայտարարել է, որ Թուրքիան պետք է բարելավի հարաբերությունները Հայաստանի հետ եւ բացի սահմանները: Նա, ըստ «Մեդիամաքսի», ասել է, որ սահմանի բացումը շահավետ կլինի նաեւ Թուրքիայի արեւելյան նահանգների համար:
Անցած շաբաթ Բաքվում Թուրքիայի վարչապետը հավաստիացրել էր, որ որեւէ մեկը չի կարող Թուրքիային պարտադրել բացելու Հայաստանի հետ սահմանը: Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերով, «այսպես կոչված հայերի ցեղասպանությունը» ճանաչելը կամ չճանաչելը եւ Հայաստանի հետ սահմանի բացումը Թուրքիայի ներքին գործն է. «Այդ հարցերով որոշումներ ընդունում է ոչ թե ԵՄ-ն, այլ Թուրքիան: Մենք լավ գիտենք, թե ինչ որոշում կընդունենք»:
Եվրոխորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նիստում Օլի Ռենը նշել է, որ «1915-1916 թթ. իրադարձությունների» ճանաչումը նախապայման չէ Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցություններ սկսելու համար: ԵՄ հանձնակատարն ափսոսանք է հայտնել, որ թուրքական իշխանությունները հետաձգել են Բոսֆորի համալսարանում այդ հարցի շուրջը պատմական կոնֆերանսի անցկացումը:
Ռենն ասել է, որ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունների նախորդ շաբաթ ընդունված ձեւաչափն ամենախիստն է ԵՄ ընդլայնման ողջ պատմության ընթացքում: Նրա խոսքերով, հաշվի առնելով ընդլայնման նախորդ փուլի փորձը, «մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու իրական քայլերին եւ գործերին, քան պարտավորություններին եւ խոսքերին»: