Ի տարբերություն զինվորականների, միլիցիոներները հաճախ չեն թղթին հանձնում իրենց հիշողությունները: Գուցե մտածում են, որ իրենց գործը հեռու է ռոմանտիզմից, ակադեմիական հայրենասիրությունից, վսեմ անձնազոհությունից, մեծ քաղաքականությունից: Դժվար է ասել: Բայց ահա պաշտոնաթող գնդապետ, Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության նախկին աշխատակից Գառնիկ Ոսկանյանը մայրենի լեզվով գիրք է հրատարակելՙ հայ ընթերցողներին ներկայացնելով վերջին տասը տարվա իր գործունեության առանձին դրվագներ (գիրքը կարելի է ձեռք բերել Երեւանի գրախանութներում): Ի՞նչն է դրդել նրան դիմելու իրոք միլիցիոներներին ոչ այնքան հատուկ այդ նախաձեռնությանը: Այս հարցով սկսվեց մեր զրույցը գրքի հեղինակի հետ:
- 90-ական թթ. աշխատելով ՌԴ ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումներում, ես ղեկավարել եմ յուրահատուկ մի ծառայությունՙ էթնիկ հանցախմբերի (հիմնականում կովկասյան) դեմ պայքարի բաժանմունքը: Խորհրդային Միության փլուզումից հետո Անդրկովկասից Ռուսաստան ու հատկապես նրա մայրաքաղաք Մոսկվա տեղափոխվեցին ոչ միայն հացի կարոտ դարձած մարդիկ, այլեւ հանցագործ տարրերի ստվար մի բանակ (Հայաստանից նրանք նաեւ վտարվեցին ՀՀ ՆԳՆ այն տարիների նախարարի ջանքերով): Բռնությամբ ուրիշի հաշվին ապրող այդ ձրիակերները սնանկացած հայրենիքում չկարողացան «ապրել», եկան համեմատաբար բարեկեցիկ երկիր եւ ստեղծելով ազգային առումով միատարր հանցախմբեր, եղկելի գործունեություն ծավալեցին առաջին հերթին տեղի ազգային գործարար շրջանակներում: Դրանց ահաբեկումների, շանտաժի, սպանությունների, պատանդառության զոհն էին դառնում ամենատարբեր մասշտաբի ու բնույթի բիզնեսմեններ: Եվ երբ այսօր լսում եմ, որ հայ քրեականների մի մասը կամաց-կամաց «աննկատ» վերադառնում է Հայաստան եւ նորեն բնավորվելով այնտեղ, շարունակում է իր մեղսագործությունները, խոր դառնություն եմ ապրում: Գրքում բերվում են պատմություններ Մոսկվայում կովկասցի, այդ թվում նաեւ հայ քրեականների դեմ մղված պայքարից: Ամեն ինչ իրական է, ոչինչ հնարված չէ, գեղարվեստականացված կամ պատկերավորված: Եվ թող ընթերցողները տեսնեն, թե ովքեր են վերադառնում իրենց «պատմական» հայրենիք:
- Վերջերս Երեւանում էի, եւ մի գիշեր քաղաքում կրակոցների ձայներ լսվեցին: Հաջորդ օրը շատերից լսում էի, որ իրենց հարաբերություններն են պարզել տարբեր քաղաքական ուժերի ու տնտեսական խմբերի շահերը ներկայացնող քրեական խմբավորումները: Ես փաստեր չունեմ պնդելու, թե դա այդպես է, բայց որ ժողովրդի մեջ այդ մտայնությունը կա, արդեն լավ նշան չէ:
- Տասը տարուց ավելի Մոսկվայում մաքառելով դրանց դեմ, անգիր գիտեմ դրանց ցածր էությունը. այդ ոճրագործները եթե նույնիսկ Հայաստան բերեն Ռուսաստանում «արյամբ վաստակած» փողերը, միեւնույն է, օրինական տնտեսության մեջ չեն ներդնի, կօգտագործեն միայն քրեական ու ստվերային բիզնեսում: Ես միշտ ասել եմՙ նրանք ոչ մի լավ բան չտվեցին Ռուսաստանին, ռուսահայերին, ոչինչ չեն տա Հայաստանին:
- Ինչո՞ւ օրենքով գողերի, քրեական հեղինակությունների մեծ մասը կովկասցիներ ենՙ հիմնականում վրացիներ ու հայեր:
- Դա հետեւանք է առհասարակ օրենքի նկատմամբ կովկասցիների արհամարհական վերաբերմունքի: Տակավին խորհրդային տարիներին նրանք եղել են քրեական աշխարհի «հայրերը», գողական գաղափարների կրողները: Տարածաշրջանում, այդ թվում, ցավոք, նաեւ Հայաստանում նույնիսկ ստեղծվել է «ակնածալից» վերաբերմունք այդ անձանց նկատմամբ: Մարդիկ ոչ այնքան վախենում են նրանցից, որքան արժանապատվությունից ցածր են համարում դիմել համապատասխան ուժային մարմիններին, ինչն էլ լկտի է դարձնում քրեականներին: Երբեմն մտածում եսՙ արդյոք դրա՞նք էին պակասում հազիվ ծայրը ծայրին հասցնող, իրենց ամենահրատապ կենսական խնդիրների մեջ խրված տեղացիներին: Չէ՞ որ մինչեւ վերջերս Հայաստանը քրեական մթնոլորտի առումով համարվում էր ամենաապահովներից մեկը ԱՊՀ երկրներում: Ինձ միշտ զայրացնում է, երբ Երեւանում, երբեմն նույնիսկ բավականին բարձր մակարդակով մարդկանցից լսում եմ, թե իբր այսինչ օրենքով գողը կամ քրեական հեղինակությունը... լավ տղա է: Ինձ անհասկանալի էՙ ինչպես կարող է «լավը» լինել մարդասպան, թալանչի, առեւանգող, շանտաժիստ: Թող ընթերցողները ծանոթանան գրքիս «հերոսների» հետ եւ կարծիք հայտնեն, թե ինչքանով են նրանք դրական: Առհասարակ ոչ մի քաղաքակիրթ ազգ չի կարող հանդուրժել օրենքով գողերի առկայությանը:
- Ինչքան գիտեմ, ձեր անվան շուրջը ժամանակին Հայաստանում լուրեր էին տարածում, իբր Մոսկվայում դուք գերազանցապես հայերի եք նստեցնում:
- Ես իմ արժանապատվությունից ցածր կհամարեի արդարանալ նրանց առաջ: Ինձ համար հանցագործն ապազգային տարր է: Իմ ձեռքով օրինականորեն պատժված հայազգի բանդիտների զոհերի գերակշիռ մեծամասնությունն ազնիվ հայ մարդիկ են եղել: Եթե հայ ավազակները Մոսկվայում առեւանգում են հայ բիզնեսմենի փոքրիկ աղջկան եւ բռնաբարության սպառնալիքով փրկագին պահանջում նրա կիսամեռ ծնողներից, ինչ է, պետք է ներողամի՞տ լինել, որ այդ արնախումների ազգանունն էլ ավարտվում է «յան»-ով: Եթե հայ բանդիտներն այդ օտար հողում ավազակային հարձակում են գործում ռուս վարորդի, ճապոնացի լրագրողի վրա, գողանում են ճանաչված նկարչի կտավները (բերում եմ սոսկ գրքի օրինակները), պետք է նրանց ճակա՞տը համբուրել, որ հայ են:
- Այդ իմաստով «ամենահայատյաց» կարելի է համարել հայաստանցի միլիցիոներներին: Պրն Ոսկանյան, իսկ ինչո՞վ են առանձնանում էթնիկ հանցախմբերը:
- Հանցախմբի անդամները պատկանում են նույն ազգին եւ որպես կանոն ոչ միայն լավ գիտեն իրար, այլեւ, ինչպես ասում են, գիտեն ազգուտակով եւ փորձում են զգույշ լինել իրար նկատմամբ: Լեզվի, հոգեբանության, կենսակերպի ընդհանրությունը հեշտացնում է բանդիտների գործը եւ նրանց դարձնում հանդուգն ու նվազ խոցելի: Առանց դժվարության տեղեկություններ են հայթայթում տեղի հաջողակ հայրենակից բիզնեսմենների մասին եւ բռնությամբ շատերին ստիպում են աշխատել իրենց օգտին: Էթնիկ հանցախմբերի պարագլուխները ոչ միայն խուսափում են փոխադարձ կոնֆլիկտներից, այլեւ իրար «ծառայություններ» են մատուցում: Ես գրքում մի օրինակ եմ բերել, երբ հայ քրեականները չեչեններին խնդրում են ահաբեկել մի ընտանիքի, որից հետո իրենք հանդես են գալիս «բարերարի» դերով, բնականաբար, քրեականի շահախնդրությամբ: Այդ ճանապարհով նրանք կարող են նաեւ «տանիք» ծառայել թակարդի մեջ ընկած գործարար մարդու համար: Չեչենական խմբավորումներ կային, որոնց բոլոր անդամներն իրար կապված էին մերձավոր ազգակցական-բարեկամական կապերով: Փորձիր իմանալ, թե նրանցից ով որտեղ է եղել հանցագործության պահին:
- Ասում ենՙ մաֆիան անմահ է:
- Միայն միամիտ մարդը կարող է ասել, թե հնարավոր է լրիվ վերացնել հանցաշխարհը: Բայց կարելի է վերահսկել ու նվազագույնի հասցնել նրա գործունեությունը: Այս իմաստով պետք է անողոք լինի հատկապես կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարը, որովհետեւ այդ հանցավոր հանրության ներկայացուցիչները, ստեղծելով համապատասխան կառույցներ եւ կուտակելով ապօրինի ճանապարհով ձեռք բերված հսկայական նյութական միջոցներ, խցկվում են քաղաքականության մեջՙ իրենց մարդկանց տեղավորելով իշխանական մարմիններում: Նման օրինակներ Ռուսաստանումՙ ինչքան ուզես:
- Եվ վերջին հարցըՙ ինչո՞ւ է ձեր գիրքը հրատարակվել Ռուսաստանի հայերի միության անունից:
- Ներկայումս ես համարվում եմ միության նախագահ Արա Աբրահամյանի խորհրդականն անվտանգության հարցերով: Իրավական աջակցություն ենք ցույց տալիս դրա կարիքն ունեցող հայերինՙ տեղացի թե հայաստանցի, օգնում ենք իրավապահ մարմիններին քրեականների հետ ունեցած խնդիրներում:
Հարցազրույցը վարեց ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, Մոսկվա