«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2005-07-02 | #123, 2005-07-06 | #124, 2005-07-07


«ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ» ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ

Ազատ արտահայտվելու միջոցով Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու Երեւանի մամուլի ակումբի առաջարկած նախագծով անցած տարվա հոկտեմբերի 4-ից հայկական 2-րդ հեռուստաալիքով հեռարձակվեց «Մամուլի ակումբ» հաղորդաշարը: Սկզբում 2 շաբաթը մեկ, հետոՙ ամեն երկուշաբթի, հաղորդմանը մասնակցած առաջատար լրատվամիջոցների ղեկավարները, լրագրողներն ու լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկեցին հանրային հետաքրքրություն ունեցող քաղաքական հրատապ հարցերը, ինչպես նաեւ լրատվության ոլորտում առկա խնդիրները: Հուլիսի 11-ին եթեր դուրս կգա վերջինՙ ամփոփիչ հաղորդումը, որը կնվիրվի Երեւանի մամուլի ակումբի 10-ամյա գործունեությանը: Ինչո՞վ առանձնացավ «Մամուլի ակումբը» քաղաքական մյուս հաղորդումներից, ի՞նչ արձագանքներ ունեցավ, ի՞նչ տվեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին, այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանի եւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ, նախագծի հեղինակ Բորիս Նավասարդյանի հետ:

Աշոտ Մելիքյան - Իմ կարծիքով այս նախագիծը Երեւանի մամուլի ակումբի հաջողված նախագծերից էր, որը լրագրողների համար ստեղծեց բաց ամբիոն, որտեղ նրանք համարձակորեն խոսեցին թե՛ իրենց մտահոգող, թե՛ տվյալ պահին հրատապ համարվող հարցերի մասին: Նկատելի էր, որ քննարկվող թեմաների կամ խնդիրների վերաբերյալ լրագրողներն իրենց մտքերն ավելի անկաշկանդ էին արտահայտում հաղորդման ժամանակ, քան իրենց հրապարակումներում, որովհետեւ առաջին դեպքում նրանք հանդես էին գալիս իրենց անունից եւ պարտադրված չէին իրենց խոսքը նույնացնել իրենց լրատվամիջոցի գաղափարական ուղղվածությանը:

Ի՞նչ արձագանքներ ունեցավ հաղորդաշարը: Հ2 հեռուստաալիքի տվյալներով, քաղաքական հաղորդումների մեջ «Մամուլի ակումբը» ամենամեծ վարկանիշ ունեցողն էր: Անձամբ ինձ համար գնահատելի էր հաղորդման բերած թարմությունը. հայկական հեռուստատեսության բավականին գորշ եթերից վերջապես հնչեցին համարձակ մտքեր, որ երկար ժամանակ կուտակվել էին լրատվամիջոցների ղեկավարների ու լրագրողների մեջ եւ ազատորեն արտահայտվելու տեղ էին փնտրում: Մեր սկզբունքի համաձայն, առաջին հերթին հրավիրում էինք լրատվամիջոցների ղեկավարներին, հետոՙ առաջատար լրագրողներին եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Չկա որեւէ աչքի ընկնող լրատվամիջոց, որին հրավիրած չլինենքՙ սկսած Հ1 հեռուստաընկերությունից մինչեւ «Հայկական ժամանակ» օրաթերթ, այլ հարց է, որ ոչ բոլոր ղեկավարներն են մասնակցելու ցանկություն հայտնել: Մենք կամենում էինք հաղորդմանը մասնակից դարձնել թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ կեցվածք ունեցողներին, եւ վստահաբար կարող եմ ասել, որ որեւէ խտրականություն չի դրվել: Այդուհանդերձ, բազմաթիվ լրատվամիջոցների ղեկավարներՙ Հ1, «Հայաստանի Հանրապետություն», «Հայկական ժամանակ», «Արմենպրես», «Գոլոս Արմենիի», «Նովոյե վրեմյա» եւ այլն, այդպես էլ չմասնակցեցին հաղորդմանը, բերելով տարբեր պատճառաբանություններՙ մեկը նախընտրում էր կիրակի օրը հանգստանալ, մյուսըՙ իր ասելիքն ասել սեփական լրատվամիջոցով, մեկ ուրիշը պնդում էր, թե կաշկանդվում է հեռուստախցիկի առջեւ կամ լավ չի տիրապետում գրական հայերենին եւ այլն: Նշածս լրատվամիջոցներից լրագրողներ մասնակցել են, բացի «Հայկական ժամանակից»: Անընդունելին այն էր, որ հրավիրվածներից ոմանք խոստանում էին գալ, բայց մինչեւ վերջին պահը չէին հայտնվում եւ փաստորեն հաղորդումը հասցնում էին տապալման եզրին: Այնպես որ, հաղորդումը պատրաստելն այնքան էլ դյուրին չէր եւ առաջին փուլից հետոՙ դեկտեմբերի վերջից, որոշեցինք հրավիրել միայն ազատ խոսելու եւ արտահայտվելու ցանկություն ունեցողներին: Այդպես ձեւավորվեց հաղորդման մասնակիցների հիմնական կորիզը, որը եւ ժամանակ առ ժամանակ հրավիրվում էր:

Ընդհանուր առմամբ ունեցանք 32 հաղորդում, վերջինը կլինի հուլիսի 11-ին եւ կնվիրվի Երեւանի մամուլի ակումբի գործունեության 10-ամյակին:

Ավելորդ մեկնաբանությունների տեղիք չտալու նկատառումով նշեմ, որ հաղորդաշարը փակվում է ոչ թե որեւէ մեկի թելադրանքով կամ պահանջով, այլ ընդամենը նախագիծն ավարտվեց: Դրա հաջողված լինելը հաշվի առնելով, այժմ մտածում ենք նոր հեռուստահաղորդում սկսելու մասին, որը կիրականացնենք որեւէ դոնոր կազմակերպության աջակցությամբ:

Բորիս Նավասարդյան - «Մամուլի ակումբ» հաղորդաշարին միայն լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրելու գաղափարի հիմքում կային մի քանի պատճառներ: Առաջինն այն էր, որ լրագրողներն իրենց ասելիքը լրատվամիջոցներով արտահայտելուց բացի կարիք ունեն շատ հարցեր միասնաբար քննարկելու, երկրորդը Հայաստանում վերջին տարիներին գոյացած լուրջ խնդիրն էՙ կապված հանրային քաղաքականության եւ մշակույթի զարգացման հետ, ինչն արտահայտվում է մեր քաղաքական գործիչների վարքագծով: Ակնհայտ է, որ նրանց մեծ մասը շատ անգամ խուսափում է անկեղծ ու բաց խոսել հասարակությանը հուզող խնդիների մասին: Նրանք հրապարակային ելույթներով հանդես են գալիս միայն այն ժամանակ, երբ իրենց է պետք, եւ այն թեմաներով, որոնք հետաքրքրում են սոսկ իրենց, այլ ոչ թե հասարակությանը: Հաղորդաշարով ցանկանում էինք ցույց տալ, որ մեր հասարակության մեջ կա մի խավ, որն անկախ իր քաղաքական հայացքներից ու մոտեցումներից, կարող է հանգիստ եւ քաղաքակիրթ մթնոլորտում քննարկել բազմաբնույթ հարցեր, ազատորեն արտահայտել իր կարծիքներն ու տեսակետները: Քանի որ մեր մամուլում ներկայացված են քաղաքական դաշտում առկա բոլոր հոսանքները, մենք ապացուցեցինք, որ Հայաստանում հնարավոր է ունենալ ազատ ամբիոն, որտեղից կարելի է լսել բազմազան կարծիքներ:

Ինչո՞ւ ենք այս փուլում դադարեցնում հաղորդումը: Կարծում ենք, որ կարելի է գտնել հաղորդման մեկ այլ ձեւաչափ, որը հնարավորություն կտա մասնակից դարձնել նաեւ հասարակության այլ խավերի ներկայացուցիչներին, գուցե կձեւավորվի քաղաքական գործիչների խումբ, որոնք մշտապես պատրաստ կլինեն խոսելու ընտրողների, քաղաքական համախոհների ու հակառակորդների հետՙ առանց վիրավորանքների, արհամարհանքի եւ ավելորդ արտահայտությունների: Մեր հաղորդումն այս առումով հակակշիռ ստեղծեց ներկայիս քաղաքական դաշտում եւ ունեցավ առողջարար ներգործություն:

Նախագծի առաջին փուլում աջակցություն ստացանք «Արտիկլ-19» կազմակերպությունից, երկրորդ փուլումՙ «Բաց հասարակության ինստիտուտից»: Ընթացքում համոզվեցինք, որ ձեւավորված լսարանը հետաքրքրել է որոշակի գովազդատուների, ինչը վկայում է, որ կոմերցիոն հիմքերի վրա կարող են դրվել ոչ միայն զվարճալի, այլեւ քաղաքական լուրջ հարցեր շոշափող հաղորդումները: Պարզապես այս փուլում մի քիչ ռիսկային է այդպիսի զգայուն թեմաների անդրադարձող հաղորդման մեջ թույլատրել գովազդատուի մուտքը, ինչը մեզանում կախում ունի նաեւ քաղաքական դաշտից: Սակայն կոմերցիոն առումով ապահովված եւ բովանդակային առումով անկախ հաղորդման գաղափարը հետաքրքրական է եւ որոշակի հույսեր է տալիս:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4