«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2005-07-06 | #124, 2005-07-07 | #125, 2005-07-08


ՄԵԼԳՈՆՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ ՓԱԿԵԼՈՎ, ԿԻՊՐՈՍՈՒՄ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԼԵԶՎԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԵՐԵՆԸ ԿԹՈՒԼԱՆԱ

Երեւանի Վ. Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը վերջերս վերադարձել է Ստրասբուրգում տեղի ունեցած համաժողովից, որին մասնակցել են Եվրոխորհրդի տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների լեզուների պաշտպանության խարտիային միացած պետությունները: Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցը նրա հետ:

- Ի՞նչ է պարտավորվում անել Եվրոխորհրդի տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների լեզուների պաշտպանության խարտիային միացող պետությունը:

- Եվրոխորհրդի տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների պաշտպանության խարտիային Հայաստանը միացել է 2001 թվականից եւ դարձել լիարժեք անդամ: Առ այսօր խարտիային անդամակցել են 18 պետություններ, Եվրոխորհրդի պետությունների մեծ մասը դեռ չի վավերացրել համաձայնագրերը: Դրա կատարումն իրոք կապված է բավականին լուրջ բարդությունների հետ, պահանջում է եւ բարի կամք եւ ֆինանսական ներդրումներ: Որպես բարի կամքի դրսեւորում բարձր գնահատվեց Հայաստանի օրինակը, նոյեմբերին կքննարկվի մեր երկրի զեկույցը, կգնահատվի մեր պարտավորությունների կատարման աստիճանը: Իրավական առումով խարտիան շատ հետաքրքրական փաստաթուղթ է, նրա պաշտպանության առարկան ոչ թե մարդիկ են կամ համայնքները, այլՙ լեզուները: Պետությունները պարտավորվում են ոչ միայն աջակցել, այլեւ հատուկ պայմաններ ստեղծել լեզուների զարգացման համար, օրինակ, ազգային փոքրամասնություններին ապահովել իրենց մայրենի լեզվով դիմելու պետական ու տեղական մարմիններին, բուժական հիմնարկներին եւ այլոց:

- Ինչո՞ւ է խարտիան անվանվում «տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների լեզուների»:

- Հարցն այն է, որ տվյալ տարածքի ավանդական լեզուները ոչ թե ազգային փոքրամասնության, այլ բնիկ ժողովուրդների լեզուներն են: Դրանք տարբերակելու համար նշվում են ե՛ւ «տարածաշրջանային», ե՛ւ «ազգային փոքրամասնություններ» անվանումները: Յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում լեզուները պաշտպանելու չափը, պարտավորությունների նվազագույն կամ առավելագույն քանակըՙ բարձրագույն կրթության ոլորտում է պարտավորություն վերցնում, թե՞ սահմանափակվում է միջնակարգ կրթությամբ: Վավերացնելով այս համաձայնագիրըՙ Հայաստանը նշել է 5 լեզուներՙ ռուսերենը, քրդերենը, եզդիերենը, հունարենը, ասորերենը եւ հատուկ պարտավորություն վերցրել դրանց համար: Դա, իհարկե, չի նշանակում, որ մյուս ազգային փոքրամասնությունների լեզուներն անտեսվում են, դրանք ուղղակի ստանում են այլ կարգավիճակ, եւ ինչպես նշված է փաստաթղթում, մտնում են 2-րդ եւ 3-րդ մասի լեզուների մեջ, որոնց համար պետք է ստեղծվեն աջակցման եւ զարգացման պայմաններ: Իսկ էթնիկ լեզուների համար պետությունը ստանձնում է շատ լուրջ պարտավորություններՙ ուսուցիչների պատրաստում, դասագրքերի տպագրում, թարգմանությունների ապահովում եւ այլն: Դա նպատակաուղղված է այն բանին, որ ամեն մի տարածաշրջան պահպանի իր ազգային լեզվական ինքնությունը, ինչը համարվում է նաեւ հակամարտությունների լուծման լավագույն ձեւ: Փաստորեն տվյալ տարածքի էթնիկ լեզուն ստանում է համարյա պետական լեզվի կարգավիճակ, մարդիկ կարող են մայրենի լեզվով կրթություն ստանալ, դիմել տեղական իշխանություններին, դրանով վերանում է պետական եւ տարածքային լեզուների հակադրությունը:

Իհարկե, Հայաստանի սոցիալ տնտեսական վիճակն այնպիսին չէ, որ կարողանա այդ ամենն ապահովել, սակայն առկա ցանկությունն ու քաղաքական կամքն արդեն իսկ գնահատելի են:

- Ենթադրելի է, որ մի շարք պետություններում հայերենը պետք է համարվի էթնիկ լեզու: Խարտիային միացած ո՞ր երկրներն են պարտավորություններ վերցրել հայերենի համար:

- Անշուշտ, հայերենը պետք է դիտվի ավանդական լեզուների շարքում: Ցավոք, առայժմ 18 պետություն է համաձայնագիր վավերացրել: Այդ պետությունների մեջ չկան հայաշատ համայնքներ ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսին են Թուրքիան, Վրաստանը, Բուլղարիան, Ռումինիան եւ այլն: Հայերենը հատուկ նշել են 2 պետություններՙ Հունգարիան եւ Կիպրոսը: Հունգարիան հայերենը նշել է որպես 2-րդ մասի, այսինքնՙ ազգային փոքրամասնության լեզու, որի զարգացմանը պետությունը պետք է աջակցի առանց լրացուցիչ պարտավորությունների: Կիպրոսը փաստորեն միակ պետությունն է, որը հայերենը նշել է որպես ավանդական լեզուՙ ստանձնելով նրա պաշտպանությունը: Դրանով Կիպրոսն արտահայտել է իր յուրահատուկ վերաբերմունքը հայ համայնքի, հայ ժողովրդի եւ Հայաստանի հանդեպ: Ինձ որպես Հայաստանի ներկայացուցչի եւ Կիպրոսի ներկայացուցչին հուզում էր այն հարցը, որ վտանգված են հայերենի նկատմամբ Կիպրոսի միջազգային պարտավորությունն ու կրթական քաղաքականությունը: Կիպրոսի իշխանությունների համար Մելգոնյան վարժարանը բավականին զգայուն թեմա է, նրանք շահագրգռված են այդ հաստատության պահպանմամբ եւ նույնիսկ մտադիր են ստեղծել հայագիտական կենտրոն: Կան գաղափարներ հայերենը դարձնելու ոչ միայն միջնակարգ, այլեւ բարձրագույն կրթության լեզու, Կիպրոսի համալսարաններում բացելու հայագիտական ամբիոններ եւ սերտ կապեր հաստատելու Հայաստանի հետ: Զրկվելով այդ վարժարանից, Կիպրոսի հայ համայնքի երեխաներն այլեւս հնարավորություն չեն ունենա մայրենիով միջնակարգ կրթություն ստանալու, իսկ դա նշանակում է, որ հայերենի մասնագետների պակասի պատճառով կսահմանափակվի համալսարանական ամբիոնների ստեղծումը, կթուլանա Կիպրոսի հայ համայնքի ավանդական կապը Միջին Արեւելքի եւ Եվրոպայի հայ համայնքների հետ: Չէ՞ որ իր համալսարանների կրթական բարձր որակով Կիպրոսը միշտ միջանկյալ դեր է խաղացել Արեւելքի հայությանը Եվրոպայի հետ կապելու առումով: Այս տարի Մելգոնյան վարժարանում ուսանողներին չգրանցելու փաստը խիստ մտահոգել է Կիպրոսի իշխանություններին, կրթօջախը դադարում է գոյություն ունենալուց եւ փաստորեն կտրվում է հայերենի հետ ավանդական կապը: Կարծում եմ, դա շատ լուրջ խնդիր է, որը վերաբերում է ոչ միայն Կիպրոսին: Եթե մենք մտածում ենք Եվրոպայում հայերենի նոր կարգավիճակի մասին, պետք է գիտակցենք, որ Եվրոխորհրդի անդամ դառնալով հայերենին տվել ենք եվրոպական լեզվի կարգավիճակ, հետեւաբար պետք է եվրոպացիների համար հայերեն սովորելու պայմաններ ստեղծենք: Այդ հարցում մենք բավականին հետ ենք, դրա մասին է վկայում Մելգոնյան վարժարանի օրինակը: Այնտեղ հայագիտական ուսումնասիրությունները խորացնելու փոխարեն փակելու որոշում կայացվեց: Մեր հասարակությունն անպայման պետք է իմանա, թե այս հարցի նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունեն Կիպրոսի պետական ղեկավարներն ու հասարակության անդամները, որոնք ուշադիր հետեւում են բոլոր դատավարություններին, գիտեն ինչ է կատարվում ներկա պահին: Իհարկե, կան համատեղ կանոնադրական եւ իրավաբանական խնդիրներ, սակայն դա ամենից առաջ բարոյական խնդիր էՙ կապված հայերենի եւ կրթության զարգացման հետ: Մենք պարտավոր ենք զգոն լինել, նկատի ունենալով, որ հայերենը որպես ավանդական լեզու գրանցած Կիպրոսին հետագայում կհետեւեն լեզվի խարտիային միացող այլ պետություններ, որոնց համար շատ դժվար կլինի Կիպրոսի օրինակին հետեւելը:

Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4