33 տարվա պատմություն ունեցող «Միսս ինտերկոնտինենտալ (միջմայրցամաքային)» գեղեցկության մրցույթը, որը հիմնականում անցկացվել է Գերմանիայում, այս տարի կանցկացվի Չինաստանում` հուլիսի 30-ին, որին առաջին անգամ կմասնակցի նաեւ Հայաստանը: Երեկ «Միսս Հայաստան» ազգային գործակալության հրավիրած ասուլիսում գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը նշեց, որ «Միսս ինտերկոնտինենտալ» մրցույթը բավական հեղինակավոր է, քանի որ դրան մասնակցում են 70 երկրներ, եւ այս 34-րդ մրցույթին Հայաստանը կներկայացնի «Միսս Հայաստան-2003», «Միսս տուրիզմ 2004» մրցույթների հաղթող Անուշ Գրիգորյանը:
Պրն Արիստակեսյանի խոսքերով, 3 ամիս առաջ մրցույթին մասնակից երկրների ներկայացուցիչների նկարները տեղադրվել են www. intercontinental. com ինտերնետային էջում, եւ հունիսի 20-ից հուլիսի 29-ը մասնակիցների երկրպագուները կարող են նշված էջի միջոցով քվեարկել այս կամ այն գեղեցկուհու օգտին: Նախապես կազմակերպված այս մրցույթի նպատակը «Միսս ինտերկոնտինենտալ» մրցույթում «Միսս ֆոտոգենիկ» անվանակարգի հաղթողին նախօրոք ընտրելն է: Ի դեպ, քվեարկությունը վճարովի է, այն էլ եվրոյով, սակայն գործակալության նախագահի խոսքերով քվեարկությունը շատ կարեւոր է եւ հարկ է, որ բոլորս էլ դրան մասնակցենք:
Ըստ քվեարկության, մասնակից 70 երկրներից 14-ն էին երեկվա տվյալներով ձայներ հավաքել, որոնց թվում առաջատարն է Իսլանդիան, ապա ԱՄՆ-ն, իսկ Հայաստանն ու Կուբան միասին նույն հորիզոնականում են` 0,3 տոկոսներով:
Մրցույթը, որը տեղի կունենա հուլիսի 30-ին տեղական ժամանակով ժամը 15.00-ին, Չինաստանի Վուանգշանի մարզադաշտում, պրն Արիստակեսյանի խոսքերով, կցուցադրվի նաեւ Հայաստանում: «Միսս ինտերկոնտինենտալ» մրցույթին նախկին խորհրդային երկրներից կմասնակցեն նաեւ Ադրբեջանը` ազգությամբ ռուս ներկայացուցիչով, առաջին անգամ Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Վրաստանը եւ Գերմանիան` թուրք ներկայացուցիչով: Մրցույթը կունենա նաեւ «Միսս ֆոտոգենիկ», «Միսս կատարելություն», «Միսս ինտերնետ», «Միսս երեկոյան զգեստ», «Միսս տարազ» անվանակարգեր:
«Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրենը կարծում է, որ Հայաստանը ներկայացնող Անուշ Գրիգորյանը հավակնում է լավագույնների մեջ լինել: «Հայաստանը չի ամաչելու այս մրցույթում
Անուշ Գրիգորյանի դեպքում», համոզված է Կարեն Արիստակեսյանը: Գեղեցկուհին սակայն խոստովանեց, որ ըստ նկարներիՙ մրցույթին մասնակից գեղեցկուհիները շատ են, իսկ ավելի օբյեկտիվ գնահատական կարող է տալ նրանց առերես տեսնելուց հետո միայն:
Անուշ Գրիգորյանը մրցույթին կներկայանա նաեւ դիզայներ Գեւորգ Շադոյանի կարած ազգային տարազով, որը նրա «Ժամանակակից հայկական հարսանիք» հավաքածուից է: Հեղինակի մեկնաբանմամբ քավոր կնոջ հագուստ ներկայացնող տարազը դասական ոճով է, շորի ձեւվածքը Սեբաստիայի շրջանից է, նախշերը հին հայկական կարպետից են վերցված, իսկ մնացած նախշերից յուրաքանչյուրը ինչ-որ բանի, օրինակՙ տան պահպանման, խաչի խորհրդանիշ է:
Վերջում նշենք, որ տարեվերջին Չինաստանում կանցկացվեն նաեւ «Միսս թոփ-մոդել» եւ «Միսս աշխարհ» մրցույթները:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ