«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2005-07-06 | #124, 2005-07-07 | #125, 2005-07-08


ՎԵՐՋԻՆ ՓՈՐՁԱՄՐՑՈՒՄԸ

Հուլիսի 13-ին ՀՀ չեմպիոն «Փյունիկը» չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Ֆինլանդիայում մրցելու է «Հակայի» հետ: Այդ խաղից առաջ «Փյունիկը» Հայաստանի առաջնությունում իր վերջին փորձամրցումն անցկացրեց «Լեռնագործի» հետ: Վերջինս առաջնությունում ակնհայտ հետնապահն է, ուստի «Փյունիկի» համար այդ հանդիպումը չէր կարող դիտվել որպես ուժերի գլխավոր ստուգատես: «Փյունիկը», որ Հենկ Վիսմանի գլխավորությամբ անցկացրած չորս խաղերից միայն մեկում էր հաղթելՙ խփելով ընդամենը մեկ գնդակ, այս անգամ աչքի ընկավ արդյունավետությամբ: Չեմպիոնը 5 անպատասխան գնդակ խփեց «Լեռնագործի» դարպասըՙ կրկնելով ընթացիկ առաջնությունում «Կիլիկիայի» արդյունավետության ռեկորդը: Ի դեպ, «Կիլիկիան» էլ հաղթել էր «Լեռնագործին» նույնպիսի 5-0 հաշվով: Փյունիկցիներից երկուական գոլ խփեցին Աղվան Մկրտչյանն ու Տիգրան Դավթյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մամադու Դիավարան:

Չնայած արդյունավետ խաղին, Հենկ Վիսմանին մտահոգում է հարձակման գծի խաղը: «Ազգի» թղթակցի հետ զրույցում Վիսմանը նշեց, որ առայժմ ցածր է գոլային պահերի օգտագործման տոկոսը, ուստի թիմն արդյունավետ հարձակվողների կարիք է զգում: Մարզիչները փորձարկել են մի քանի խաղացողների, սակայն նրանք չեն արդարացրել սպասելիքները: Այնպես որ, «Փյունիկը» ստիպված կլինի ապավինել սեփական ուժերին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4