ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, 1998 թ. առ այսօր անշարժ գույքի գրանցման ծրագրով իրականացվել են 233,8 մլն դրամ գումարի աշխատանքներ: 2000-2004 թվականներին քարտեզագրման աշխատանքներ են իրականացվել ԼՂՀ 5 շրջանների 85 գյուղական համայնքներում եւ Ասկերան համայնքում: Թվայնացվել եւ ստեղծվել են այդ համայնքների կադաստրային թվային քարտեզները: 2001 թվականին ԼՂՀ շրջաններում եւ մայրաքաղաք Ստեփանակերտում կատարվել է քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող տնամերձերի եւ վարելահողերի բնակարանների եւ բնակելի տների նախնական հաշվառում: Հաշվառվել եւ գնահատվել են 13030 միավոր տնամերձ եւ վարելահող, 4175 միավոր բնակելի տուն եւ բնակարան:
2002-2004 թթ. կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին գրանցման աշխատանքներ են իրականացվել ԼՂՀ 71 համայնքներում: 2004 թվականին անշարժ գույքի նկատմամբ իրականացված իրավունքների պետական գրանցումների քանակի վերլուծությունը ցույց է տալիս, որ ամենամեծ թվով գրանցում կատարվել է Ստեփանակերտ քաղաքում եւ Ասկերանում, ամենացածր ցուցանիշը Շուշիի շրջանում է:
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետգրանցման գործընթացին զուգահեռ ակտիվացել է նաեւ անշարժ գույքի հետ կապված գործարքների ոլորտը: Այս ուղղությամբ գործարքների քանակը 2000 թվականի համեմատ աճել է 3,5 անգամ:
Վարձակալության համար որպես ակտիվ անշարժ գույքի տեսակներ հանդես են գալիս Ստեփանակերտում` հասարակական նշանակության օբյեկտները, իսկ շրջաններում` գյուղատնտեսական նշանակության հողերը: Ամենացածր թիվը կազմում են օգտագործման գործարքները, ընդ որում այս թիվը նվազման միտում ունի: 2003 թվականի նկատմամբ 2004-ին կրկնակի աճել է գրավադրման գործարքների թիվը: Դրանց հիմնական մասը տեղի է ունեցել Ստեփանակերտ քաղաքում: Այսպես, 2004-ին կնքված 395 գործարքից 327-ը կնքվել է Ստեփանակերտում:
Անշարժ գույքի շուկայում գնային ամենամեծ փոփոխությունը տեղի է ունեցել բազմաբնակարան շենքերի եւ բնակելի տների շուկայում: Մասնավորապես 2003 թ. բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մետր տարածքի միջին արժեքը Ստեփանակերտ քաղաքում 105 ամերիկյան դոլար էր, ընդ որում նվազագույն եւ առավելագույն արժեքները տատանվում էին 70-140 դոլարի սահմաններում: Անցած տարում այս թվերը փոփոխվել են ավելի քան 40 տոկոսով: 2004-ին 1 քառ. մետրի միջին արժեքը 147,5 դոլար էր, նվազագույնը 85 դոլար, առավելագույնը 210 դոլար:
Գների ամենամեծ տատանումը տեղի է ունեցել Շուշի քաղաքում: Փոփոխությունը 2003-2004 թվականների կտրվածքով 2,4 անգամ է: Նվազագույն արժեքը Շուշիում 2003 թվականին ընդամենը 7 դոլար էր, 2004-ին այն արդեն կազմում էր 16 դոլար: Համապատասխան աճ գրանցվել է նաեւ բնակելի տների առք ու վաճառքի շուկայում: Տոկոսային հարաբերությամբ այս ոլորտում ամենամեծ աճը տեղի է ունեցել Շուշի քաղաքում: 2003 թվականին 200 քառ. մետր շինությամբ եւ 1000 քառ. մետր տնամերձով գույքի միջին արժեքը Շուշիում 1100 դոլար էր: 2004 թվականին այդ թիվը հատել էր 2100 դոլարի սահմանը: Չնայած նման աճին, անշարժ գույքը Շուշիում ամենաէժանն է:
Ամենաթանկ գույքի հաշվով առաջնությունը Ստեփանակերտինն է: Վերոհիշյալ չափորոշիչներով գույքը 2003-ին Ստեփանակերտում արժեր միջինը 14 հազար 500 դոլար, իսկ 2004 թվականին արդեն հատել էր 20500 դոլարի սահմանը: Նման միտումը, մասնագետների գնահատմամբ, այսուհետ եւս թվային աճ կարձանագրի:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ