«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2005-07-07 | #125, 2005-07-08 | #126, 2005-07-09


ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹԱՔՑՆՈ՞ՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ

«ՀՀ քաղաքական կուսակցություններ» տեղեկագրում ամփոփված տվյալներով Հայաստանի ամենամեծ կուսակցությունը Ստեփան Դեմիրճյանի «Հայաստանի ժողովրդական կուսակցությունն» է, որն ունի 30 հազար անդամ, երկրորդը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի «Հայաստանի հանրապետական կուսակցություն» է, երրորդըՙ Արամ Կարապետյանի «Նոր ժամանակները»ՙ 15 108, չորրորդըՙ Պարույր Հայրիկյանի «Ազգային ինքնորոշում միավորումը»ՙ 12 հազար: Որքան էլ անսպասելի էՙ Սարգիս Ասատրյանի «Հայաստանի երիտասարդական կուսակցությունն» իբր ունի 11 240 անդամ, Վարդան Վարդապետյանի «Հզոր հայրենիքը»ՙ 10 300, «Հայ հեղափոխական դաշնակցությունը» 7 հազար անդամ: Ի դեպ, Արարատ Զուրաբյանի «Հայոց համազգային շարժումը» եւս ունի 7 հազար անդամ:

Ուշագրավ է, որ կուսակցությունների անդամների քանակը չեն նշել «Օրինաց երկիրը» (նախագահՙ Արթուր Բաղդասարյան), «Ազգային միաբանություն» (Արտաշես Գեղամյան), «Ազգային ժողովրդական կուսակցություն» (Շավարշ Քոչարյան), «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» (Խոսրով Հարությունյան) կուսակցությունները:

Տեղեկագիրը հրատարակվել է «Քաղաքացիական եւ սոցիալական զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ եւ Հայաստանում Մ. Նահանգների դեսպանատան աջակցությամբ: Հիմնադրամի նախագահ Սամվել Մխիթարյանի ասելով, քաղաքական կուսակցությունների մասին տեղեկագիր ստեղծելու գաղափարն առաջացել է հանրությանը իրազեկելու անհրաժեշտությունից: «Տեղեկագրում չկան վերլուծություններ, կարծիքներ, գնահատականներ, որպեսզի հանրությունը ունենա իր սեփական կարծիքն ու դիրքորոշում եւ ինքնուրույն եզրակացություններ անի կուսակցություններից յուրաքանչյուրի մասին», ասաց նա:

Հայաստանի տարբեր հիմնախնդիրների վերաբերյալ կուսակցությունների դիրքորոշումներին ծանոթանալիս կարելի է հանդիպել բազմազան մեկնաբանություններիՙ օրինակ, թիվ 12 պոլիկլինիկայում գրանցված «Հայաստանի մարքսիստական կուսակցության» ղեկավար Դավիթ Հակոբյանը «Արտաքին քաղաքականության հիմնադրույթներ» բաժնում գրում է. «Կուսակցությունը կարեւորում է նախկին խորհրդային ժողովուրդների «պետության եւ իրավունքի» էվոլյուցիայի առումով սկզբունքորեն նոր քաղաքական միության ստեղծումըՙ կուռ, հզոր, կոսմոպոլիտ գաղափարախոսության շուրջը: Այս սկզբունքը, ի հակակշիռ միաբեւեռ պանամերիկյան ագրեսիվ հեգեմոնիայի, պատմական անհրաժեշտություն էՙ ժամանակի հրամայական, հատկապես այսօր, երբ աշխարհաքաղաքական առումով հիմնովին կաթվածահար են միջպետական փոխհարաբերությունները, կանոնավոր միջազգային բոլոր ատյաններըՙ ՄԱԿ-ից մինչեւ Եվրոկառույցները»:

Իսկ «Հայաստանի երիտասարդական կուսակցությունը» կարծում է, որՙ «Հայ դատի հիմնախնդիրը վերանայման կարիք ունի»:

Որոշ կուսակցություններ, որոնց մեջ են Արշակ Սադոյանի ղեկավարած «Ազգային ժողովրդավարների դաշինքը», Ռաֆայել Համբարձումյանիՙ «Ազգային միասնության ուխտը», Տիգրան Ուլիխանյանիՙ «Հայաստանի առաջադիմական կուսակցությունը», Արամ Սարգսյանիՙ «Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը», Հարություն Առաքելյանիՙ «Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը» եւ ուրիշներ, բավարարվել են միայն իրենց կուսակցությունների հասցեն, հիմնադրման եւ գրանցման տարեթիվն ու ղեկավարի անուն ազգանունը նշելով: Ոչ մի տող կանոնադրական նպատակների, խնդիրների եւ դիրքորոշումների մասին: Ոչ մի տող պատմության մասին:

Այսպիսով, դատելով մեր երկրում գրանցված 65 կուսակցությունների մասին առաջին տեղեկագրի տվյալներից, բոլորը կամենում են Հայաստանը տեսնել բարգավաճ, մրցունակ, օրինապահ, բարեկեցիկ, ուժեղ եւ այլն, եւ այլն: Բոլորի ձգտումները կարծես թե նույնն են, իսկ գործողություննե՞րը...

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4