Ալ. Թամանյանի արձանի դիմացի այգին ամիսներ շարունակ քարուքանդ է արված, շինարարական անթափանց կապույտ պաստառը քաղաքացիների աչքից թաքցնում է այգու տարածքով մեկ կատարվող հողափորվածքներն ու մետաղյա կոնստրուկցիաների աստիճանական աճը: Պաստառապատված մուտքի ճակատի հայտարարությունըՙ քաղաքացիներից ժամանակին ակնկալել է նորակառույց սրճարանի նախագծի հանդեպ առաջարկություններ, որ նրանք կարող էին ներկայացնել քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական բաժին: Նոր մոտեցում է, չէ՞, բաց հասարակական մասնակցությամբ սրճարանի այս շինարարությանը: Ցանկացած երեւանցու հարցնես, թե ո՞ւմ է պատկանելու ապագա կառույցը, հարցին հարցով կպատասխանիՙ քաղաքի կենտրոնն ո՞ւմն էՙ նախագահինը, նախարարներինը, վարչապետինը, բայց քանի որ կառուցվողն ընդամենը սրճարան է, վարչության պետի մակարդակ է ենթադրում: Թե տերն ով է, շինարարները չասացին, բայց ակնհայտ ակնածանք ունեին նրա անձի հանդեպ: «Ոչ մի ծառ չի կտրվել ու չի կտրվելու, հազար դոլար էլ տան, ծառ չի կտրվելու», ասում էր նրանցից մեկըՙ բնավ շուրջը չնայելով, թե այգու տարածքի կանաչ խոտի զանգվածն ինչի է վերածված այդ պահին: Այս նոր սրճարանը խոստանում է բարձր մակարդակ, հնարավորինս արդիական ոճով հարմարավետ կառույց, շուրջբոլորը ծաղկապատված, իսկ ամենակարեւորըՙ Կասկադի նոր շինարարության ճարտարապետական ոճի շարունակությունն է լինելու:
Երեւանյան այգիների սրճարանապատումն այսօր քաղաքաշինության անբաժանելի եւ անխուսափելի տարրերից է, առանց սրճարանների դրանք ասես անտերության են մատնված, որովհետեւ թաղապետարանները, որ պիտի զբաղվեն մաքրության, կանաչապատման, ոռոգման հարցերով, մատը մատին չեն տալիս: Որոշակի ժամկետներով վարձակալման վերցված տարածքների տերերը ստանձնում են այդ պարտականությունները, իսկ իրականում այդ այգիները դադարում են հանգստավայր լինելուց, ծառայում են իբրեւ զվարճավայր, որը, բնականաբար, հնարավորինս ապահովում է վարձակալողի շահը: Որոշ, օրինակ, Օղակաձեւ այգու Գետառի հատվածներումՙ չվարձակալված տարածքները չեն էլ մաքրվում, մի բան, որ քաղաքապետարանը, թաղապետարանը պարտավոր են անել մյուսներից գանձվող վարձավճարների հաշվին, ու չեն անում:
Վերոհիշյալ նորակառույց սրճարանի տարածքի աշխատողները վստահեցնում են, որ այգին քանի որ ունի մեկ վարձակալ, ուստի խնամված, գեղեցիկ տեսք կստանա: Բայց հետաքրքրականը երեւանցիների նոր մտայնություններն ու մոտեցումներն են. նրանք սոսկալի հանդուրժող են դառնում քաղաքային կյանքի, բարքերի, երեւույթների, նոր շինությունների հանդեպ: Իրողությունների նկատմամբ այս հաշտվողականությունը սեփական անկարողության պատճառո՞վ է արդյոք, թե՞ անտարբեր ենք դարձել համատարած խաբեության մթնոլորտում: Այգիների մասին նախկին պատկերացումները երեւանցիների կարծիքով, հնացել են: «Ուզում եք մի քանի նստարան լինի, գնաք, նստեք, վեր կենաք, տո՞ւն գաք: Կյանքը փոխվել է, եւ պետք է ընտելանալ նորին, ապրել դինամիկ», կիրթ հայերենով ասում է նախկին ինժեները, որը բահը ձեռքին հող է փորում գուցե թե 3-րդ դասարանի կրթությամբ մի որեւէ չինովնիկի սրճարանի համար, դրա մեջ արտասովոր ոչինչ չտեսնելով. «Կյանքը անիվ է, սանդուղք կամ նման մի բան, որով կարելի է եւ բարձրանալ, եւ իջնել», այդպես ասում է, բայց ներսում ցավ կա ու վիրավորանք: Սոցիալական շերտավորումներն ու կտրուկ անցումները մարդկանց մեջ ինչպես սուր հակադարձ, այնպես էլ հարմարվողական տրամադրություններ են զարգացնում: Որոշակի ժամկետներով վարձակալության տրված այգու հիշյալ տարածքների «սրճարանացումը» ժամանակի ընթացքում կդառնա սովորական (թեեւ դրան արդեն ընտելացել ենք), վարձակալված տարածքը սեփականության կվերածվի: Սեփականության անձեռնմխելիության սահմանադրորեն սահմանված կարգով սեփականատերն իրավունք կունենա տարածքի կամայական օգտագործման, խանութի կվերածի, խաղատան, թե հասարակաց տան, իր իմանալիքն է: Այս տրամաբանությամբ կարելի է պատկերացնել ապագա Երեւանի տեսքը:
Իսկ մինչ այդ երեւանցիները շատ առիթներ կունենան եւ ունեն դառնահամ, անորակ ու կասկածելի գորշ հեղուկն ըմպելու, գոհանալով այգիների աշխույժ ու «բովանդակալի» եռուզեռով եւ կմոռանան, որ շարունակ կառուցապատվող տարածքները փաստորեն խոչընդոտում են նոր բուսատեսակների, ծառատեսակների ավելացմանն ու դրանց բազմացմանը, այգու թարմացմանը եւ բացի այդ, զբոսայգին էկոլոգիապես էլ մաքուր եւ օգտակար չի կարող լինել:
Երեւանցիների համար այսօր արդեն էկզոտիկ հաճույք ու պահանջ է ունենալ խնամված, էսթետիկորեն մշակված, անաղարտ զբոսայգի- հանգստավայր, որտեղ սրճարանների խիտ ցանցերին փոխարինեն արժեքավոր բուսատեսակները, ծաղկանոցները, շատրվանները:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ