Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը չեխական տպավորություններով մեկնեցին Երեւան
Լեհ կինոբեմադրիչ Կրիշտոֆ Կրաուզի «Իմ Նիկիֆոր» ֆիլմը Կարլովի Վարիի շաբաթ երեկոյան ավարտված 40-րդ միջազգային կինոփառատոնում նվաճեց ոչ միայն գլխավոր մրցանակը` «Բյուրեղապակյա գլոբուսը», այլեւ ստացավ լավագույն բեմադրիչ եւ կանացի լավագույն դերակատար մրցանակները: Ընդ որում, 80-ամյա դերասանուհի Քրիստինա Ֆելդմանն այդ ֆիլմում խաղում է գլխավոր հերոսի` տղամարդ Նիկիֆորի դերը: Ֆիլմը նվիրված է լեհ նկարիչ Էլիֆան Դրովնիակի կյանքին, որը հայտնի է եղել իբրեւ նկարիչ-պրիմիտիվիստ Նիկիֆոր Կրինիցկի: «Գլոբուսի» հետ ֆիլմն արժանացավ նաեւ 20 հազար դոլար դրամական պարգեւի: Տղամարդու լավագույն դերակատարման համար լավագույն մրցանակը կիսեցին իտալական «Ալլա լուսիե դել սոլ»(Come into the light) ֆիլմի գլխավոր դերակատար Լուկա Զինգարետտիին, որն իրոք հրաշալի կերպար էր ստեղծել, եւ իսրայելական «Ինչ հրաշալի տեղ է» ֆիլմի գլխավոր դերակատար Ուրի Գավրիելը: «Պրավո» օրաթերթի սահմանած հանդիսատեսների մրցանակին արժանացավ Սեբաստյան Ռոզի «Իմ կյանքը հորս հետ» կանադական ֆիլմը, իսկ վավերագրական ֆիլմերի մրցույթում նախատեսված երկու մրցանակներին արժանացան բելառուսական «Աստված իմ» (ռեժ. Գալինա Ադամովիչ) եւ բրազիլական «Էստամիրա»(ռեժ. Մարկոս Պրադա) կինոֆիլմերը: «Արեւելքից Արեւմուտք » բաժնում գլխավոր մցանակը ստացավ ռուս կինոբեմադրիչ Կիրիլ Սերեբրյանիկովը` «Ռագին» կինոնկարի համար, իսկ Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի (FIPRECI) գլխավոր մրցանակը տրվեց Դանիա-Չինաստան համատեղ արտադրության «Չինացի» ֆիլմին (ռեժ. Հենրիկ Ռուբեն Գենզին): Չեխ երիտասարդ կինոքննադատների մրցանակին արժանացավ իրանական «Թիթեռները գրեթե մեր հետեւում են» ֆիլմը (ռեժ. Մոհամմադ Էբրահիմ Մոայերի), իսկ Կինոակումբների միջազգային ֆեդերացիայի մրցանակը տրվեց ճապոնական «Ընթրիք Նորիկոյի հետ» ժապավենի բեմադրիչ Սիոն Սոնին:
Կարլովի Վարիիում չեխական ոչ մի ֆիլմ որեւէ մրցանակի չարժանացավ, փոխարենը Բրյուսելում ավարտված եվրոպական կինոփառատոնում, ուր ընդամենը 14 ֆիլմ է մասնակցել մրցութային ծրագրին, չեխ կինոբեմադրիչներ Ռեմունդի եւ Կլուսակի «Չեխական երազ» վավերագրական ֆիլմը ստացավ BE TV հեռուստաընկերության մրցանակին` 5000 եվրո պարգեւով:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կարլովի Վարիի արտամրցութային ծրագրերին մասնակցեցին նաեւ կանադահայ հայտնի բեմադրիչ Ատոմ Էգոյանն ու դերասանուհի Արսինե Խանջյանն` իրենց նոր ֆիլմերով:
Ժամանակին Էգոյանի ֆիլմերը ցուցադրվել են այս փառատոնում: Բացի այդ, չեխ հանդիսատեսը նրա ֆիլմերին ծանոթ է նաեւ 2001 թվականին չեխական հեռուստատեսությամբ անցկացված կանադահայ կինոգործչին նվիրված միամսյակով, որի ընթացքում ցուցադրվեցին Էգոյանի նկարահանած տասնյակ ֆիլմերից հինգը:
Մեզ հետ զրույցում երկու հանրահայտ կինոգործիչներն էլ բարձր գնահատեցին Կարլովի Վարիի կինոփառատոնը, հատկապես կինոփառատոնում երիտասարդության մեծ հոսքը եւ, իհարկե, Չեխիայից ստացած անջնջելի տպավորությունները:
«Այս փառատոնը յուրահատուկ է նրանով, որ շատ աշխատանք է տարվում երիտասարդությանը ներգրավելու ուղղությամբ: Հատկապես դրան նպաստում են տոմսերի վաճառքի եւ տարածման հասանելի գները», ասաց մեզ հետ զրույցում Ատոմ Էգոյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպիսի՞ սպասելիքներով են մեկնում Երեւան` մասնակցելու «Ոսկե ծիրանին», ապա ըստ Արսինե Խանջյանի. «Շատ ուրախ եմ «Ոսկե Ծիրանի» ծնունդով եւ հուսով եմ, որ լավ ապագա կունենա: Սա հոյակապ առիթ է, որ իբրեւ ժողովուրդ ստեղծում ենք մեզ համար: Ես կկարծեմ, որ ունենք որոշակի ավանդույթ, որը հիմա կարող է մի քիչ դանդաղել է, բայց իբրեւ տաղանդ ու կինոյի պատմություն, անցյալում շատ կարեւոր ձեւով մասնակցություն ենք ունեցել: Այսօր «Ոսկե Ծիրանի» գոյությունը պարզապես բնականոն ընթացք է մեր կինոարվեստի զարգացման համար: Կարեւոր է նաեւ, որ նման կինոփառատոնը աշխարհագրական առումով Երեւանի պես տեղում է անցկացվում: Հայաստանի մեջ պետք է լրջորեն վերաբերվեն, որ այս կինոփառատոները կարող են ոչ միայն տնտեսական առավելություններ բերել, այլեւ մշակութային ներկայություն ապահովել համաշխարհային կինոարվեստում: Անցած տարի մեզ չհաջողվեց մասնակցել, սակայն այս տարի Ատոմը ժյուրիի նախագահն է եւ ես «Սաբահ» կանադական ֆիլմն եմ ներկայացնում, բայց նաեւ առիթ է մեզ համար, որ աջակցենք փառատոնի սկզբունքներին:
Ամեն ձեւով կմաղթեմ լավագույն աջակցությունը եւ հավատացած եմ, որ ունենք այդ կարողությունը, որպեսզի «Ոսկե ծիրանը» դարձնենք կարեւոր փառատոն:
Տաղանդ կա, մնում է ինքնավստահություն եւ նյութական ներդրում»:
Իսկ Ատոմ Էգոյանն ավելացրեց. «Ես շատ ոգեւորված եմ «Ոսկե Ծիրանով», եւ ողջունում եմ Հարությունի եւ Սուսաննայի հայկական կինոմշակույթը վերալիցքավորելու նախաձեռնությունը: Կապ չունի , որ զրոյից են սկսում: Ինչ -որ մի տեղից պետք է սկսել: Ինձ թվում է ճիշտ անհատներ են զբաղվում այդ գործով, եւ նրանք ի վիճակի են այդ հրաշալի ծրագիրն իրականացնել»:
Կինոաշխարհի այս հրաշալի զույգի հետ արված «Ազատություն» ռադիոկայանի եւ «Օրեր» համաեվրոպական ամսագրի համատեղ հարցազրույցներն ամբողջությամբ կարող եք լսել մոտ ապագայում ռադիոկայանի ավանդական ժամին եւ կարդալ «Օրեր» համաեվրոպական ամսագրում:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա