Կինոբեմադրիչ էդգար Բաղդասարյանի «Մարիամ» ֆիլմի առաջին ցուցադրությամբ այսօր կսկսվի «Ոսկե ծիրան» միջազգային երկրորդ կինոփառատոնը, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Ազգային օպերայի թատրոնում: Նախորդ տարվա պես, այս տարի եւս բացումից առաջ Սբ. Զորավոր եկեղեցում տեղի կունենա ծիրանօրհնությունՙ փառատոնի հյուրերի մասնակցությամբ:
«Երեւան» հյուրանոցում երեկ սկսված մամլո ասուլիսները կշարունակվեն մինչեւ շաբաթավերջՙ հնարավորություն տալով լսելու արդի կինոաշխարհում մեծ համբավ ունեցող Աբաս Քիառոստամի (Իրան), Ատոմ Էգոյանի (Կանադա), Նիկիտա Միխալկովի, Ռոման Բալայանի (Ռուսաստան), Ռոբեր Գեդիկյանի (Ֆրանսիա) եւ այլոց խոսքը փառատոնում ընդգրկված իրենց ֆիլմերի մասին:
Կինոգետ, «Ազգ»-ի աշխատակից Զավեն Բոյաջյանը երեկ նշեց, որ «Ոսկե ծիրանի» ընդգրկման շրջանակներն այս տարի ընդլայնվել են: «Անցած տարվա համեմատ այս փառատոնը մի քանի քայլ առաջ էՙ ընդլայնվել են փառատոնի աշխարհագրական սահմանները, մրցութային եւ արտամրցութային ծրագրերում ավելացել են անվանի կինոգործիչների ֆիլմերը, ինչը հետաքրքրական ու գրավիչ է դարձրել 2 ծրագրերը հավասարապես: Սա այս տարվա փառատոնի կարեւոր առանձնահատկություններից մեկն է: Կարծում եմ, հեռանկարները բավականին հաջող են, եթե, իհարկե, ֆինանսական ու կազմակերպչական խնդիրները շատ չնեղեն», ասաց նա: Հայկական խաղարկային ֆիլմերի պակասի պատճառով այս տարի հայկական ծրագիրը դարձել է մրցութայիններից մեկըՙ «Հայկական համայնապատկեր» վերնագրով, որում տեղ են գտել հիմնականում վավերագրական կամ անիմացիոն ֆիլմեր:
Երեկվա մամլո ասուլիսին մասնակցում էին կինոբեմադրիչներ Կարմեն Լաբակին (Լիբանան) եւ Կարինե Թորոսյանը (Կանադա):
Առաջինը խոսեց իր «Լիբանանի հայերը» վավերագրական ֆիլմի մասին, որը թեպետ հիմնականում արտացոլում է լիբանանահայերի կյանքը, սակայն անդրադառնում է նաեւ այլ երկրներում ապրող հայերի առօրյային: Օրինակ, Սիրիայում Կարմենը հանդիպել է բեդվինների խմբի, որոնք տեղյակ են իրենց հայկական ծագման մասին եւ նրանց իսկապես հուզում է ազգային ինքնության հարցը: Նա մտադիր է զրուցել նաեւ վերջին տարիներին տարբեր երկրներից Հայաստանում բնակություն հաստատած հայերի հետ, նրանց հոգսերի եւ դժվարությունների մասին պատկերացում ունենալու եւ դրանք իր ֆիլմում ներառելու համար: Կարմենը սիրում է հայ ժողովրդին եւ ցավ հայտնում, որ առ այսօր հայ ժողովրդի ամբողջական կերպարը ներկայացնող ֆիլմ դեռ չի ստեղծվել: Հենց այդ նկատառումով է սկսել իր վավերագրական ֆիլմը, որում օտար երկրներում բնակվող հայ մարդը պարզ ու անկեղծ խոսում է իր ճակատագրի ու արմատների մասին, որ գալիս են հայրենիքիցՙ Արեւմտյան Հայաստանից: Կարմեն Լաբակիի ֆիլմն ընդգրկված է Հայոց ցեղասպանությանը նվիրված արտամրցութային ֆիլմերի ծրագրում:
Կանադացի կինոբեմադրիչ Կարինե Թորոսյանն իր առաջին խաղարկային ֆիլմըՙ «Քար, ժամանակ, հպում», անցած տարի նկարահանել է Հայաստանում: Ֆիլմում շոշափվում են ազգային ինքնությանն ու ժամանակակից հայ կնոջ կյանքին առնչվող հարցեր, որոնց պատասխանները Կարինե Թորոսյանը կամեցել է գտնել հենց հայրենիքում: Գլխավոր դերերից մեկում հանդես է եկել Արսինե Խանջյանը: Հայ կանայք ֆիլմում խոսում են առաջին անգամ Հայաստանը տեսնելիս իրենց համակած զգացումների մասին, համեմատում իրական եւ երեւակայական հայրենիքը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ