ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշային հերթական ցուցակը: Օրերս Վարշավայում ավարտված Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր Լեւոն Արոնյանը ցուցակում պարզապես ֆանտաստիկ առաջընթաց է ունեցել: Վարկանիշն ավելացնելով 31 կետով, Արոնյանը 21-րդ տեղից բարձրացել է 10-րդ հորիզոնականՙ ընդգրկվելով 2700-ից բարձր վարկանիշ ունեցող էլիտար գրոսմայստերների շարքը: Այժմ Արոնյանի վարկանիշը 2724 է, ինչը նրա շախմատային կենսագրությունում աննախադեպ երեւույթ է: Վաղուց ի վեր որեւէ հայ շախմատիստ տեղ չէր գրավել վարկանիշային ցուցակի լավագույն տասնյակում: Նա գերազանցեց Վլադիմիր Հակոբյանի արդյունքը, որը 2 կետով ավելացնելով իր վարկանիշը (2705) 17-րդ տեղից տեղափոխվել է 16-րդ հորիզոնական:
Հարկ է նշել, որ ավելի մեծ առաջընթաց, քան Արոնյանինն է, հաջողվել է միայն երեք շախմատիստի: 47 կետով վարկանիշն ավելացրել է Սերգեյ Տիվյակովը (2678)ՙ 72-րդ տեղից տեղափոխվելով 26-րդ հորիզոնական: Արտյոմ Տիմոֆեեւն (2661) ու Միխայիլ Գուրեւիչը (2669) իրենց վարկանիշներն ավելացրել են 39 կետով:
Հայ շախմատիստներից 100 լավագույնների կազմում ընդգրկված են նաեւ Սերգեյ Մովսիսյանը (2645, 55-րդ տեղ) եւ Սմբատ Լպուտյանը (2629, 72-րդ տեղ): Եթե Մովսիսյանը վարկանիշն ավելացնելով 17 կետով, 25 հորիզոնականով վեր է բարձրացել, ապա Լպուտյանը 11 կետով նվազեցրել է վարկանիշը եւ 13 հորիզոնականով նահանջել է:
Չնայած Գարի Կասպարովը պաշտոնապես հայտարարել է շախմատից հեռանալու մասին, սակայն առայժմ գլխավորում է վարկանիշային ցուցակը: Անսասան են նաեւ կանանց վարկանիշային ցուցակի առաջատար Հուդիթ Պոլգարի դիրքերը, որը մշտապես մասնակցում է տղամարդկանց մրցաշարերի եւ ուժեղ սեռի ներկայացուցիչների վարկանիշային ցանկում 8-րդն է: 50 լավագույն շախմատիստուհիների ցանկում են Լիլիթ Մկրտչյանը (2447, 24-րդ տեղ) եւ Էլինա Դանիելյանը (2433, 31-րդ տեղ): Մինչեւ 20 տարեկան պատանիների վարկանիշային ցուցակը գլխավորում է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը (2682), որը Վարշավայում արժանացավ արծաթե մեդալի: Իսկ աղջիկների ցուցակի առաջատարը հնդիկ շախմատիստուհի Համպի Կոներուն է (2531): Հայաստանը 20 լավագույնների թվում ներկայացուցիչ չունի:
Հայաստանը վաղուց ի վեր շախմատային հզոր երկրների թվին է դասվումՙ մշտապես տեղ զբաղեցնելով լավագույն տասնյակում: Երկրների վարկանիշը հաշվարկվում է տվյալ երկրի ամենաբարձր վարկանիշ ունեցող 10 շախմատիստների միջին վարկանիշով: Հայաստանի վարկանիշն այժմ 2618 է եւ այս ցուցանիշով 7-րդ տեղում է: Իսկ ցուցակը 2713 վարկանիշով գլխավորում է Ռուսաստանը, որին հաջորդում են Ուկրաինան (2657) եւ ԱՄՆ-ն (2623):
Ներկայացնում ենք վարկանիշային ցուցակի լավագույն տասնյակները:
Տղամարդիկ
1. Գարի Կասպարով | Ռուսաստան | 2812 |
2. Վիշվանաթան Անանդ | Հնդկաստան | 2788 |
3. Վեսելին Թոփալով | Բուլղարիա | 2788 |
4. Պետեր Լեկո | Հունգարիա | 2763 |
5. Վասիլի Իվանչուկ | Ուկրաինա | 2752 |
6. Վլադիմիր Կրամնիկ | Ռուսաստան | 2744 |
7. Պյոտր Սվիդլեր | Ռուսաստան | 2738 |
8. Հուդիթ Պոլգար | Հունգարիա | 2735 |
9. Էթիեն Բաքրո | Ֆրանսիա | 2729 |
10. Լեւոն Արոնյան | Հայաստան | 2724 |
Կանայք
1. Հուդիթ Պոլգար | Հունգարիա | 2735 |
2. Ժուժա Պոլգար | ԱՄՆ | 2577 |
3. Յուն Հիե | Չինաստան | 2573 |
4. Համպի Կոներու | Հնդկաստան | 2531 |
5. Ալեքսանդրա Կոստենյուկ | Ռուսաստան | 2516 |
6. Մայա Չիբուրդանիձե | Վրաստան | 2509 |
7. Անտոանետա Ստեֆանովա | Բուլղարիա | 2501 |
8. Կատերինա Լախնո | Ուկրաինա | 2498 |
9. Պիա Կրամլինգ | Շվեդիա | 2494 |
10. Նադեժդա Կոսինցեւա | Ռուսաստան | 2490 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ