Սոցիալական քարտերի կիրառման դեմ հասարակական ընդվզումներն ու միտինգային դրսեւորումներն ապարդյուն անցան, եւ ՀՀ քաղաքացիների գերակշռող մասին արդեն կես տարի սոցիալական քարտային համակարգն ուղղակիորեն պարտադրվեց: Հասարակական զանազան խմբավորումներ, զուտ սոցիալական բնույթից անդին, զգուշացնում եւ տագնապում էին դրանց վտանգավոր այլ (հոգեւոր) շերտերի մասին: Բնակչության մի ստվար զանգված այսօր հրաժարվում է սոցքարտերիցՙ կրելով դրա դառը հետեւանքները: Ապրիլյան ոգեկոչումի օրերին ցեղասպանության վերապրողների տներն այցելած ֆոտոլրագրողները դառնացած էինՙ տեսնելով միայնակ, 90 անց ծերունիների, որոնց թոշակային կեցությունը կասեցվել էր չարաբաստիկ քարտեր չունենալու պատճառով: Օրերս խմբագրություն այցելած հայ մտավորականը սրտի ցավով պատմում էր սոցքարտեր չունենալու պատճառով սովի մատնված երեք ծերունիների մասին:
Սոցիալական քարտերի պատճառով առաջացած տարաձայնությունները հուլիսի սկզբներին քննարկվում էին դրանց մերժելու հիմնարար փաստարկներով հանդես եկող «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանի, քաղաքացիների խմբերի ներկայացուցիչների (Լաուրա Բարսեղյան, Լեւոն Մկրտչյան) եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանի միջեւ:
«Մասնակի հաղթանակ» վերտառությամբ «Ազգը» շաբաթօրյա համարում տեղեկացրել էր հիշյալ հանդիպման մասին: Այս քննարկումները որոշակի համաձայնությունների հանգեցրինՙ օրենքի մի շարք կետերում փոփոխություններ կատարելու առումով: Երեկ հիշյալ կողմերի միջեւ որոշակի պայմանավորվածություն ձեռք բերվեց, ըստ որի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը փոփոխություն է կատարելու «Անհատական տվյալների մասին», «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքներում եւ սոցիալական քարտերի արտաքին ձեւավորման մեջ, մասնավորապես փոփոխություններ կատարվելու են «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքի 3, 6, 13 հոդվածներում (հստակեցվելու է 3-րդ հոդվածում «անհատական տվյալ» հասկացությունը, իսկ 6-րդ հոդվածի առաջին մասին 2-րդ կետը եւ 13-րդ հոդվածն ամբողջովին ուժը կորցրած են ճանաչվելու), «Սոցիալական քարտերի մասին» օրենքի 6-րդ եւ 11-րդ հոդվածներում:
Նախարարությունը, ըստ պայմանավորվածության, կառավարության առաջիկա նիստում առաջարկություն է անելու քարտերի նոր ձեւի վերաբերյալ: Կրոնական համոզմունքների պատճառով առկա ձեւավորմամբ քարտերից հրաժարվողները հնարավորություն են ունենալու ստանալ երկրորդ ձեւի քարտեր, որոնց վրա չի լինելու շտրիխ կոդը եւ նախարարության խորհրդանիշը, ինչպես նաեւ քարտի վրա գրվելու է «Քարտի համարը» բառերը:
Վավերացվել է, որ ՀՀ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքով քաղաքացիներին տրվող քարտերը վերաբերելու են սոցիալական ոլորտին, որը չի բացառում այլ ոլորտներում քարտերի ներդրումը:
Այս պայմանավորվածությունը հիմքեր է տալիս սոցքարտերից հրաժարվող քաղաքացիների պահանջների բավարարմանը, եւ նոր տեսակի քարտերՙ նրանց ստանալու համաձայնությանը: Այս հարցերը բավարարվելու պարագայում նրանք առաջիկայում նոր պայմաններ չեն ներկայացնելու:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ