«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2005-07-09 | #127, 2005-07-12 | #128, 2005-07-13


ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԼԻՆ ՀԱՆՐԱՔՎԵ՞Ն Է

Մինսկի խումբը այսօր ժամանում է Երեւան եւ ուղեւորվում Ստեփանակերտ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խումբն ավարտել է հանդիպումներն Ադրբեջանի իշխանությունների հետ: Այսօր համանախագահները կժամանեն Երեւան եւ անմիջապես կուղեւորվեն Ստեփանակերտՙ կարգավորման բանակցությունները շարունակելու Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Հուլիսի 15-ին միջնորդները Երեւանում հանդիպումներ կունենան արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

«Խաղաղության համաձայնագրի նախագիծը դժվար թե պատրաստ լինի մինչեւ օգոստոսին Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Մենք այժմ աշխատում ենք կարգավորման սկզբունքների ձեւակերպումների վրա», երեկ Բաքվում լրագրողներին ասել է ռուսաստանցի միջնորդ Յուրի Մերզլյակովը: Ռուս դիվանագետը վստահեցրել է, որ Ռուսաստանը կարգավորման առանձին ծրագիր չունի, իսկ Մոսկվայի դիրքորոշումը չի տարբերվում Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների մոտեցումներից:

Ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը, ըստ «Դեյ» ադրբեջանական կայքէջի, խաղաղության փաստաթղթի ժամկետների մասին արտահայտվել է փիլիսոփայորեն. «Խաղաղության համաձայնագիրը կարող է պատրաստվել ինչպես մոտակա ամիսներին, այնպես էլ մոտակա հարյուրամյակում»: Մանը նշել է, որ համաձայնագրի պատրաստման ժամկետները կախված են հակամարտող երկրների ղեկավարների եւ ժողովուրդների քաղաքական կամքից:

Միջնորդները Բաքվում գտնվելու օրերին երկրորդ հանդիպումն են անցկացրել արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նախօրեին նրանք բանակցություններ էին վարել նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի առաջնորդ Նիզամի Բահմանովի եւ Լաչինի նախկին վարչակազմի ղեկավար Էլբրուս Թահմազովի հետ: «Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ բանակցությունները Բահմանովի եւ Թահմազովի հետ շարունակվել են 1,5 ժամ:

Ղարաբաղյան ժամանակագրության մեջ մենք դժվարացանք գտնել եւս մի դեպք, երբ Մինսկի խումբը հանդիպած լինի Շուշիի եւ Լաչինի նախկին առաջնորդների հետ: Բահմանովը հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ քննարկվող թեմաների շարքում է եղել Աղդամ-Ստեփանակերտ-Շուշի-Լաչին-Գորիս-Շահբուզ դեպի Թուրքիա դուրս եկող ճանապարհի բացման հնարավորության խնդիրը:

Վերջին մի քանի շաբաթներին պաշտոնական Բաքուն շրջանառության մեջ է դրել, թե իբր ցանկություն ունի բացելու վերոնշյալ ճանապարհը: Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը պաշտոնական Բաքվի այս քայլը որակել էր «ուղղված ընտրողներին եւ արտաքին աշխարհին»: «Ադրբեջանում պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին եւ նախընտրական հաշվարկներն արդեն ազդում են բանակցային գործընթացի Բաքվի մարտավարության վրա», նշել էր Կազիմիրովը: «Հաղորդակցությունների խնդիրը հակամարտության գոտում կարեւոր է, սակայն լուծման բանալին չէ: Տարաձայնությունների կենտրոնում մնում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ 11-12 տարի առաջ ռազմական գործողություններում հայերի գրաված տարածքների ազատագրումը», ասել էր ռուս պաշտոնաթող դիվանագետը:

Համանախագահների տարածաշրջան այցին համընկավ «Ազատություն» ռադիոկայանի հրապարակումը, համաձայն որի կարգավորման բանակցություններում «շատ հարցեր արդեն համաձայնեցված են», եւ կողմերն աշխատում են «համաձայնագրի վերջին մի քանի կետերի վրա»: Դիվանագիտական շրջանակների բարձրաստիճան մի պաշտոնյա «Ազատությանն» ասել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել այս տարի կամ հաջորդ տարվա սկզբներին: Աղբյուրը հայտնել է, որ այսօր ստեղծված բանակցային գործընթացը հիշեցնում է քիվեսթյան փուլը, երբ բոլորը մտածում էին, որ համաձայնությունը ձեռք է բերվել, եւ խնդիրը լուծվելու է մոտ ժամանակներում: Նրա կարծիքով, նմանօրինակ փուլ կարող է ձեւավորվել օգոստոսին Կազանում, որտեղ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կանցկացնեն բանակցությունների հերթական փուլը:

Դիվանագիտական աղբյուրը նշել է, որ ղարաբաղյան կարգավորման բանալին կարող է դառնալ հանրաքվեն, որը կանցկացվի մոտակա 10-15 տարիներին, եւ Ղարաբաղի ժողովուրդն ինքը կորոշի իր ճակատագիրը: «Հանրաքվեի տարբերակն առաջարկվել էր դեռ մի քանի ամիս առաջ, բայց այն ժամանակ խոսք էր գնում հանրաքվեի մասին ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Ղարաբաղում, իսկ այժմ խոսքը հանրաքվեի մասին է, որը տեղի կունենա միայն ԼՂ-ում: Ընդ որում Ադրբեջանը փաստացի ճանաչում է Ղարաբաղի կարգավիճակը, այսինքնՙ ինքնորոշման նրա իրավունքը: Լաչինը մնում է Ղարաբաղի վերահսկողության տակ: Ինչ վերաբերում է Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական հողերին, ապա դրանք վերադարձվում են Ադրբեջանինՙ վերջինիս հանրաքվե անցկացնելու համաձայնության դիմաց», ասել է դիվանագիտական աղբյուրը եւ հավելել, որ հանրաքվեի ընթացքում «Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի իր կարգավիճակը, այսինքնՙ միանալ Հայաստանին, մնալ Ադրբեջանի կազմում կամ դառնալ անկախ»:

Դիվանագիտական աղբյուրի տեղեկատվությամբ, «փուլային-փաթեթային» ձեւաչափը ներառում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունները, մասնավորապես հայ-թուրքական սահմանի բացման հարցը: Երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը, իսկ Ադրբեջանը կապաշրջափակի կոմունիկացիաները:

Մեր կողմից հավելենք, որ ղարաբաղյան հակամարտությունը հանրաքվեի ճանապարհով լուծելու խոսակցությունները սկիզբ են առնում 2004 թ. սեպտեմբերիցՙ Աստանայում նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպումից առաջ: Շաբաթներ անց Ղարաբաղ ժամանեցին ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Լելյուշն ու Իսպանիայի նախկին արտգործնախարար Պալասիոն եւ ֆրանսիական «Ֆիգարո» թերթում հրապարակեցին հոդվածՙ ղարաբաղյան խնդիրը հանրաքվեով լուծելու հավանականության մասին: Հայաստանի իշխանությունները, մասնավորապես Վարդան Օսկանյանն իր ասուլիսներից մեկում լրագրողներին խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել «Ֆիգարոյի» հոդվածին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4