«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2005-07-09 | #127, 2005-07-12 | #128, 2005-07-13


ԳԵԴԻԿՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ Է

Ֆրանսահայ հայտնի կինոբեմադրիչ Ռոբերտ Գեդիկյանը ժամանել է Հայաստանՙ 8 օրից նկարահանելու իր 14-րդ ֆիլմը, որի պայմանական վերնագիրն էՙ «Արմենիա»: «Կինոյի գլխավոր նպատակներից մեկն է ցույց տալ այն, ինչ մարդիկ առօրյա կյանքում չեն տեսնում: Ամենակարեւորը ֆիլմի գաղափարն է, հայ մարդու կյանքի պատկերը, միջավայրը: Սա սիրո պատմություն է, որ կարող է տեղի ունենալ ամենուր, սակայն իմ ամբողջական գաղափարն արտահայտելու համար ֆիլմը պետք է նկարահանվեր այստեղ, որովհետեւ Հայաստանը հայտնվել է համաշխարհային խնդիրների կենտրոնում», ասում է Գեդիկյանը:

Ֆիլմում նկարահանվելու են հայ եւ ֆրանսիացի անվանի դերասաններ: Հիմնական գործողությունները տեղի են ունենալու Երեւանում, որոշ հատվածներ կնկարահանվեն մարզերում, մասնավորապես Արենի գյուղի վանքում, Սեւանա լճի ափին, Սեւակ գյուղում: Գլխավոր դերակատարուհուՙ Աննայի դերում նկարահանվելու է Գեդիկյանի կինըՙ դերասանուհի Արիան Ասկարիդը: «Ամենագլխավոր խնդիրը, որ տեսնում է հորը փնտրելու նպատակով Հայաստան եկած Աննան, հարուստների եւ աղքատների կյանքի ընդգծված տարբերությունն է: Այս խնդիրը մշտապես հետաքրքրել ու հուզել է ինձ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամենուր:

Մարդկային հարաբերությունների մասին պատմող ֆիլմերը համամարդկային են: Այս ֆիլմով կամենում եմ ցույց տալ, որ մեծ երկրներում գոյություն ունեցող արժեքներն առկա են նաեւ փոքր երկրներում», նշում է կինոբեմադրիչը:

Ժամանակակից հայկական կինոյի մասին Գեդիկյանը քիչ բան գիտի, ճանաչում է միայն աշխարհում հայտնի Սերգեյ Փարաջանովի եւ Արտավազդ Փելեշյանի կինոարվեստը: Իր հայկական ծագման մասին իմացել է մանկուց: «Ծնվել եմ Մարսելում, որտեղ բնակչության 10 տոկոսը հայ էր, մանկուց իմացել եմ իմ հայկական արմատների մասին եւ միշտ ասել եմ, որ հայ եմ: Բայց մայրենի լեզուն գալիս է մորիցս, իսկ իմ մայրը գերմանուհի է, դրա համար էլ խոսում եմ ոչ թե հայերեն, այլ գերմաներեն»:

Այս օրերին նա կմասնակցի «Ոսկե ծիրան» միջազգային երկրորդ կինոփառատոնին, որտեղ կներկայացնի անցած տարի նկարահանած իր 2 ֆիլմերըՙ «Մարսյան դաշտում զբոսնողը», որը նվիրված է Ֆրանսուա Միտերանին եւ «Հայրս ինժեներ է»: Նրա բոլոր ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի լավագույն կինոփառատոներում, եւ նա համոզված է, որ այս ֆիլմը եւս կարժանանա այդ բախտին: Ի դեպ, նկարահանումները դեռ չսկսած Գեդիկյանը ֆիլմն արդեն վաճառել է: Նա նաեւ ֆիլմի պրոդյուսերն է, իսկ պրո-պրոդյուսերը Երեւանի «Պարադիզ» ընկերությունն է: Ֆիլմը կարժենա 2,5 մլն եվրո, ինչը ֆրանսիական ֆիլմերի բյուջեների համեմատ բավականին փոքր է:

«Իմ սկզբունքներից մեկը ոչ թանկ ֆիլմեր նկարահանելն է: Ես ավելի շատ արհեստավորի աշխատանք եմ անում: Այս ֆիլմում կցուցադրեմ հայաստանյան կյանքի իրական պատկերըՙ գեղեցիկ շենքեր, իսկ դրանց հետեւում անխնամ բակեր, քարուքանդ ու ավերված տներ: Ես բավականին տեղեկացված եմ եւ լավ գիտեմ, ինչ է կատարվում Հայաստանում: Ինձ համար ամենաանընդունելի երեւույթներից մեկիՙ կոռուպցիայի մասին կարծում եմ բավարար տեղեկություններ ունեմ», խորիմաստ ժպիտով ասում է Գեդիկյանը: Ֆիլմ նկարահանելու ժամանակ ինքը «համր» է դառնում, այսինքն, 8 օրից նա չի խոսի մինչեւ ֆիլմի ավարտըՙ սեպտեմբերը 20-ը: Հայաստանի անկախության նախօրեին ավարտվող իր նոր ֆիլմով տաղանդավոր կինոբեմադրիչը ցանկանում է երջանկություն բերել Հայաստանին:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4