Հայաստանում ապրող մոտ 8 հազար հաշմանդամ երեխաներն ընդհանուր առմամբ մեկուսացած են հասարակությունից, քանի որ նրանց գերակշիռ մասի համար դեռեւս ստեղծված չեն հոգեբանական բարդույթներից ազատ լինելու եւ հասարակության լիարժեք անդամ դառնալու պայմանները: Հաշմանդամ երեխաներին եւ նրանց ծնողներին մեկուսացած վիճակից հանելու նպատակով «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը իրականացնում է մի շարք ծրագրեր: Երեւանի 5 դպրոցներում կազմակերպությունը հաշմանդամ երեխաների համար ստեղծել է ջերմ միջավայրՙ հնարավորություն տալով աշխուժորեն մասնակցելու դասերին, դպրոցական միջոցառումներին եւ աշակերտական կյանքին, զարգացնելու գիտելիքներն ու հմտությունները: Այս ուսումնական տարվանից ծրագիր կիրականացվի եւս 5 դպրոցներում:
Հաշմանդամ երեխաները ստեղծել են «Արեւածաղիկ» ամսագիրը, որտեղ տպագրված նյութերը հիմնականում անդրադառնում են հաշմանդամներին մտահոգող խնդիրներին, արտացոլում նրանց կյանքն ու հետաքրքրությունները:
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության եւ «Առաքելություն արեւելք» միջազգային բարեգործական կազմակերպության երեկ հրավիրած ասուլիսում խոսվեց Ազգային ժողովում վերջերս ընդունված «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքի, ինչպես նաեւ հայտարարվեց հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման մրցույթի անցկացման մասին: Նոր օրենքով պետությունը պարտավորվում է հաշմանդամ երեխաներին ապահովել լիարժեք կրթություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Օրենքի հեղինակ, պատգամավոր Արտակ Առաքելյանը նշեց, որ հաշմանդամ աշակերտները ազատ հնարավորություն ունեն ստանալու թե՛ միջին մասնագիտական, թե՛ բարձրագույն կրթությունՙ առանց որեւէ խտրականության: «Միայն գոյություն ունի ուղեգիր ստանալու խնդիր, որը լուծում է մասնագիտացված բժշկասոցիալական հանձնաժողովը, հաշվի առնելով հաշմանդամ աշակերտի նախընտրած մասնագիտության դրական ազդեցությունը նրա առողջական վիճակի վրա: Դա, իհարկե, ստեղծում է որոշակի քաշքշուկ, որը նախատեսում ենք վերացնելՙ հաշմանդամներին եւ նրանց ծնողներին լրացուցիչ դժվարություններից ազատելու համար», ասաց նա:
«Առաքելություն արեւելք» դանիական միջազգային կազմակերպության հատուկ կրթական ծրագրերի ղեկավարի Րաֆֆի Գուդակլյանը ուրախալի փաստ համարեց Հայաստանում առաջին անգամ հատուկ կրթության կարիքներ ունեցող երեխաների իրավունքի օրենքով ամրագրումը: «Հատկանշական է, որ օրենքը պատրաստելիս եւ վավերացնելիս կարեւոր դերակատարում ունեցան հասարակական կազմակերպությունները, ինչը քաղաքացիական հասարակություն ստեղծելու կարեւոր քայլ է: Իհարկե, դեռ ամեն ինչ կատարյալ չէ, թերությունները ժամանակի ընթացքում անպայման կսրբագրվեն», նշեց նա:
Հաշմանդամ երեխաների հիմնախնդիրները հասարակության ուշադրության կենտրոնում պահպանելու նկատառումով հիշյալ 2 կազմակերպություններն արդեն երրորդ տարին կազմակերպում են հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման մրցույթ: Այս տարի նրանք որոշել են մրցույթին տալ «Արեւածաղիկ» անվանումը եւ «Հավասար հնարավորություններ» խորագիրը: Ներկայացվող աշխատանքները պետք է հրապարակված լինեն այս տարվա հունվարի 1-ից նոյեմբերի 20-ը, նյութերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 23-ն է: Մրցույթի արդյունքները կամփոփվեն հաշմանդամների միջազգային օրվաՙ դեկտեմբերի 3-ի կապակցությամբ:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ