Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի կադրերով եւ «Կռունկի» դուդուկային մեղեդու ուղեկցությամբ (Գեւորգ Դաբաղյան), ժողովրդական «Հորովել» (Անդրե) եւ «Թամզարա» (Անուշ եւ Ինգա Արշակյաններ) երգերի հրաշալի կատարումներով Ազգային օպերայի թատրոնի դահլիճում երեկ բացվեց «Ոսկե ծիրան» երկրորդ կինոփառատոնը: Հյուրերին նախ ողջունեց փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը, որից հետո արտգործնախարար Վարդան Օսկանյանը խոսեց կինոարվեստիՙ որպես մարդկանց շփման եւ մշակույթների երկխոսության կարեւոր դերակատարման մասին: «Ոսկե ծիրան» հանձնաժողովի որոշմամբ, փառատոնի առաջին մրցանակը տրվեց համաշխարհային կինոարվեստում մեծ համբավ ունեցող Նիկիտա Միխալկովին, որը սրտագին խոսքեր ասաց իրեն մեծ սիրով ընդունելու եւ անմոռանալի պահեր պարգեւելու համար: Ի տարբերություն բացման արարողությունը գերազանցապես «անգլերեն վարող» երգիչներ Նունե Եսայանի եւ Արթուր Իսպիրյանի, Նիկիտա Միխալկովը նախընտրեց խոսել ռուսերեն, որպեսզի, ինչպես ինքն ասաց, հասկանալի լինի շատերին: Ցավոք, «Ոսկե ծիրանի» անցած տարվա գլխավոր մրցանակակիր Ատոմ Էգոյանի իմաստալից խոսքը եւս շատերին մնաց անհասկանալիՙ հայերեն չթարգմանվելու պատճառով: Թարգմանվեց միայն Էգոյանի վերջին արտահայտությունը. «Ես հպարտ եմ, որ հայ եմ»: Փառատոնի կազմակերպական հարցերին «Ազգը» կանդրադառնա առանձին հրապարակումով:
Ռ. Պ.