«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2005-07-09 | #127, 2005-07-12 | #128, 2005-07-13


«ՓՅՈՒՆԻԿԸ» ՍԿՍՈՒՄ Է ԳԱՎԱԹԱՅԻՆ ՄՐՑԱՎԵՃԸ

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումներով մեկնարկում է եվրոպական գավաթների հերթական խաղարկությունը: Այսօր Երեւանի ժամանակով ժամը 20:30-ին ֆիննական Վալկեակոսկեում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կսկսի իր մրցավեճը «Հակայի» հետ: Ֆինլանդիայի առաջնությունն էլ անցկացվում է գարուն-աշուն մրցակարգով, ուստի պետք է ենթադրել, որ «Հական» լավ մարզավիճակում է: Թիմն անցկացրած 13 հանդիպումներում վաստակել է 22 միավոր (+5=7-1, 20-8) եւ ընթանում է 3-րդ տեղումՙ 5 միավորով հետ մնալով ՀԻԿ-ից: Երկրի առաջնության վերջին խաղը թիմն անցկացրել է հուլիսի 7-ինՙ 8-0 հաշվով ջախջախելով առաջնության հետնապահ «Ալյանսիին»:

«Հական» եվրոգավաթների մասնակցության հսկայական փորձ ունի, թեեւ առանձնակի հաջողությունների չի հասել: Միայն չեմպիոնների լիգայի մրցաշարում թիմը հանդես է եկել 7 անգամՙ անցկացնելով 22 խաղ (+5=3-14, 26-49): Իսկ ընդհանուր առմամբ եվրոգավաթներին «Հական» մասնակցել է 20 անգամՙ անցկացնելով 62 խաղ (+16=13-33, 68-122):

«Հակա» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1934 թ.: Թիմը 9 անգամ նվաճել է երկրի չեմպիոնի տիտղոսը, 11 անգամ դարձել է Ֆինլանդիայի գավաթակիր:

Հայաստանի չեմպիոնը 3-րդ անգամ է մրցավեճի բռնվելու Ֆինլանդիայի ներկայացուցչի հետ: 1996 թ. ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում «Փյունիկին» չհաջողվեց հաղթահարել ՀԻԿ-ի արգելքը, թեեւ շատ լավ հնարավորություն ուներ մտնելու հաջորդ փուլ: Երեւանում հաղթելով 3-1 հաշվով, «Փյունիկը» նույն հաշվով զիջեց մրցակցի դաշտում, իսկ լրացուցիչ ժամանակում պարտվելով 1-2 հաշվով, դուրս մնաց հետագա պայքարից:

Ֆիննական թիմերի հետ հաջորդ հանդիպումը կայացել է 2002 թ.: Օսկար Լոպեսի գլխավորությամբ փյունիկցիները մրցակցի դաշտում պարզապես ջախջախեցին «Տամպերեին» (4-0): Երեւանում էլ «Փյունիկը» հասավ հաջողությանՙ հաղթելով 2-0 հաշվով:

«Փյունիկը» 6-րդ անգամ է մեկնարկելու եվրոպական գավաթների մրցաշարերում: Նախորդ հինգ խաղարկություններում թիմն անցկացրել է 16 հանդիպում, որից 5-ում հաղթել է, 3-ն ավարտել ոչ-ոքի, 8-ումՙ պարտվել: Փյունիկցիները խփել են 23 գնդակ, սեփական դարպասը բաց թողել 28-ը: Վերջին 3 տարիներին Հայաստանի չեմպիոնը հաջողությամբ է հաղթահարել չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը: Կհաջողվի՞ արդյոք այս անգամ էլ շարունակել արդեն ավանդույթ դարձող հաղթարշավը, դժվար է կանխագուշակել:

Սովորաբար վերջին տարիներին եվրոգավաթների մասնակցության համար «Փյունիկի» ղեկավարությունը թիմն ուժեղացնելու նպատակով հրավիրում էր լեգեոներների: Այս անգամ էլ ավանդույթը չխախտվեց: Սակայն եթե նախկինում այդ գործընթացը կատարվում էր եվրոգավաթների մրցաշարերի մեկնարկից բավական շուտ, ապա այս անգամ թիմի համալրումը կատարվել է օրերս: Հոլանդացի մասնագետ Հենկ Վիսմանը մեկ անգամ չի նշել, որ «Փյունիկն» արդյունավետ գործող հարձակվողների կարիք է զգում: Եվ ահա թիմ են հրավիրվել հարձակման գծի խաղացողներ արգենտինացի Դիեգո Տոլեդոն ու Օսվալդո Ռուիսը, բրազիլացի Ադրիանո Ալվեշը, մեքսիկացի Ուլիսեո Լաուրեանոն: Դժվար է ասել, թե այս քայլն ինչպիսի՞ արդյունքի կհանգեցնի, քանի որ լեգեոներները «Փյունիկի» կազմում ոչ մի խաղ չեն անցկացրել եւ կարճ ժամանակահատվածում դժվար թե կարողանան մերվել կոլեկտիվին, համագործակցության սերտ կապեր հաստատեն հայ ֆուտբոլիստների հետ: Ինչեւէ, այսօր սա է իրականությունը: Մեզ մնում է միայն հուսալ, որ երկրի չեմպիոնը պատվով դուրս կգա հերթական քննությունից ու կհաղթահարի ֆիննական արգելապատնեշը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4