Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի քարտուղարությունից, տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստը, որին ինտերակտիվ կապով մասնակցել են ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի 15 անդամներ: Օրակարգում էր «Հայկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական հայտարարությունը` ս.թ. հունիսի 30-ից «Լեռնային Արցախ» թիմը միակողմանի որոշմամբ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունից դուրս բերելու մասին:
ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի անդամները միաձայն որոշել են «Հայկ» ֆուտբոլային ակումբի վերը նշված հայտարարության համաձայն, «Լեռնային Արցախ» թիմը հանել առաջնությունից:
«ՀՀ ոչ սիրողական ակումբների միջեւ 2005 թ. անցկացվող ֆուտբոլի մրցումների» կանոնակարգի 17-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, «Լեռնային Արցախի» մասնակցությամբ առաջին փուլում անցկացված խաղերի արդյունքները թողնել ուժի մեջ, իսկ չկայանալիք հանդիպումներում մրցակից թիմերին գրանցել հաղթանակ 3-0 հաշվով:
ՀՖՖ-ի գործադիր կոմիտեն որոշել է «Հայկ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ կիրառել «ՀՀ ոչ սիրողական ակումբների միջեւ 2005 թ. անցկացվող ֆուտբոլի մրցումների» կանոնակարգի 17-րդ հոդվածի 5-րդ կետը, համաձայն որի «բարձրագույն խմբի ակումբները (թիմերը), որոնք զրկվել են (հրաժարվել են) առաջնությանը մասնակցելուց, հաջորդ տարի առաջնությանը մասնակցում են առաջին խմբում, իսկ նրանց մուտքավճարի գումարը չի վերադարձվում»: «Հայկ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 500.000 դրամով:
ՀՖՖ-ի գործադիր կոմիտեն փոփոխություն է կատարել «ՀՀ ոչ սիրողական ակումբների միջեւ 2005 թ. անցկացվող ֆուտբոլի մրցումների» կանոնակարգի 8-րդ հոդվածում: 8-րդ տեղը գրաված թիմն առաջնության առաջին խմբում երկրորդը ճանաչված թիմի հետ անցումային խաղում կվիճարկի բարձրագույն խմբի ուղեգիրը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ