«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2005-07-09 | #127, 2005-07-12 | #128, 2005-07-13


«ՄԵԾ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԸ»

Ասում է Հունաստանի դեսպանը

«Հենրիկ Քոչինյանն առաջին մարզպետն է, որի հետ բարեկամացա Հայաստան գալով, օրերս Վանաձոր կատարած այցի ժամանակ ասաց Հունաստանի դեսպան Անտոնիոս Վլավիանոսը: «Հունաստանի կառավարությունը ցանկանում է Հայաստանում բարձրացնել ժողովրդի կենսամակարդակըՙ հասցնելով եվրոպականին, քանի որ Հայաստանը համարում ենք մի հանրապետություն, որն ունի եվրոպական մշակույթ: Ինչպես գիտենք, Հունաստանը Եվրոմիության անդամ երկիր է եւ ժամանակին առաջարկեց, որ Հայաստանն ընդգրկվի «Եվրոպայի նոր հարեւաններ» ծրագրում: Կարծում եմ, դա Հայաստանի առաջին քայլն է դեպի Եվրոպա: Բոլորս ուզում ենք Հայաստանում զարգացնել մարզերը, որպեսզի հավասարակշռություն լինի նրանց եւ կենտրոնի (մայրաքաղաքի) միջեւ: Հատկապես մեծ ցանկություն ունենք զարգացնելու Լոռու մարզը»:

Իսկ այցի նպատակը հետեւյալն էր: Հունաստանի ներքին գործերի նախարարության (զբաղվում է տարածքային կառավարման հարցերով), հունական ԵԵՏԱԱ կազմակերպության (տեղական զարգացման եւ ինքնակառավարման բաժնետիրական ընկերություն) աջակցության ծրագրի միջոցով, Հայաստանում Հունաստանի դեսպանության եւ Լոռու մարզպետարանի հետ համագործակցելով, մարզում 2005 թ. իրականացվել է չորս ծրագիր, եւս մեկն ընթացքի մեջ է: Բարեկարգվել ու վերականգնվել են Ալավերդու կամուրջը, Սարահարթ արվարձանիՙ կենտրոնի հետ կապող ներքին ճանապարհները, վերականգնվել է Յաղդան համայնքի խմելու ջրի ներքին համակարգը, վերակառուցվել են Կողեսի եւ Շամլուղի ներհամայնքային ճանապարհները: Առաջիկա 20 օրում նախատեսվում է ավարտել Ախթալայի խմելու ջրի մաքրման համակարգի կառուցումը, ինչպես նաեւ գոյություն ունեցող համակարգի նորոգումն ու խմելու ջրի որակի բարելավումը: Այս առիթով հուլիսի 9-11-ը հունական ԵԵՏԱԱ կազմակերպության պատվիրակությունը շրջեց նշված համայնքներում, իսկ հուլիսի 12-ին Լոռու մարզպետարանում ստորագրվեցին կատարված աշխատանքների ընդունման հավաստագրերը:

Հանդիպման ժամանակ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը նշեց. «Ախթալայի խմելու ջրագիծն անցնում է փորձարկման շրջան: Սեպտեմբերին մեր հյուրերը եւս մեկ անգամ կգանՙ Գյումրու հետ կապված ծրագրով (Հունաստանի կառավարությունն այստեղ ֆինանսավորում է փակ լողավազանի կառուցումը), եւ Ախթալայի ծրագրի ընդունման փաստաթղթերն էլ կստորագրվեն: Նախնական խոսակցություն ենք ունեցել մեր մարզում ապագայում եւս խոշոր ծրագրեր իրականացնելու մասին»:

Մարզպետի այս խոսքերը, հետագա ծրագրերի իմաստով, հաստատեց ԵԵՏԱԱ-ի գործադիր տնօրեն Յոաննիս Գոգոզատոսը: ԵԵՏԱԱ-ի հայաստանյան ծրագրերի ղեկավար Նիկոլաոս Կաֆանտարիսը շնորհակալություն հայտնեց ծրագրերում ընդգրկված Լոռու մարզի համայնքների ղեկավարներին եւ առաջարկեց այլ բնույթի ծրագիր-առաջարկներ ունենալու դեպքում դրանք փոխանցել մարզպետարան:

- Մենք կաշխատենք դրանք իրականացնել, խոստացավ նա:

Փաստաթղթերի ստորագրումից հետո, որին ներկա էր նաեւ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը, հյուրերը մասնակցեցին Վանաձորի ծածկած լողավազանի եւ ատլետիկայի մարզադպրոցի հուշատախտակների հանդիսավոր բացմանը: Հիշեցնենք, որ լողավազանի կառուցման համար նախատեսված 370 հազար ԱՄՆ դոլարից 100 հազարը, ՀՀ նախագահի միջնորդությամբ, տրամադրել է հունական կողմը (270 հազարը համայնքի ներդրումն է): Հունական կառավարության տրամադրած եւս 50 հազար դոլարով ռետինապատվել են ատլետիկայի մանեժի հատակը եւ բաց տարածքի թռիչքուղին:

Հուլիսի 13-ին ԵԵՏԱԱ-ի պատվիրակությունը մեկնեց Գյումրի:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4