ԼՂՀ-ն արհեստականորեն դուրս է մղվել կարգավորման գործընթացից
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Ստեփանակերտ
Երեկ ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խումբը Բաքվից Երեւանով ժամանեց Ստեփանակերտ` ղարաբաղյան կարգավորման բանակցությունները շարունակելու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Միջնորդների այս այցը առաջինն է ԼՂՀ-ում հունիսի 19-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո եւ երկրորդը 2005 թվականի ընթացքում: Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Սթիվեն Մանը (ԱՄՆ) հունվարի 30-ից փետրվարի 6-ը ԵԱՀԿ փաստահավաք առաքելության հետ շրջել էին ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններում` Քելբաջարում, Աղդամում, Ֆիզուլիում, Ջեբրայիլում, Զանգելանում, Ղուբաթլիում եւ Լաչինում:
Միջնորդները Ստեփանակերտ պիտի ժամանեին կեսօրին, սակայն եղանակի պատճառով նրանց թռիչքը հետաձգվում էր, ի վերջո նրանք Երեւանից Ղարաբաղ ճանապարհվեցին ավտոմեքենաներով: Նախագահ Արկադի Ղուկասյանի հետ համանախագահների հանդիպումը պետք է կայանար երեկ ուշ երեկոյան կամ այսօր առավոտյան: Այլ հանդիպում նախատեսված չէ, եւ նախագահ Ղուկասյանի հետ բանակցություններից անմիջապես հետո Մինսկի խումբը կվերադառնա Երեւան:
Ղարաբաղյան իշխանությունների հետ համանախագահների հանդիպմանն «Ազգը» կանդրադառնա վաղվա համարում: Նկատենք, որ Ստեփանակերտում շատ ավելի զուսպ են արտահայտվում ղարաբաղյան կարգավորման գործընթացում հնարավոր առաջընթացի մասին հայտարարություններում: ԼՂՀ արտգործնախարար Արման Մելիքյանը մեզ հետ ունեցած կարճատեւ զրույցում նկատեց, որ ղարաբաղյան կարգավորման բանալին պետք է փնտրել Ստեփանակերտի եւ Բաքվի ուղիղ բանակցություններում, իսկ վերահսկելի տարածքների եւ փախստականների հարցերում հենց Ստեփանակերտը կարող է պատասխանատվություն կրել:
«Վերահսկվող տարածքները լոկ տարածք չեն, դրանք հայ փախստականների իրավունքների պաշտպանման հիմնական երաշխիքն են: Եթե վերադարձվում են այդ տարածքները, ապա ինչպե՞ս են լուծվելու 500 հազար հայ փախստականների հողային, գույքային պահանջները: Այս մարդկանց ճակատագրով որեւէ մեկը չի զբաղվում: (Բանակցություններում) խոսվում է 400 հազար ադրբեջանցի տեղահանվածների մասին, բայց չի խոսվում ադրբեջանահայ փախստականների մասին: Չպետք է թույլ տալ, որ ադրբեջանահայությունն արժանանա այն ճակատագրին, ինչին արժանացավ թուրքահայությունը, այսօրվա սփյուռքը», ասաց Մելիքյանը:
ԼՂՀ արտգործնախարարի կարծիքով ե՛ւ ադրբեջանցի տեղահանվածների, ե՛ւ ադրբեջանահայ փախստականների պատասխանատուն Բաքուն է: «500 հազար հայեր վտարվեցին, հայրենիքը կորցրին խաղաղ պայմաններում` նախքան պատերազմը, իսկ 400 հազար ադրբեջանցիները հեռացան (իրենց տներից) իրենց իսկ կառավարության սանձազերծած պատերազմի արդյունքում», ասաց նա:
ԼՂՀ արտգործնախարարը, անդրադառնալով հայ-ադրբեջանական բարձր մակարդակով բանակցություններին, մասնավորապես նախագահների հանդիպումներին, նկատում է, որ դրանք մեծ հետաքրքրություն են առաջացրել, սակայն ինչ վերաբերում է արդյունքներին, ապա «որեւէ հստակ տեսանելի արդյունք չի արձանագրվել»: «Համանախագահները պնդում են, որ կա առաջընթաց: Արտգործնախարարները կարծում են, որ կարելի է խոսել առաջընթացի մասին, սակայն որն է այդ առաջընթացըՙ դեռեւս պարզ չէ: Ղարաբաղյան խնդրի հետ կապված որեւէ զարգացում կամ որեւէ նախնական պայմանավորվածություն չեն կարող կենսագործվել առանց ԼՂ ժողովրդի համաձայնության եւ մասնակցության, առանց հարցերը ԼՂՀ իշխանությունների հետ քննարկելու: Այդ իմաստով մենք պետք է հանգիստ լինենք, սպասենք գործընթացի տեսանելի արդյունքների: Առայժմ այդ արդյունքները չկան: Կան փոխադարձ լավատեսական հայտարարություններ, եւ եթե դրանք հիմք ունեն, վատ չէ», ասաց Արման Մելիքյանը:
Վերջերս ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցին, կասկածելի էր համարել, որ միջնորդները կներկայացնեն «հակամարտության վերջնական կարգավորման ավարտական գծագիրը»: «Կարելի է ենթադրել, թե ի՞նչ կբերեն համանախագահները, սակայն դժվար թե դա լինի հակամարտության վերջնական կարգավորման ավարտական գծագիրը», ասել էր Ղուկասյանը: Մեկնաբանելով պաշտոնական Բաքվի առաջարկը Լեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների միջեւ երկխոսության հաստատման անհրաժեշտության մասին, Ղուկասյանը նկատել էր. «Վատ չէր լինի, եթե ադրբեջանական համայնքը երկխոսություն կազմակերպեր Լեռնային Ղարաբաղի հունական, ռուսական, ուկրաինական եւ այլ համայնքների հետ»: ԼՂՀ նախագահի խոսքերով, Բաքվի փորձերըՙ ստեղծել այնպիսի տպավորություն, որ Լեռնային Ղարաբաղը ոչ թե հակամարտության կողմ է, այլ ընդամենը համայնք, վկայում են հակամարտության լուծման Ադրբեջանի մոտեցման անլրջության մասին. «Ստեփանակերտի հետ ուղիղ երկխոսություն վարելու պաշտոնական Բաքվի չկամությունը ձգձգում է ադրբեջանական ժողովրդին հուզող խնդիրների լուծումը»:
Ակնհայտորեն Ստեփանակերտում դժգոհ են, որ կարգավորման գործընթացից Լեռնային Ղարաբաղն արհեստականորեն դուրս է մղվել: Այդ դժգոհությունը հավասարապես ուղղված է ե՛ւ Երեւանին, ե՛ւ Բաքվին, ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խմբին: