«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2005-07-12 | #128, 2005-07-13 | #129, 2005-07-14


«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿՅԱՆՔԻ ՌԻԹՄԸ ՇԱՏ ՆՄԱՆ Է ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՖԻԼՄԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՌԻԹՄԻՆ»

Թեպետ իրանահայ կինոբեմադրիչները զգալի դեր են խաղացել իրանական կինոյի զարգացման համար, սակայն վերջինիս մասին մեր գիտելիքները բավականին նվազ են փոխադարձ շփումների բացակայության պատճառով: «Ոսկե ծիրան» միջազգային երկրորդ փառատոնն այս տարի լրացրեց այդ բացըՙ հայ կինոհանդիսատեսին առաջին անգամ ճանաչելի դարձնելով իրանական արդի կինոարվեստի վարպետներից մեկինՙ Աբաս Քիառոստամուն ու նրա ֆիլմերը:

«Հայկական մշակույթը նկատելի ազդեցություն է թողել իրանցիների վրա: Ճիշտ է, վերջին տարիներին իրանահայերի թիվը նվազել է, սակայն դրանից բնավ չի թուլացել մեր երկրի վրա հայկական մշակույթի դրական ներգործությունը: Ընդամենը մի քանի օր եմ Հայաստանում, սակայն արդեն զգում եմ այստեղի կյանքի ռիթմը, որը շատ նման է Փարաջանովի ֆիլմերի ներքին ռիթմին», ասաց նա:

Փառատոնի բացման օրը ցուցադրված «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված վերջին ֆիլմըՙ Էդվարդ Բաղդասարյանի «Մարիամը», Քիառոստամին համարեց վերջին տարիներին իր տեսած լավագույն ֆիլմերից մեկը: Ավելի ճիշտ նա լիովին համաձայնեց ֆիլմի մասին նույն կարծիքն արտահայտած որդու հետ, որը նույնպես կինոբեմադրիչ է. ուսանել է հոր մոտ եւ եղել նրա լավագույն ուսանողներից մեկը:

Քիառոստամին այն կինոգործիչներից է, որոնք տարիների ընթացքում ստեղծում են իրենց արվեստը գնահատող կինոհանդիսատեսը, որը երբեք ֆիլմի կեսից չի լքում կինոդահլիճը: Նրա ֆիլմերում հերոսներ չկան, Քիառոստամին կարծում է, որ հերոսի կերպարը ժամանակակից կինոյում վերացել է: Թեպետ նրա ֆիլմերը Իրանում ենթարկվում են գրաքննության, սակայն նրա «Ձիթենիների տակ» ֆիլմում, որն, ի դեպ, համարվում է արդի կինոարվեստի լավագույն ֆիլմերից մեկը, կան չափազանց նրբորեն նկարահանված էրոտիկ կադրեր:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4