Վերջնական փաստաթղթի ստորագրումը դեռեւս հեռու է
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Ստեփանակերտ
Հուլիսի 13-ի ուշ երեկոյան, վեցամսյա ընդմիջումից հետո, տարածաշրջանային այցի շրջանակներում Ստեփանակերտ էին ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ինչպես ռուսաստանցի համանախագահն է մեկնաբանել` այցի նպատակն էր պարզել, թե «ինչպես են դասավորվել խաղաքարտերը»:
Հանդիպումը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, որին մասնակցեց նաեւ արտգործնախարար Արման Մելիքյանը, կայացավ երկու փուլով: Բանակցությունների առաջին մասի ավարտից հետո, որը տեւեց շուրջ երկու ժամ, համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Սթիվեն Մանը (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), պատասխանեցին լրագրողների հարցերին:
Մերզլյակովը մասնավորապես ասաց, որ Մինսկի խումբն արդեն ներկայացրել է իր առաջարկությունները եւ առաջարկելու նոր բան չունի: «Սա բանակցությունների ընթացք է, եւ չպիտի սպասել, որ երեք հոգով ինչ նոր բան պիտի առաջարկենք: Պետք է հասկանալ, որ սա դիվանագիտական խոհանոց է: Մենք մեր առաջարկությունները ոչ միայն համանախագահների, այլեւ, կարելի է ասել, համանախագահության երկրների կողմից արել ենք երկու երկրների արտգործնախարարներին` մինչ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վարշավյան հանդիպումը: Այժմ աշխատանքներ են տարվում այդ առաջարկությունների շուրջը: Դրանք կողմերը քննարկել են եւ հանգել որոշակի եզրակացությունների: Խնդիր է դրվել շարունակել բանակցություններն այդ հարցերի շուրջը: Եթե ուզում եք իմանալ ինչ հարցերի մասին է խոսքը, ես չեմ կարող դրանք նշել: Միայն կարող եմ ասել, որ դրանք ապագա կարգավորման առանցքային տարրերն են», ասաց ռուս համանախագահը:
Ինչքանո՞վ են հակամարտող կողմերը մոտ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելուն: Մերզլյակովն այս կապակցությամբ ասաց հետեւյալը. «Եթե դա պարզապես լինի փաստաթուղթ կողմերի համատեղ ինչ-որ հայտարարության մասին, ապա, այս առումով, կողմերը մոտ են: Իսկ եթե նկատի ունեք ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթուղթը, ապա դրանից դեռեւս շատ հեռու ենք, որովհետեւ առնվազն ամիսներ են պետք այդ փաստաթուղթը մշակելու համար»:
Ամերիկացի համանախագահ Մանն ավելացրեց. «Կան սկզբունքների մասին որոշակի առաջընթացի միտումներ, բայց չեմ թաքցնում` կան նաեւ բազմաթիվ ասպեկտներ, որոնց կողմերը չեն համաձայնել: Մենք կարծում ենք, որ բանակցությունների ոգին եւ կողմերի միջեւ հարաբերությունները դրական են ընթանում, ու դա շատ է օգնում գործընթացին»:
Իր հերթին ֆրանսիացի համանախագահ Ֆասիեն ասաց, որ սա բանակցությունների անհրաժեշտ փուլ է, որպեսզի նախապատրաստվեն փորձագետների մակարդակով լուծելու բոլոր տեխնիկական, մոդելային դետալները:
«Ազգի» այն հարցին, թե համանախագահներն ինչպես են վերաբերվում մամուլում հնչեցված` ԼՂՀ ապագա կարգավիճակը որոշելու նպատակով հանրաքվե անցկացնելու առաջարկին, Մերզլյակովը պատասխանեց. «Ես այդ թեմայով միայն մեկ հրապարակման մասին եմ լսել, չգիտես ինչու` Բաքվում, այն էլ հղում արված ինչ-որ հայաստանյան պաշտոնական անձի: Համանախագահներս ելնում ենք նրանից, որ կողմերի միջեւ գոյություն ունի պայմանավորվածություն քննարկված հարցերի գաղտնիության պահպանման մասին, եւ մենք ձգտում ենք այդ պայմանավորվածությանը հավատարիմ մնալ: Եթե եղել է արտահոսք ինչ-որ պաշտոնյայից, փորձեք նրանից կամ հնչեցրած կողմից պարզել, թե դա ինչու է եղել: Մենք այդ հարցին չենք կարող պատասխանել»:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ շրջանառվել էր կարգավորման մի տարբերակ, ըստ որի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում «արդեն համաձայնեցված են շատ խնդիրներ» եւ կողմերն աշխատում են «համաձայնագրի վերջին մի քանի կետերի վրա»: Դիվանագիտական շրջանակների մի բարձրաստիճան աղբյուր նկատել է, որ ներկայում ստեղծված բանակցային իրավիճակը «շատ հիշեցնում է քիվեսթյան կարգավորման փուլը (2001 թ. ապրիլ), երբ բոլորը մտածում էին, որ համաձայնությունը ձեռք է բերվել եւ խնդիրը լուծվելու է մոտ ժամանակներում»: Նման փուլ, ըստ աղբյուրի, կարող է ձեւավորվել օգոստոսին Կազանում, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն անց են կացնելու բանակցությունների հերթական փուլը:
Դիվանագիտական աղբյուրը նկատել էր, որ հանրաքվեով կարող է կարգավորվել ԼՂ խնդիրը, որը կանցկացվի մոտակա 10-15 տարիներին, եւ Ղարաբաղի ժողովրդին հնարավորություն կտա որոշելու իր ճակատագիրը:
Համանախագահներն, իրենց իսկ խոստովանությամբ, Բաքվում ունեցած հանդիպումներից լավ տպավորություններ էին ստացել: Ինչպիսի՞ն են տպավորությունները ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումից: Մերզլյակովը վերահաստատելով Բաքվում ստացած դրական տպավորությունները, նշեց, որ նախագահ Ղուկասյանի հետ եւս տեղի է ունեցել շատ հետաքրքրական զրույց:
Թե ինչպիսին են եղել հանդիպման երկրորդ մասից ստացված տպավորությունները, մենք չկարողացանք պարզել համանախագահներից, քանի որ լրագրողներին միջնորդների հետ հանդիպելու այլ հնարավորություն չընձեռվեց: «Ազգի» ունեցած տվյալներով, ԼՂՀ նախագահի եւ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման շարունակությունը տեղի է ունեցել ոչ ֆորմալ պայմաններում, որի ընթացքում քննարկվել են կարգավորմանն առնչվող գաղափարներ եւ տեսակետներ: