«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2005-07-13 | #129, 2005-07-14 | #130, 2005-07-15


ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱԶԱՏԱՐԱՐ ՇՈՒՆՉԸՙ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ

Ամեն տարի հուլիսի 14-ին Ֆրանսիան նշում է իր ազգային տոնը: 1789 թ. հուլիսի 14-ին ֆրանսիական բացարձակ միապետության խորհրդանիշ Բաստիլի ամրոցի գրավումով ազդարարվեց ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը, որն իբրեւ նոր ձեւավորող հասարակարգի դրոշ հռչակեց մարդկության համար երբեւէ երազելի երեք գաղափարներՙ ազատություն, հավասարություն, եղբայրություն:

Երեկ Ֆրանսիայի ազգային տոնի առիթով ընդունելություն էր կազմակերպվել Հայաստանում ֆրանսիական դեսպանատանը: Հրավիրված էին պետական պաշտոնյաներ, խորհրդարանականներ, հոգեւորականներ, մշակույթի գործիչներ, մտավորականներ, օտարերկրյա դեսպաններ: Ներկա էին նաեւ Մինսկի խմբի եռանախագահները: Նույն օրը ֆրանսիական դեսպանատուն էին այցելել եւ շնորհավորել տեր եւ տիկին Քոչարյանները:

Ֆրանսիայի եւ Հայաստանի Հանրապետության օրհներգերից հետո դեսպան Անրի Կյունին խնդրեց 1 րոպե լռությամբ հարգել Լոնդոնում տեղի ունեցած բարբարոսական ահաբեկչությանՙ պայթյունների զոհերի հիշատակը:

Իր երկրի ազգային տոնն Անրի Կյունին արդեն 4 տարի նշում է Հայաստանում, որի համար ուրախություն հայտնեց եւ իր խոսքն էլ նախընտրեց սկսել հայերենով: «Հուլիսի 14-ը Ֆրանսիայում բոլորի տոնն է եւ նշվում է հատուկ լուսավորված մեծ տոնահանդեսներով: Այն խորհրդանշում է ժողովրդայնություն ընդդեմ միապետության եւ բռնապետության, այսօր նաեւ զգացմունքների տոն է»: Անրի Կյունին նշեց, որ ֆրանսիական հեղափոխության երեք գաղափարներն արդիական են այսօր էլ, երբ ահաբեկչությունը բացարձակ միապետությանն է փոխարինում, եւ մարդկությունն ականատեսն է այդ իրողության քայքայիչ ուժի:

Նա գոհունակություն հայտնեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի տված նոր մեկնաբանությանը, եւ հույս հայտնեց, որ հուլիսի 14-ի տոնն առիթ կհանդիսանա հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացումների ու նրա ջատագովների համար ոգեշնչումների խթան կդառնա:

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆրանսերենով շնորհավորանքներ ու ջերմ մաղթանքներ հղեց ներկաներինՙ ֆրանսիական ազգային տոնը նկատելով իբրեւ համամարդկային:

Անրի Կյունին հայ-ֆրանսիական հարաբերություններում իրենց քաղաքացիական նպաստը բերելու համար «Ասպետի» շքանշաններով պարգեւատրեց Մհեր Շահգելդյանինՙ հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության խումբը ղեկավարելու, հայ-ֆրանսիական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ կատարած ջանքերի համար եւ նախկին առողջապահության նախարար Արա Բաբլոյանինՙ ժամանակին Հայաստանի առջեւ ծառացած առողջապահական բնույթի ամենածանր խնդիրները դիմագրավելու, իր ղեկավարած հիմնադրամի շնորհիվ կարիքավոր երեխաներին խնամելու ու բուժելու հանձնառության, Երեւանում ֆրանսիական համայնքին խնամելու համար:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4