Լեոնարդո Ալիշան
Լեոնարդո Ալիշանի «Պարել ոտաբոբիկՙ փշրված ապակիների վրա» առաջին ժողովածուն հրատարակվեց 1991 թ. Նյու Յորքում, երկրորդըՙ 2000-ին «Ցողակաթիլի միջով»-ն էր: Եթե առաջինն ինքնակենսագրական պատում է իր տան, մանկության ու մեծ մոր վերհուշերով, բանաստեղծական նուրբ, հաճախ վհատվող զգայնություններով, ապա երկրորդում դրանք ընդգծուն ու ավելի շոշափելի են դառնումՙ առանձնության ու հուսահատության տրամադրություններով: Իր անդրանիկ ժողովածուի «Երկվորյակներ 1» բանաստեղծության մեջ գրում է. «Դժոխք երկնային /Դու չես կարող համեմատվել կրակին (այն կրակին /որ բռնկեց իմ տունը աւեր»: Նման պատկերները կրկնվում են նաեւ նրա մի քանի ուրիշ ստեղծագործություններում, հրդեհի մետաֆորը որոշակիորեն ձեւավորում է նրա գեղարվեստական աշխարհը: Ենթագիտակցության մեջ ապրող մտաձեւերը բանաստեղծական պատկերային նախազգացումներ են դառնում, սակայն մի ուրիշ անգամ արդեն, ավա՜ղ, իր կյանքի իրական վախճանի: Թերեւս ենթագիտակցականի շերտերից իր բանաստեղծություն թափանցող այս «հրդեհները» նաեւ ընտանեկան ավանդույթներով պայմանավորված վիճակներ են, հետմահու հրկիզումը նաեւ իր ցանկությունն է եղել: Սակայն մահից հետո, ոչ թե մահՙ հրդեհից: Գուցե թե սեւեռուն մի միտք է, որ բանաստեղծական երերուն էությանը բախվելով, ցավոք, իրականացել է Գլենդեյլի Փանդորոսա փողոցի 7274 իր բնակարանում 2005 թ. հունվարի 10-ին, 54 տարեկանում, երբ Լեոնարդոն իր ստեղծագործությունների հետ դարձավ հրո ճարակ... Փրկվեցին միայն բարեկամներին ու ընկերներին վստահված ձեռագրերը:
Լեոնարդո Ալիշանի բանաստեղծությունները ներքին խոր բախումների, կուտակված ցավերի արտահայտություններ են: Ներանձնացյալ հոգու զրույց աշխարհի առարկաների, մարդու մարմնի ու նրա առանձին մասերի հետ արտակարգ ինքնատիպ ու հուզական, հոգեկան աշխարհի անձուկից աշխարհին մերթ մոտեցող, մերթ հեռացող տրամադրություններ. ծխախոտի գլանակ, հեռախոսասյուներ, ձկներ, առյուծներ («Ազատում», «Կենսա-մտահերձում»): Նրա վերջին բանաստեղծություններում կյանքի քաղաքացիական տրոփն ավելի զգալի է դառնում. «Նրանք տեղադրել են մահը մոր արգանդում, կեղծ ձեռք ու ոտքերը երկնառաքվում են ուտելիքի հետ: Նրանք մի ական են տեղադրել /Աստծո բարձի եւ իր աղավնիների երազի տակ («Հոգնած մտքեր»):
Աշխարհից օտարվելու ներքին վիճակները խորացնում են հոգու մենակության դրաման, բանաստեղծական պատկերին խորապես հուզականություն հաղորդում.
Ձյունը դիզվում է ձյունի վրա /մեկը չի ժպտում, բացի ձնե մարդը:
Լեոնարդո Ալիշանը շուրջ 20 տարի Յութայի համալսարանում դասավանդումը թողնելուց հետո նվիրվեց ստեղծագործական կյանքին, գրեց արձակ էջեր, կարճ պատմվածքներ, հոդվածներ, թատերգություն, որոնք հրատարակվեցին ամերիկյան եւ միջազգային գրական պարբերականներում: Նրա ստեղծագործությունների լեզուն պարսկերենն ու անգլերենն էր. ծագումով նա Իրանից էր եւ իր գրական արտադրանքը կրում է թե հայկական, թե պարսկական բանաստեղծության դրոշմը, արեւմտյան ժամանակակից քերթողական արվեստին բնորոշ ոճով եւ մտածողությամբ: «Հոգնած մտքեր» բանաստեղծությունը հրատարակվել է «Burning Bush Publications»-ի կողմից եւ շահել 2003-ի People Before Profits Poetry Priz-ի առաջին մրցանակը:
Իսկ այն մնացած գործերը, որ գտնվում էին թիվ 7274 բնակարանում, անդարձ գնացին իրենց տարաբախտ հեղինակի հետ... Պահպանվածները 6 անտիպ հատորյակներ են կազմում:
Մ. ԲԱԴԱԼՅԱՆ