«Բանանց» Հայաստան-«Լոկոմոտիվ» Թբ. Վրաստանՙ 2-3 (0-1)
14 հուլիսի, Երեւան, «Հանրապետական» մարզադաշտ:
Մրցավարՙ Յանոշ Մեջիբիրո (Հունգարիա):
«Բանանց»- Մանուչարի Իվարդավա, Հովհաննես Գրիգորյան, Աշոտ Գրիգորյան (Արա Խաչատրյան, 59), Կարեն Սիմոնյան, Սերգեյ Սեկու, Արա Կարապետյան, Յուրի Դուդնիկ, Ռոմեո Ջենեբյան (Աղվան Հայրապետյան, 54), Արամ Հակոբյան, Սամվել Մելքոնյան, Դմիտրի Գուշիլա (Տիգրան Ղարաբաղցյան, 52):
«Լոկոմոտիվ»- Բեկա Շեկրիլաձե, Ռոին Օնիանի, Գեորգի Օնիանի, Միխայիլ Մաքվիլաձե, Գեորգի Սետուրիձե, Լաշա Կեբաձե, Գեորգի Կակելիշվիլի, Իսլոմ Ինոմով, Գեորգի Ալավերդաշվիլի (Գեորգի Դիփիանի, 84), Թեյմուրազ Պուրտուկիա (Դաչի Պոպկաձե, 66), Դավիթ Շիրաձե (Գեորգի Չիվաձե, 71):
Գոլերըՙ Ալավերդաշվիլի (41), Կեբաձե (47), Գ. Օնիանի (53ՙ 11 մ), Հակոբյան (82), Ղարաբաղցյան (89):
Զգուշացվեցինՙ Ռ. Օնիանին եւ Մելքոնյանը:
Այս էլ որ տարին եվրոպական գավաթների մեկնարկը հայ ֆուտբոլասերներին հիասթափություն է պատճառում: Երկրի չեմպիոն «Փյունիկից» հետո իր անդրանիկ խաղում, այն էլ սեփական հարկի տակ պարտություն կրեց նաեւ առաջնության բրոնզե մրցանակակիր «Բանանցը»: Հաշվետու խաղում «Բանանցի» կազմում խաղադաշտ էին դուրս եկել երեք լեգեոներներ: Սերգեյ Սեկուն կատարում էր ազատ պաշտպանի պարտականությունը, կիսապաշտպանությունում հանդես էր գալիս Յուրի Դուդնիկը, իսկ առջեւի գծումՙ Դմիտրի Գուշիլան: Առաջ անցնելով նշենք, որ մարզիչների այս քայլն իրեն ոչնչով չարդարացրեց: Եվ դա բնական է, քանի որ վերջին պահին թիմ հրավիրված օտարերկրացի ֆուտբոլիստների համար հեշտ չէր կարճ ժամանակահատվածում համագործակցություն հաստատել նոր խաղընկերների հետ: Իսկ ինչ վերաբերում է «Բանանցի» տեղացի ֆուտբոլիստներին, ապա նրանք էլ չկարողացան իրենց ինչպես հարկն է դրսեւորել: Արդյունքում թիմը մեկնարկում պարտություն կրեց եւ կարելի է վստահորեն ասել, որ դուրս մնաց հետագա պայքարից:
Ցավն այն է, որ «Բանանցը» պարտվեց իրեն ոչնչով չգերազանցող մրցակցին: Ակնհայտորեն զգացվում էր, որ վրաց ֆուտբոլիստները, որոնց մոտ դեռեւս նախապատրաստական շրջանն է ընթանում, լավ մարզավիճակում չեն: Սակայն, չնայած դրան, նրանք կարողացան արդեն երկրորդ խաղակեսի սկզբնամասում վճռել հանդիպման ելքը:
Այս խաղում «Բանանցի» ֆուտբոլիստների մոտ գրեթե ոչինչ չէր ստացվում: Հարձակման գծում պակասում էր սրությունը, ստեղծագործական միտքը: Իսկ պաշտպանությունում հաճախակի սխալներ էին թույլ տրվում, ինչի հետեւանքով էլ գնդակները հայտնվեցին «Բանանցի» դարպասում: «Լոկոմոտիվը» կարող էր խաղը շահել խոշոր հաշվով: Սակայն վրաց ֆուտբոլիստները երեւի թե երկրորդ խաղակեսի սկզբին գործն արդեն ավարտված համարեցինՙ հանգստանալով ձեռք բերածով: Իսկ «Բանանցը» կարողացավ օգտվել մրցակցի ժամանակավոր հանգստությունից եւ խաղավերջում կազմակերպած մի քանի սրընթաց գրոհների շնորհիվ կրճատեց հաշվի տարբերությունը: Սակայն դա ուշացած պոռթկում էր: Ընդհանուր առմամբ թիմի խաղից տպավորությունը շատ տխուր էր եւ պարտությունն էլՙ օրինաչափ:
Զարմանք է պատճառում «Բանանց» ակումբի ղեկավարության որդեգրած ֆուտբոլային քաղաքականությունը: Ամեն տարի եվրոգավաթներին նախապատրաստվելիս թիմի ղեկավարությունը նշում է, որ հիմնական շեշտը դնելու է լեգեոներների վրա, սակայն հերթական անհաջողությունից հետո հայտարարում, որ հարկ է ապավինել սեփական երիտասարդ կադրերին: Ընթացիկ մրցաշրջանի սկզբում էլ թիմ հրավիրվեցին մի խումբ լեգեոներներ, որոնք իրենց այնքան էլ վատ չէին դրսեւորում, սակայն մրցաշրջանի կեսին նրանցից շատերից հրաժարվեցին եւ կրկին հայտարարվեց, որ հիմնական շեշտը դրվելու է տեղի երիտասարդ կադրերի վրա: Բայց վերջին պահին կրկին քաղաքականությունը փոխվեց եւ շտապ կարգով եվրոգավաթների շեմին թիմ հրավիրվեցին լեգեոներներ: Նման մոտեցումով, իհարկե, դժվար է հաջողություն ակնկալել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ