ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս: Թեպետ ասուլիսի գլխավոր թեման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ երկու օր առաջ տեղի ունեցած հանդիպումն էր, Ա. Ղուկասյանը պատրաստակամություն հայտնեց պատասխանելու նաեւ լրագրողների տարաբնույթ հարցերին, քանի որ, նրա խոսքերով, երկար ժամանակ լրագրողների հետ այսպիսի հանդիպում չի եղել:
Պատասխանելով ԵԱՀԿ ԽՎ ղարաբաղյան հարցով զեկուցող Գորան Լենմարկերի արտահայտած տեսակետիՙ Ղարաբաղը Հայաստանին միացնելու վերաբերյալ հարցին, Ա. Ղուկասյանը ողջունելի համարեց Լենմարկերի այս համարձակ մոտեցումը:
Առհասարակ, նշեց նա, բոլոր նրանք, ովքեր ղարաբաղյան կարգավորմանը առնչվել են, համոզվել են բանակցություններում ԼՂՀ-ի մասնակցության անհրաժեշտության մեջ: «Իսկ եթե Ադրբեջանը չի ուզում խոսել Ղարաբաղի հետ, նշանակում է խուսափում է հակամարտության լուծումից», ասաց նախագահը: Նա հրաժարվեց մեկնաբանել մամուլում վերջերս շրջանառվող, այսպես կոչված, հիմնախնդրի լուծման տարբերակները, պատճառաբանելով, որ բանակցություններն ընթանում են կոնֆինդենցիալ, եւ կոռեկտ չլինի իր կողմից խաղաքարտերը բացել:
Լրագրողներին հետաքրքրում էր Լաչինի միջանցքի հետագա ճակատագիրը կարգավորման հնարավոր տարբերակներում: ԼՂՀ նախագահն ասաց, որ Լաչինը չպիտի դառնա բանակցությունների առարկա, քանի որ ԼՂՀ-ն Հայաստանին կապող ճանապարհն է եւ Ղարաբաղի անվտանգության առումով ունի մեծ նշանակություն:
Անդրադառնալով համանախագահների արտահայտած այն տեսակետին, թե բանակցություններում կան դրական տեղաշարժեր, Ա. Ղուկասյանը դրան համաձայնեց այն տեսանկյունից, որ Ադրբեջանը ներկայումս փորձում է հեռանալ ագրեսիվ դիրքորոշումից: «Այսօր մեզ համար թիվ 1 հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է, եւ Ադրբեջանը դա հիմա քննարկում է համանախագահների հետ», շեշտեց Ա. Ղուկասյանը: Որպես եւս մեկ դրական փաստ, նա նշեց, որ հակամարտության կողմերը արդեն չեն խուսափում այն հարցերի քննարկումից, որոնք ներկայացրել է հակառակ կողմը:
«Ազգ»-ի այն հարցին, թե արդյոք զինադադարից հետո ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ փոխշփման ուղղությամբ քայլեր արվե՞լ են, Ա. Ղուկասյանը պատասխանեց, որ էական շփումներն Ադրբեջանի հետ հրադադարի ու համատեղ կոմյունիկեի ընդունումն է եղել: Շփումները հիմնականում տեղի են ունեցել Մինսկի խմբի շրջանակում, երբ բանակցային գործընթացին մասնակից էր նաեւ Լեռնային Ղարաբաղը: Սակայն դա եղել է մինչեւ 1997 թվականը: Դրանից զատՙ փոխշփումներ եղել են Ադրբեջանի ու ԼՂՀ-ի արտաքին գերատեսչությունների ու խորհրդարանների ներկայացուցիչների մակարդակով:
«Ազգի» հաջորդ հարցը վերաբերում էր ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի Ստեփանակերտում ակնարկած «անհրաժեշտ փուլին», որն ըստ էության նախապատրաստություն էՙ փորձագետների մակարդակով զբաղվելու կարգավորման տեխնիկական, մոդելային դետալներով: Ա. Ղուկասյանը դա վաղաժամ համարեց, նշելով, որ երբ կարգավորման սկզբունքների շուրջը համաձայնություն լինիՙ այդժամ անհրաժեշտ կլինի ներգրավել փորձագետներին, որովհետեւ միայն արտգործնախարարների միջոցով հնարավոր չէ վերջնական փաստաթղթի պատրաստումը:
Նախագահը ներկա փուլում բացառեց Ադրբեջանի հետ համատեղ հայտարարության հավանականությունը, բայց եթե որոշ հարցերի շուրջը ստեղծվի երկուստեք համաձայնությունՙ հնարավոր է համատեղ հանդես գան ինչ-որ բանի մասին հայտարարությամբ, սակայն դա երկար գործընթաց է:
Հնարավո՞ր են, ինչպես Ադրբեջանական կողմն է առաջարկում, այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի շփումները ԼՂ հայ հանրության հետ: Ա. Ղուկասյանը դա որակեց որպես «Ադրբեջանի իշխանությունների հեղինակած թատրոնի տարր», նշելով, որ այս տրամաբանությամբ ադրբեջանցիները պիտի շփումներ ունենան նաեւ Ղարաբաղի ռուսական, հունական եւ այլ համայնքների հետ:
Նախագահը ձեռնպահ չմնաց նաեւ այլ բնույթի հարցադրումներին պատասխանելուց: Մասնավորապես նա ժխտեց մամուլում հրապարակված տեղեկատվությունը Երեւանում սեփական հիվանդանոց ունենալու մասին: «Կան մարդիկ, որոնք հատուկ նպատակով են այդպիսի լուրեր տարածում: Ես պատրաստ եմ հեռախոսս տրամադրել լրագրողներինՙ նման կարգի տեղեկությունները անմիջապես ինձ հետ ճշտելու նպատակով», ասաց Ա. Ղուկասյանը:
Անդրադառնալով Պավլիկ Մանուկյանի հետ կապված միջադեպին, նախագահը անընդունելի համարեց անձնական հաշվեհարդարը, նշելով, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, եւ Ս. Օհանյանը պետք է, որ իրեն հասցված վիրավորանքին միայն իրավական վերաբերմունք ցուցաբերեր: Հարցը քաղաքականացնել չի կարելի, իսկ այն փաստը, որ միջադեպն անմիջապես հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում, խոսում է այն մասին, որ դա հազվադեպ երեւույթ է մեզ մոտ, շեշտեց Ա. Ղուկասյանը:
«Ազգ»-ին հետաքրքրում էրՙ արդյոք նախագահին կից գործո՞ւմ է որեւէ կառույց, որն զբաղվում է հանրապետությունում կադրային ներուժի ուսումնասիրմամբ: Ա. Ղուկասյանը ընդունելով նման կառույց ունենալու անհրաժեշտությունը, նշեց, որ ինքն այս կապակցությամբ մտադիր է նաեւ հասարակական խորհրդականների ինստիտուտ ստեղծել:
Անդրադարձ եղավ ԼՂՀ սահմանադրություն ունենալու հեռանկարին: Նախագահը տեղեկացրեց, որ իր գլխավորած հանձնաժողովը մշակել է սահմանադրության նախագիծ: Քանի որ նոր ուժեր են եկել խորհրդարան, ուստի պիտի հաշվի առնվի նաեւ նրանց կարծիքը: Թեպետ Վենետիկի հանձնաժողովը պայմաններ չի դրել ԼՂՀ առաջ, սակայն Ղարաբաղը պարտավոր է իր սահմանադրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին: Այդուհանդերձ, մինչեւ տարեվերջ նախագիծը կներկայացվի Ազգային ժողով, բնականաբար, հանրությանը նույնպես իրազեկելով դրա բովանդակությանը, հավաստիացրեց նախագահը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ