1995 թվականի հուլիսի 18-ին հիմնադրված Երեւանի մամուլի ակումբը հետխորհրդային շրջանում ստեղծված լրագրողական առաջին հասարակական կազմակերպությունն է, որն արդեն 10 տարի զբաղվում է լրագրողների իրավունքների պաշտպանության, տեղեկատվության ազատության եւ մատչելիության, լրատվամիջոցների ինքնակարգավորման, էթիկայի եւ այլ խնդիրներով: Ակումբի կարեւորագույն նպատակներից մեկը եղել եւ մնում է միջազգային լրագրությանը համաքայլ ընթանալը, որի համար կազմակերպվել են հրատապ հարցեր շոշափող բազմաթիվ սեմինարներ, այդ թվումՙ արտագնա, դրանց մասնակից դարձնելով մեծաթիվ լրագրողների: Ակումբը ծավալում է նաեւ հրատարակչական լայն գործունեություն, անհրաժեշտ գրականությամբ ապահովելով ինչպես բուհերի լրագրության բաժիններին, այնպես էլ փորձառու լրագրողներին:
Հետադարձ հայացք գցելով իրենց 10-ամյա գործունեությանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշում է, որ սկզբնապես իրենք նպատակ էին հետապնդել զբաղվելու հիմնականում տարածաշրջանային խնդիրներով, բայց աշխարհաքաղաքական զարգացումներն ու հարեւան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների արագընթաց փոփոխությունները ակնհայտ դժվարություններ էին առաջացնումՙ անհնարին դարձնելով նույնիսկ 1 տարվա նախատեսված աշխատանքների պլանավորումը: «10 տարվա ընթացքում եղան բազմաթիվ նոր մարտահրավերներ, որոնց մենք պարտավոր էինք անդրադառնալ: Այսօրվա մեր թիվ մեկ խնդիրը լրատվամիջոցների ինքնակարգավորման համակարգի ստեղծումն է, եւ մեզ ուրախացնում է հատկապես այն, որ լրագրողական դաշտն արդեն դրականորեն է արձագանքում մեր առաջադրած սկզբունքներին, որոնք 1995-96 թթ. նվազ ուշադրության էին արժանանում, հաճախ նույնիսկ ագրեսիվ վերաբերմունքի հանդիպում: Այժմ կան մարդիկ, որոնք այն ժամանակ մերժած սկզբունքներն ընկալում են որպես շատ կարեւոր մի բան, որը հնարավորություն կտա զարգացնելու լրատվության ոլորտը: Ընդհանուր առմամբ մեր հիմնական ուղղությունները մնում են կայուն, եւ նրանց մեջ տեղավորվում են բոլոր խնդիրները: Դա ամենից առաջ լրատվամիջոցների օրենսդրական դաշտի բարելավումն է եւ դրա հետ կապված այլընտրանքային մեխանիզմների ստեղծումը, այսինքնՙ լրատվամիջոցների ինքնակարգավորման համակարգը, որովհետեւ որքան ուժեղ է ինքնակարգավորման ինստիտուտը, այնքան վերանում է իրավական եւ պետական մեխանիզմներով միջամտությունը: Երկրորդ ուղղությունը կրթականն է. եթե նախկինում դա արվում էր միայն գործող լրագրողների համար, այժմ արդեն համագործակցում ենք նաեւ համալսարանների հետ, որովհետեւ բոլորս գիտակցում ենք, որ լրագրողական կրթությունը Հայաստանում այն մակարդակի վրա չէ, ինչ պահանջում է այսօրվա ժամանակակից լրագրությունը», ասում է նա: Ակումբում ձեւավորված պրոֆեսիոնալ աշխատակազմը կարողանում է ճկուն եւ արագ փոխել գործունեության շեշտադրումներն ու ճիշտ կողմնորոշվելՙ ելնելով տվյալ պահի ամենաէական եւ գլխավոր հարցերից: Հենց դա է պատճառը, որ ակումբի ներկայացրած նախագծերը մշտապես արժանանում են դրամաշնորհների: Հայտնի բան է, որ տարբեր դրամաշնորհներով սնվող հասարակական կազմակերպությունները մեզանում շարունակաբար քննադատվում են, դրանից զերծ չի մնացել նաեւ Երեւանի մամուլի ակումբը:
«Մեր գործունեության ընթացքում կողմնորոշվել ենք ոչ թե դրամաշնորհային ծրագրերով, այլ առաջնային ենք համարել այն, ինչ տվյալ պահին անհրաժեշտ է եղել քաղաքացիական հասարակություն ստեղծելու համար: Հենց այսօր Հայաստանում պետք է ստեղծել այնպիսի վիճակ, որը մարդկանց թույլ կտա 2007-2008 թթ. ընտրություններն անցկացնել ազատ, գիտակից եւ պատասխանատու: Դրա համար հասարակության մեջ պետք է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ ոչ մեկը ընտրախախտում թույլ չտա: Դա, իհարկե, շատ բարդ խնդիր է, բայց հասել է այն պահը, որ բոլորս պետք է հասկանանք հետեւյալըՙ կամ Հայաստանը պետք է առաջադեմ աշխարհի հետ ընթանա նույն ուղղությամբ, կամ տասնյակ տարիներով, գուցե եւ դարերով մնա հետամնաց երկրների շարքում: Լրագրողներն այն խավն են, որ ամենից լավ են գիտակցում հարցի լրջությունը, հետեւաբար չպետք է սպասեն պետական ու քաղաքական գործիչների պատվերին: Ինչքան էլ խոսվում է մեր մամուլի կախյալ վիճակի մասին, կարծում եմ, որ արժանապատվություն եւ հասարակական պատասխանատվություն ունեցող յուրաքանչյուր պրոֆեսիոնալ ընդունակ է ինչ-որ բան անելու: Երբեք չեմ ընդունում այն գաղափարը, թե լրագրողներս դատապարտված ենք ապրելու այնպես, ինչպես մինչ օրս ապրել ենք: Այդպիսի կրթված ու զարգացած խավը իրավունք չունի անտարբեր լինելու, մենք պարտավոր ենք այնպես անել, որ լրագրողները զբաղվեն ոչ թե քաղաքական նեղ խնդիրներով, այլ օգնեն հասարակությանը հաջորդ ընտրությունները նոր որակով անցկացնելու», համոզված է Բորիս Նավասարդյանը:
Ակումբի աշխատակազմն այժմ ծրագրում է հեռուստատեսային նոր հաղորդաշար, քննարկումներ, հրապարակումներՙ համագործակցելով առաջատար լրատվամիջոցների հետ: Դրա հետ մեկտեղ շարունակում է պահպանել իր գործունեության հիմնական ուղղություններըՙ լրատվամիջոցների ինքնակարգավորում, կրթություն, միջազգային կապեր, հրատարակչական աշխատանք: Առ այսօր հրատարակվել են 20-ից ավելի մասնագիտական գրքեր, որոնք բաժանվել են լրագրողներին եւ առաջին հերթինՙ ուսանողներին: Տարածաշրջանի եւ արտասահմանյան մի շարք երկրների լրագրողական հեղինակավոր կազմակերպությունների հետ անմիջական շփումները հարստացրել են թե ակումբի աշխատակազմի, թե վերջինիս իրականացրած ծրագրերին մասնակցած լրագրողների մասնագիտական փորձն ու հմտությունները, ինչը, բնականաբար, դրականորեն է անդրադարձել նրանց աշխատանքի վրա:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ