1988 թ դեկտեմբերյան ողբերգական օրերից իր կենսագրությունը սկսած Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) գործունեության ընթացքում մեծ օգնություն է ցուցաբերել Հայաստանի առողջապահական ոլորտին` ներկրելով բուժսարքավորումներ եւ դեղամիջոցներ: Այս անգամ էլ ուշադրության կենտրոնում են մարզային բուժհիմնարկներն ու բժիշկների վերապատրաստման հարցը:
Մեկ ամիս առաջ մեկնարկած ՀՕՖ-ի «Մարզային բժիշկների վերապատրաստման» ծրագրի շրջանակներում արդեն մարզերից ընտրվել եւ Երեւանի բարձրակարգ հիվանդանոցներում առաջատար մասնագետների մոտ վերապատրաստվել են 4 մասնագետներ, որոնց երեկՙ ծրագրի ավարտից հետո հանձնվեցին վկայականներ: Ծրագրի ընթացքում բժիշկները մասնակցել են նաեւ օտար լեզվի եւ համակարգչային դասընթացների (բոլոր ծախսերը հոգացել է ՀՕՖ-ը): Դասընթացներին մասնակցել են 1 սրտաբան Սեւանից, 1 անեսթեզիոլոգ Գորիսից, 1 նեոնատոլոգ եւ 1 նյարդաբան Վանաձորից: Վերապատրաստված բժիշկների կարծիքով, մեկ ամիսը թեպետ քիչ, բայց շատ օգտակար ընթացք էր իրենց համար: Այն դրական ազդեցություն է թողել իրենց բժշկական պատկերացումների համար, ավելի մանրամասնորեն են ծանոթացել իրենց հուզող խնդիրներին եւ անգամ հիվանդների հետ շփվելու մանրուքներին: Իսկ նյարդաբան Գայանե Գասպարյանը նշեց, որ իրենք նորավարտ չեն, եւ 1 ամիսը օպտիմալ ժամկետ է խնդիրները տեսնելու համար: «Սա կարեւոր սկիզբ է, մնացածը մենք տեղում կանենք ախտորոշման եւ բուժման արդիական ձեւով», ավելացրեց նա: Ի դեպ, վերապատրաստում անցած բժիշկների հիմնարկներին ծրագրի շրջանակներում մոտակա մեկ տարվա ընթացքում մոտ 1 մլն դոլարի բժշկական սարքավորումներ կտրամադրվեն:
Ծրագրի համակարգող Համբարձում Սիմոնյանի խոսքերով, վերապատրաստված բժիշկները մշտապես կապի մեջ են լինելու վերապատրաստում անցած իրենց հիմնարկների եւ մասնագետների հետ, կկարողանան օգտվել ՀՕՖ-ի միջոցով անընդմեջ թարմացվող հանրապետական գիտաբժշկական գրադարանից, որը բժիշկներին հնարավորություն կտա ծանոթանալու բժշկության ամենավերջին նորություններին:
Ծրագրի համահեղինակ Բելա Գիրգորյանը նշեց, որ ծրագիրը կշարունակվի, եթե լինի արդյունավետ եւ կտեւի այնքան, որքան կֆինանսավորվի` հնարավորություն ընձեռելով ավելի շատ մարզերի բժիշկներ ընդգրկել ծրագրի մեջ:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ