«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2005-07-19 | #133, 2005-07-20 | #134, 2005-07-21


ՄՈԼՈՐԱԿ ՀԱՄԱՐ x+y

«Դու հավիտյան պատասխանատու ես նրա համար, ում ընտելացրել ես»:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

- Իսկ ինչպե՞ս են ընտելացնում,- հարցրեց Փոքրիկ իշխանը:

- Դա վաղուց մոռացված հասկացություն է,- պատասխանեց աղվեսը: -Դա նշանակում է կապվել մեկի հետ:

Օրերս Կոտայքի մարզի Կոտայք գյուղում բեմադրվեց ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթը: Բեմադրությունը նախաձեռնել էին գյուղի երեխաները եւ այնտեղ կազմակերպված ամառային աշխատանքի միջազգային կամավորական ճամբարը:

Կոտայք գյուղը «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կառույցներից է: Գյուղում ապրում են 2-15 տարեկան միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ, ինչպես նաեւ ծնողների խնամքից զրկված երեխաներ: Այստեղ նրանք ապրում են ՍՕՍ-ընտանիքներում ՍՕՍ-մայրերի հետ, ովքեր հարազատ մոր նման խնամում են երեխաներին, տալիս մայրական սեր, ջերմություն: Յուրաքանչյուր ընտանիքում կա 6-8 երեխա:

Կամավորական ճամբարը կազմակերպվել է հուլիսի 1-15-ը ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի եւ Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի (HUJ) կողմից իր` «Ամառային աշխատանքի միջազգային կամավորական ճամբարներ» ծրագրի շրջանակներում: Ճամբարում ընդ-գրկված են տասնութ կամավոր երիտասարդներ Հայաստանի Հանրապետությունից եւ արտասահմանից: Այս գյուղում նմանատիպ ճամբարՙ շտաբը կազմակերպել է 10 տարի առաջ: Շտաբն արդեն քառասուն տարվա պատմություն ունի, գրանցված է որպես միջազգային հասարակական կազմակերպություն: Նա ամեն տարի կամավորների է փոխանակում աշխարհի տարբեր երկրների հետ, որտեղ վերջիններս կատարում են անվարձահատույց, հանրօգուտ, մարդասիրական աշխատանքներ: Մարդասիրական աշխատանք է կատարվում նաեւ «Կոտայք» ՍՈՍ-մանկական գյուղում: Կամավորների ավագ Հասմիկ Նահապետյանն ասում է.

- Երբ ինձ բարկացնում են, ես նրանց նկատողություն էլ եմ անում: Այնուամենայնիվ նրանք բոլորն էլ պաշտպանության կարիք ունեն:

Մենք ուզում ենք, որ մեր աշխատանքն օգնի երեխաներին:

- Ես զարմացած եմ երեխաների ինձ հետ կապվածությունից,- ասում է ֆրանսիացի Ժոֆրեյ Ժաուդինոթը,- նրանք ամեն առավոտ գալիս եւ փաթաթվում են ինձ:

- Ես նրանց շատ եմ սիրում, նրանք էլ` ինձ:

- Մեր գլխավոր նպատակն է օգնել երեխաներին, որպեսզի իրենց զգան հասարակության լիիրավ անդամներ, - ասում է շտաբի վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանը, - օգնել, որպեսզի երեխաները հաղորդակցվեն արտաքին աշխարհի հետ եւ ի վերջո ստանան ջերմություն, նվիրվածություն:

«Փոքրիկ իշխանը» բեմադրելիս մասնակիցները ներկայացնում էին տարբեր մոլորակներ, սակայն բոլորին միավորում էր սիրո ու նվիրվածության գաղափարը: Երեխաներն իրենց զգում են սիրված: Նրանք միայնակ չեն աշխարհում, ունեն ընտանիք, մայր, քույրեր, եղբայրներ եւ ընկերներ, նույնիսկ ընկերներ աշխարհի տարբեր երկրներում:

Կամավորները երեխաների հետ անցկացնում են անգլերենի, նկարչության, երաժշտության, պարի պարապմունքներ: Երեխաներն էլ իրենց հերթին արտասահմանցի կամավորներին սովորեցնում են հայոց լեզու, ժողովրդական պարեր, երգեր:

- Նրանք շատ ընդունակ են, ամեն ինչ շատ արագ են սովորում,- ասում է գերմանուհի կամավոր Ելենա Ֆրենցելը:

Իսկ ֆրանսուհի Նաթալի Վիերուցին ասում է, որ ինքն իրեն միշտ պատասխանատու է զգում այս գյուղի երեխաների համար եւ մեկնելուց հետո էլ միշտ կապված կլինի նրանց հետ:

Երեխաներից շատերը կամավորներին անվանում են «այլմոլորակայիններ»:

Օրինակ` Ալբերտն ասում է.

- Առաջին անգամ էի տեսնում երկար մազերով տղա, ինչպիսին է Ջիամփաոլոն: Նա ֆուտբոլիստ է եւ մեզ ֆուտբոլ խաղալ է սովորեցնում: Նա իտալացի է, քսանվեց տարեկան է, բայց մեր ընկերն է:

Ջիամփաոլոն էլ լավ կարծիք ունի հայ երեխաների մասին.

- Իտալացի երեխաները շատ քմահաճ են, նրանք մտածում են միայն համակարգչային խաղերի մասին, սակայն հայ երեխաներն այդպիսին չեն: Այստեղ կան ե՛ւ ինքնամփոփ, ե՛ւ մարդամոտ երեխաներ: Բոլորն էլ շատ հարգալից են մեծերի հանդեպ, ընկերասեր են: Մենք արդեն ընկերացել ենք, ինձ համար դժվար է բաժանվել նրանցից:

Երեխաների համար էլ դժվար է բաժանվել կամավորներից:

- Մնաս բարով,- ասաց Փոքրիկ իշխանը աղվեսին:

- Գնաս բարով,- ասաց աղվեսը:- Ահա իմ գաղտնիքը` միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորն աչքով չես տեսնի:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4