«Փյունիկ» Հայաստան-«Հակա» Ֆինլանդիաՙ 2-2 (2-1)
20 հունիսի, Երեւան, «Հանրապետական» մարզադաշտ:
Մրցավարՙ Սորին Կորպոդեան (Ռումինիա):
«Փյունիկ»-Էդգար Գասպարյան, Արմեն Տիգրանյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Սարգիս Հովսեփյան, Աղվան Մկրտչյան, Արթուր Ոսկանյան (Վալերի Ալեքսանյան, 75), Մամադու Դիավարա, Ռոբերտ Արզումանյան, Լեւոն Փաչաջյան, Ռաֆայել Նազարյան, Տիգրան Դավթյան (Վարդան Պետրոսյան, 76):
«Հակա»-Միկո Վիլմունեն, Յուսո Կանգասկորպի, Լասե Կարյալայնեն (Չեյն Ֆաուլեր, 46), Յարկո Օկոնեն, Յուխա Պասոյա, Կալե Երոլա, Միկո Ինանեն, Յանի Կաուպիլա, Միկո Մանինեն (Յարկո Յուուտի, 84), Յանե Սալի, Յառնո Մատիլա (Էռնո Ռոզենբերգ, 69):
Գոլերըՙ Փաչաջյան (3), Դիավարա (30), Մատիլա (39), Ֆաուլեր (62):
Զգուշացվեցին Թադեւոսյանը եւ Ինանենը:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկի» առջեւ երկու խնդիր էր դրված: Նախՙ անհրաժեշտ էր որքան հնարավոր է շուտ հասնել արդյունքիՙ խփելով երկու գնդակ, եւ երկրորդՙ սեփական դարպասը պահել անառիկ: Եթե այդ խնդրի առաջին մասը «Փյունիկը» գերազանց կատարեց, ապա, ցավոք, երկրորդ մասի իրականացումը չհաջողվեց, որի հետեւանքով էլ Հայաստանի չեմպիոնը դուրս մնաց հետագա պայքարից:
Խաղասկիզբը շատ խոստումնալից էր «Փյունիկի» համար: Արդեն 3-րդ րոպեին ձախ թեւից Աղվան Մկրտչյանի փոխանցումը դիպուկ հարվածով եզրափակեց Լեւոն Փաչաջյանը: Արագ արդյունքի հասնելը թե՛ «Փյունիկի» ֆուտբոլիստների, թե՛ ֆուտբոլասերների մոտ հանդիպման բարեհաջող ավարտի հույսեր արթնացրին: Առաջին խաղակեսի կես ժամում ծավալված գործողություններն ավելի ամրապնդեցին այդ լավատեսությունը: Ոգեւորված գոլից, դաշտի տերերը սրընթաց գրոհներ էին կազմակերպում դեպի մրցակցի դարպասը: Հյուրերը գրեթե ողջ թիմով նահանջել էին սեփական կիսադաշտը եւ պաշտպանվում էին մեծ ուժերով: Նրանք դաշտի բոլոր հատվածներում դիմել էին մամլիչ գործողություններիՙ փյունիկցիներին զրկելով ազատ գործելու հնարավորությունից: Չնայած դրան, դաշտի տերերին հաջողվում էր սպառնալից պահեր ստեղծել ֆինն ֆուտբոլիստների դարպասին: Եվ ահա 30-րդ րոպեին «Փյունիկը» հասավ նոր հաջողության: Իր վարպետությամբ աչքի ընկավ այս խաղում ակտիվ գործող Մամադու Դիավարան: Եվ կրկին գոլային փոխանցման հեղինակն Աղվան Մկրտչյանն էր, որը եւս ողջ հանդիպման ընթացքում աչքի ընկավ իր ագրեսիվ գործողություններով:
2-0 հաշիվը մեծ առավելություն էր նման մրցակցությունում, մանավանդ որ հյուրերի մոտ հարձակողական գործողությունները չէին ստացվում: Ապահովության համար փյունիկցիներին անհրաժեշտ էր եւս մեկ գոլ խփել, որից հետո, կարծում ենք, «Հական» այլեւս ընդունակ չէր լինի բեկում մտցնելու մրցակցությունում: Սակայն, ինչպես հաճախ է պատահել հայկական թիմերի մասնակցությամբ հանդիպումներում, «Փյունիկն» անհեթեթ գոլ բաց թողեց սեփական դարպասը: Աններելի սխալ թույլ տվեց թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը, որը փոխանակ գնդակը հետ փոխանցելու դարպասապահին, կամ էլ պարզապես հեռացնելու սեփական կիսադաշտից, փորձեց խաբս տալ մրցակցի հարձակվողին: Վերջինս խլելով գնդակը, այն ուղարկեց դատարկ դարպասը: Փաստորեն, փորձառու Հովսեփյանի աններելի սխալը ճակատագրական եղավ թիմի համար: Հարկ է նաեւ նշել, որ «Փյունիկի» երիտասարդ դարպասապահ Էդգար Գասպարյանն իրեն վստահ չէր զգում դարպասումՙ ավելորդ լարվածություն ստեղծելով պաշտպանական օղակում: Եվ դա էր պատճառը, որ պաշտպանները վախենում էին գնդակը հետ ուղարկել իրենց դարպասապահին:
Թվում էր, թե ընդմիջումից հետո «Փյունիկը» նույն ոգեւորությամբ կգործի: Սակայն, ինչպես երեւում է, բաց թողած գոլը հոգեբանորեն ազդել էր նրանց վրա, բացի այդ էլ զգացնել տվեց հոգնածությունը: Ճիշտ է, դաշտի տերերն ավելի շատ էին տիրում գնդակին եւ շարունակում էին դարպասը գրավելու ուղիներ գտնել, սակայն նրանց գործողություններում աչք էր զարնում միօրինակությունը: Որպես կանոն գնդակը բարձրից փոխանցվում էր մրցակցի տուգանային հրապարակ:
Իսկ ահա հյուրերը երկրորդ խաղակեսում զգալիորեն ակտիվացան: Անշուշտ, նրանք եւս զգացին, որ «Փյունիկի» թիկունքն ապահով չէ: Հանդիպման 62-րդ րոպեին կրկին անվստահ խաղաց դարպասապահ Գասպարյանը, որի արդյունքում Ֆաուլերը հավասարեցրեց հաշիվը: Այսպիսով, հաջող սկիզբը իր շարունակությունը չգտավ, եւ փյունիկցիներին չհաջողվեց ռեւանշի հասնել առաջին խաղում կրած պարտության դիմաց: Իհարկե, ցավալի է, որ մեր չեմպիոնը չկարողացավ հաղթահարել ֆիննական արգելապատնեշը: Իսկ մրցակիցը բնավ էլ ուժեղ չէր «Փյունիկից»: Ցավոք, ակումբի ղեկավարությունն այդպես էլ չկարողացավ ուժեղացնել թիմի կազմը եվրոգավաթների մասնակցության համար: Դա վերաբերում է հատկապես դարպասապահին
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ: