«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2005-07-20 | #134, 2005-07-21 | #135, 2005-07-22


ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ. «ԿՈՂՄԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՇԱՏ ՀԵՌՈՒ ԵՆ»

Լեռնային Ղարաբաղի անկախությունը սակարկության առարկա չէ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում վերջին ամիսներին նկատվում է առաջընթաց, սակայն բուն գործընթացը, ինչպես երեկ Մամուլի ազգային ակումբում նշեց ԼՂՀ արտգործնախարարը, լուրջ փոփոխություններ չի կրել: «Կողմերի դիրքորոշումները շատ հեռու են, (բանակցություններում) կոնկրետ արդյունքներ չկան», ասաց Արման Մելիքյանը:

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը մի քանի օր առաջ հայտարարեց, որ հակամարտության կողմերը, ինչպես երբեք, մոտ են խաղաղությանը: Իսկ արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, որ «առայժմ վաղ է խոսել համաձայնագրի մասին, քանզի բանակցությունները շարունակվում են»: «Բոլոր դեպքերում, բանակցություններն ընթանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ սահմանադրության հիմքի վրա», պնդել է Մամեդյարովը:

ԼՂՀ արտգործնախարարը չի բացառում, որ պաշտոնական Բաքվի լավատեսական հայտարարություններն ուղղված լինեն այլ լսարանի: «Լեռնային Ղարաբաղի անկախությունը սակարկության առարկա չէ, այդ մասին գիտեն ե՛ւ Բաքվում, ե՛ւ Երեւանում, ե՛ւ համանախագահները», ասաց Մելիքյանը մամուլի ասուլիսում:

Հուլիսի 10-16-ը տարածաշրջանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները: Ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը մամուլի ասուլիսում հայտարարեց, որ «լուրջ առաջընթացի հասնելու համար կա լուրջ հնարավորություն», սակայն «հնարավորությունների առկայությունը չի երաշխավորում, որ դա անպայման տեղի կունենա», «այսօր կողմերի դիրքորոշումներն անհամեմատ մոտ են, քան նախորդ ամռանը կամ ձմռանը»: Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովն իր հերթին նշել էր, որ միջնորդներն աշխատում են «ձեւակերպումների վրա»:

Արման Մելիքյանը երեկ նշեց, որ հստակ առաջընթացի մասին խոսելն անիմաստ է ու վաղաժամ, եւ այսօր կարող է խոսք գնալ միայն կարգավորման սկզբունքների ճշգրտման մասին: «Սկզբունքները դեռեւս ձեւավորված չեն», ասաց նա:

ԼՂՀ արտգործնախարարն ընդգծեց նաեւ, որ Ստեփանակերտը «բավարար ծավալով տեղեկացված է բանակցություններին», մյուս կողմիցՙ «այսօր բանակցություններն ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, բայց եթե ասեմ, որ մենք մասնակիցն ենք այդ բանակցությունների, ճիշտ չէ»: Մելիքյանի գնահատմամբՙ ղարաբաղյան կողմն անպայման պետք է մասնակից դառնա բանակցություններինՙ հստակ իմանալով, որ դա խաղ չէ:

Ակնհայտորեն ղարաբաղյան կողմը դժգոհ է այսօր ձեւավորված բանակցային ձեւաչափից, եւ Ստեփանակերտն ամենայն հավանականությամբ դժգոհ է ե՛ւ Երեւանից, ե՛ւ Բաքվից, ե՛ւ համանախագահներից: Պաշտոնական Բաքուն պատրաստակամություն է հայտնում բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ, բայց ոչ թե որպես հակամարտության կողմի, այլ Ադրբեջանի հայկական համայնքի:

Երեւանի դիրքորոշումն այս հարցում ոչ միայն հակասական է, այլեւ անհեթեթ: Այսպես, եթե արտգործնախարարությունը ժամանակ առ ժամանակ սպառնում է Ադրբեջանին, թե իբր դուրս կգա բանակցային գործընթացից, եւ Բաքուն ստիպված կլինի խոսել Ստեփանակերտի հետ, ապա արտգործնախարար Վարդան Օսկանյանը մարտի 30-ին ԵԱՀԿ գործող նախագահ Ռուպենի հետ համատեղ մամուլի ասուլիսում, անդրադառնալով բանակցային գործընթացին ղարաբաղյան կողմի հնարավոր մասնակցությանը, նկատեց. «Ինչքան շուտ, այնքան լավ»:

Բոլորովին այլ է Հայաստանի նախագահի դիրքորոշումը: Փետրվարի 26-ին «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը նկատել էր, որ բանակցային գործընթացն ավելի ընդգրկուն է, քան իր եւ Ալիեւի հանդիպումները: Նախագահը պնդել էր, որ «ԼՂՀ-ն ողջ գործընթացի ակտիվ մասնակիցն է», բացի այդ, «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներում ես ներկայացնում եմ նաեւ Արցախի շահերը: Մենք, անշուշտ, ձգտելու ենք այդ ձեւաչափի մեջ ներգրավել ԼՂՀ-ն: Կարծում եմ, դա մեզ կհաջողվի»:

Արտգործնախարար Մելիքյանը, անդրադառնալով հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցին, նշեց. «Մենք նախընտրում ենք օտար ուժեր չտեսնել (տարածաշրջանում), խաղաղապահ ուժերի կարիք այսօր չունենք»: Ինչ վերաբերում է Կիպրոսի կառավարությանՙ Բաքվին ուղղված սպառնալիքին, թե կղզու թուրքական հատվածի հետ Ադրբեջանի օդային հաղորդակցություն հաստատելու դեպքում Նիկոսիան նույն օրինակով չվերթեր կկազմակերպի դեպի Ստեփանակերտ, ապա, ըստ Մելիքյանի, «այս հարցով ոչ կիպրական, ոչ հունական իշխանությունները մեզ չեն դիմել, եթե դիմենՙ մենք կողջունենք»:

ԼՂՀ արտգործնախարարն անլուրջ համարեց ադրբեջանական իշխանությունների հայտարարությունը, համաձայն որի ԼՂ հակամարտության կարգավորումից հետո Բաքուն պատրաստ է բազմամիլիոն ներդրումային ծրագիր իրականացնել ԼՂ-ում: Արման Մելիքյանը հիշեցրեց 80-ական թթ. վերջերը, երբ Մոսկվան Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի համար միջոցներ էր հատկացնում, մինչդեռ դրանք ծախսվում էին բացառապես ադրբեջանական գյուղերում, մասնավորապես Խոջալուում:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4