Հայաստանում ձեւավորվում է տարադրամի փոխանակման սեւ շուկա
Երեկ երեկոյան Տիգրան Մեծի պողոտայում գտնվող տարադրամի փոխանակման կետերի մեծ մասը փակ էր, ավելի ճիշտ, ինչպես սովորական է դարձել վերջին մի քանի ամիսներին, փոխանակման կետերի աշխատակիցները անցորդներին առաջարկում են փող փոխել: Ըստ էության, Հայաստանում ձեւավորվում է տարադրամի փոխանակման սեւ շուկա: Եթե վերջին մի քանի տարիներին առուվաճառքի դրամ-դոլար հարաբերակցությունը կես կամ 1 դրամ էր, ապա նույնը չի կարելի ասել վերջին մի քանի ամիսների համար: Օրինակ, առավոտյան փոխանակման կետերը 1 դոլարը կարող են գնել 444-445 դրամով, վաճառելՙ 448-450-ով, իսկ երեկոյանՙ համապատասխանաբար 440 եւ 450: 10 դրամի տարբերությունը թույլ է տալիս, որ փոխանակման կետերի առաջ հայտնվեն փողի անօրինական առուծախով զբաղվողներ:
Երեկ Հայաստանի կենտրոնական բանկը հաստատել էր դրամի հետեւյալ փոխարժեքները. 1 դոլարըՙ 447,19 դրամ, 1 եվրոնՙ 535,45, 1 ռուսական ռուբլինՙ 15,6: Փաստորեն վերջին 4 օրերին հայկական դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 11 դրամով, եվրոյի նկատմամբՙ 14 դրամով եւ ռուբլու նկատմամբՙ 0,4 դրամով: Միջազգային սակարաններում երեկ 1 եվրոն արժեր 1,21 դոլար, այսինքնՙ մի քանի ամիս շարունակվող եվրոյի արժեզրկումը վերջին օրերին կանգ է առել:
Թե ինչո՞վ է պայմանավորված 4 օրերին դրամի արժեզրկումը բոլոր տարադրամների, այդ թվում նաեւ վրացական լարիի նկատմամբ, մեր խելքի բանը չէ: Սովորաբար կտրուկ տատանումների դեպքում ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնյաները բերում են մի շարք գործոններ, ընդ որում այդ գործոններից յուրաքանչյուրը մատուցում են կոնկրետ դեպքի համար: Այսպես, երբ 2005 թ. սկզբներին միջազգային շուկայում դոլար-եվրո հարաբերակցությունը կայուն պահպանվում էր, իսկ այդ ընթացքում դրամը սրընթաց արժեւորվում էր դոլարի նկատմամբ, ԿԲ-ից բացատրում էին, որ ավելացել են մասնավոր փոխանցումները, այսինքնՙ դրսում ապրող մեր հայրենակիցները Հայաստանի իրենց բարեկամներին փող ավելի շատ են ուղարկում, կտրուկ ավելացել է զբոսաշրջիկների թիվը:
Երբ, օրինակ, ամռան ընթացքում դրամն արժեւորվում է դոլարի նկատմամբ, անմիջապես շրջանառության մեջ է դրվում մյուս գործոնը. հայաստանյան շուկայում տեղական արտադրության գյուղմթերքների ի հայտ գալն ազդում է դրամի կայունացման վրա: Նրանք, ովքեր չեն ծուլանում եւ պարզապես նայում են թվերինՙ արդյոք ամռան ընթացքում բոլոր տարիների՞ն է դրամն արժեւորվում դոլարի նկատմամբ, նկատում են, որ միայն վերջին 3 տարիներին է հայկական դրամն արժեւորվել: Արդեն ամառն իր իրավունքների մեջ է, այսինքնՙ հայկական շուկան ողողված է տեղական արտադրության ծիրանով եւ սմբուկով, սակայն դրամը չի ուզում արժեւորվել դոլարի նկատմամբ:
Ֆինանսական շուկայի մասնագետները, որոնց մեր բանկային պաշտոնյաները սովորաբար անվանում են դիլետանտներ, համոզված են, որ Հայաստանը չի կարող արհեստականորեն փոխարժեքներ սահմանել, սակայն կարճաժամկետ կտրվածքով լիովին ընդունակ է մեքենայությունների:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ