«Հայաստանի համար չկա ավելի կարեւոր ազգային խնդիր, քան ժողովրդավար-իրավական պետություն դառնալը»
Որտե՞ղ է գտնվում եվրոպական ուղին ընտրած Հայաստանը: Այս հարցի պատասխանը գտնելու նպատակով երեկ «Կոնգրես» հյուրանոցում ՀՀ ԱԳՆ-ն, «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամը եւ Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը (ՀՀՀԿ) կազմակերպել էին «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» համատեղ միջոցառումը, որի ընթացքում տեղի ունեցավ նաեւ «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» գրքի շնորհանդեսը:
Եվրոպական ինտեգրման հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն իր ելույթում նկատեց, որ Հայաստանը շարունակում է մնալ անցումային շրջանում, սակայն առանց լուրջ բարեփոխումների, այդ թվում սահմանադրական փոփոխությունների Հայաստանի հետագա ժողովրդավարական ընթացքը կարող է կասկածի տակ դրվել: Թորոսյանի կարծիքովՙ Հայաստանի համար եվրոպական ինտեգրացիան պետք է դառնա անշրջելի, ինչը կարեւոր է ե՛ւ հանրապետության ներքին կյանքի, ե՛ւ Լեռնային Ղարաբաղի հարցում: «Մենք Եվրոպայի մի մասն ենք, բայց չպետք է լինենք (Եվրոպայի) եզրայինը: Այսօր պետք են կտրուկ արմատական քայլեր», ասաց Թորոսյանը:
Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը շեշտեց վերջին տարիների Հայաստանի տնտեսական երկնիշ թվով աճը, որ 1,5 տարի առաջ մեկ շնչին ընկնող տարեկան եկամուտը 800 դոլար էր, այսօր արդեն 1200 է, եւ Հայաստանը ԵՄ-ի անդամության թեկնածու Բուլղարիայից այս ցուցանիշներով ընդամենը 30-40 տոկոսով է հետ մնում: «Մենք եվրոպական երկիր ենք, ԵԽ-ի անդամ: Մեկ տարի առաջ ստացանք եվրոպական հարեւանության կարգավիճակ: Մենք պետք է ենթարկվենք եվրոպական խաղի կանոններին, որոնք խիստ են», ասաց Դավթյանըՙ ընդգծելով, որ Հայաստանի ամենամեծ առեւտրային գործընկերը ԵՄ-ն էՙ 40 տոկոս. «Մենք պետք է ձգտենք եվրոպական նվազագույն մակարդակի»:
Եթե Տիգրան Թորոսյանի եւ Տիգրան Դավթյանի զեկուցումներում առավել ընդգծվում էր լավատեսությունը, ապա «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը եւ ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանն առավել հանգամանորեն անդրադարձան Հայաստանում ժողովրդավարական արժեքների հարգման, ավելի ճիշտՙ ոտնահարման խնդիրներին: Աբրահամյանի կարծիքովՙ դեպի Եվրոպա շարժվելու կամ չշարժվելու համար անհրաժեշտ է պատասխանել մեկ գլխավոր հարցիՙ ինչո՞վ ենք մենք շարժվում մեր պետության ու հասարակության ներսումՙ շահերո՞վ, թե՞ արժեքներով:
«Եթե մենք առաջնորդվում ենք արժեքներով, ուրեմն վերջ, մենք պիտի ինտեգրվենք Իրանին, գուցե Կուբային կամ Հս. Կորեային, որովհետեւ արժեքներով առաջնորդվելը շատ գեղեցիկ է հնչում, բայց գործնականումՙ ՀՀ պայմաններում նշանակում է, որ կան քուրմեր, քրմերի տեղակալներ եւ ներկայացուցիչներ, ովքեր տիրապետում են այդ արժեքների նվիրական գիտելիքներին, եւ նրանց ասածներով պետք է շարժվի հասարակությունը», ասաց Աբրահամյանը եւ կարծիք հայտնեց, որ Եվրոպային մոտենալու համար պետք է շարժվել շահերով: «Բայց ինչպե՞ս համադրել բոլորի շահերը: Իհարկեՙ պայմանավորվածություններով: Իսկ ո՞րն է պայմանավորվելու մեխանիզմը: Բնականաբարՙ երկխոսությունը»:
«Առավոտի» գլխավոր խմբագիրը շեշտադրեց երկխոսությունը ԶԼՄ-ներում. «Մամուլն ինքնին մենախոսական է: Հեռուստաընկերությունների մոտեցումը եւս մենախոսական է, բայց ոչ թե հեռուստադիտողների, այլ նախագահի ապարատի պահանջով»: Աբրահամյանի կարծիքովՙ ընդհանուր առմամբ մենախոսական է մեր մշակույթը, քանի որ Հայաստանի բնակիչներն օրինապաշտ չեն, երկրորդՙ հասարակության կառուցվածքը մենատիրական-ֆեոդալական էՙ կայսերական թեքումով:
Շավարշ Քոչարյանը կարեւորեց երկու հարց. որտե՞ղ է Հայաստանը, ո՞րն է առաջնայինըՙ ազգայի՞նը, թե՞ եվրոպականը: «Հայաստանի համար չկա ավելի կարեւոր ազգային խնդիր, քան ժողովրդավար իրավական պետություն դառնալը», ընդգծեց նա: Պատգամավորը կասկածի տակ դրեց Հայաստանի եվրոպական ինտեգրման անշրջելիությունը: Նախկին խորհրդային հանրապետություններից բալթյան երեք երկրները արդեն ԵՄ անդամ են, մինչդեռ երեք այլ երկրներՙ Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Բելառուսը նախընտրել են ավտորիտարիզմը: Քոչարյանի կարծիքով, բալթյան երկրներին ամենամոտ կանգնածը կոմունիստական Մոլդովան է, ապա Ուկրաինան եւ Վրաստանը: Միջինասիական երեք երկրներըՙ Տաջիկստանը, Ղազախստանը եւ Կիրգիզիան ավելի մոտ են ավտորիտար համակարգին, իսկ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը (որն ավելի մոտ է ավտորիտարիզմին) միջանկյալ դիրք են գրավում եվրոպական ժողովրդավարության եւ ասիական ավտորիտարիզմի միջեւ:
Երեկվա քննարկումն, անշուշտ, օգտակար էր: Սակայն պետք է նկատել, որ եթե իրոք Հայաստանի համար ընդունելին եվրոպական արժեքային համակարգն է, իսկ եվրոինտեգրումնՙ անշրջելի, ապա նախ եւ առաջ մեր երկրում չպետք է կեղծվեն ընտրությունները, չոտնահարվեն մարդու իրավունքները, իշխի օրենքը, այլ ոչ թե Քոչարյանի եւ նրա կամակատարների կամքը: Ու քանի դեռ Հայաստանում ոտնահարվում են եվրոպական այս երեք հիմնարար արժեքները, մեր երկրի ապագան, արժեքային համակարգը, ներքին եւ արտաքին քաղաքականությունը որոշելու են ոչ թե սեմինարները եւ հրապարակվող գրքերը, այլ կեղծիքներով իշխանության եկածները:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ