Ֆրանսիական Բելֆոր քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում կայացավ 3-րդ տուրը: Մինչեւ 10 տարեկան պատանիների մրցաշարի առաջատարներից մեկըՙ Տիգրան Հարությունյանը, որ մեկնարկում երկու անընդմեջ հաղթանակ էր տոնել, պարտություն կրեց Իվան Բուկավջինից: Իսկ ահա Արա Դիլոյանը հաղթելով Ասթոն Թամինշհանին, վաստակեց 2,5 միավոր: Աղյուսակը 3 միավորով գլխավորում են 7 շախմատիստներ:
Իսկ ահա մինչեւ 12 տարեկան տղաների մրցավեճում շարունակում է հաջող հանդես գալ վանաձորցի Սամվել Տեր-Սահակյանը, որը 3-րդ տուրում էլ հաղթեցՙ պարտության մատնելով Բուրակ Ֆիրատին: Տեր-Սահակյանը 11 շախմատիստի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Տարիքային նույն խմբում հանդես եկող Գրիգոր Դիլանյանն ունի 2, Ռոբերտ Աղասարյանըՙ 1,5 միավոր:
Մինչեւ 14 տարեկան պատանիների մրցաշարում Տիգրան Սիմոնյանը պարտվեց եւ 2 միավորով դուրս մնաց առաջատարների խմբից: Այստեղ 11 շախմատիստ 100 տոկոսանոց արդյունք ունի: Դավիթ Քալաշյանն էլ (մինչեւ 16 տարեկաններ) պարտվեց, իսկ ահա Հովիկ Հայրապետյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց ու 9 շախմատիստի հետ գլխավորում է աղյուսակը: Արման Փաշիկյանն էլ շարունակում է հաղթարշավըՙ 3 միավորով գտնվելով առաջատարների խմբում: 3-րդ տուրում նա պարտության մատնեց Սկոբերնեին:
Հայ շախմատիստուհիներից առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս Զոզա Շաքրյանը, որը մինչեւ 12 տարեկանների մրցաշարում բոլոր 3 պարտիաներում էլ հաղթել է: Սուսաննա Գաբոյանը (մինչեւ 10 տարեկաններ), Հայկուհի Ալեքսանյանը (մինչեւ 14 տարեկաններ), Նունե Դարբինյանը (մինչեւ 16 տարեկաններ) ունեն 2-ական միավոր, իսկ Լիա Մարտիրոսյանը մինչեւ 18 տարեկանների մրցավեճում վաստակել է 1,5 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ