Ֆրանսիական Բելֆոր քաղաքում իրենց մրցավեճն են շարունակում շախմատի աշխարհի պատանեկան առաջնության մասնակիցները: Տարիքային տարբեր խմբերում հանդես եկող Հայաստանի 14 պատվիրակներից առայժմ բոլորից հաջող են հանդես գալիս Արման Փաշիկյանը (մինչեւ 18 տարեկաններ) եւ Նունե Դարբինյանը (մինչեւ 16 տարեկաններ), որոնք 6 տուրից հետո վաստակել են 4,5 միավոր: Փաշիկյանը վերջին երեք տուրերում ոչ-ոքի է ավարտել պարտիաները Մարկ Բլուվշտեյնի, Յացեկ Ստոպայի եւ Հիլդար Խաիրուլինի հետ: Հայ շախմատիստն ընդամենը կես միավորով է զիջում առաջատարների դերը ստանձնած Նիկիտա Վիտյուգովին, Յացեկ Ստոպային ու Մաքսիմ Ռոդշտեյնին: Նունե Դարբինյանը եւս առաջատարների շարքում էՙ մեկ միավորով զիջելով աղյուսակը գլխավորող Աննա Մուզիչուկին:
Մինչեւ 12 տարեկան աղջիկների մրցաշարի առաջատարներից մեկըՙ Զոզա Շաքրյանը, որ մեկնարկում 3 անընդմեջ հաղթանակ էր տոնել, անհաջող խաղաց հաջորդ 3 տուրերումՙ զիջելով մրցակիցներին: Վատ չի խաղում Սուսաննա Գաբոյանը (մինչեւ 10 տարեկաններ)ՙ 4 միավոր: 3,5 միավոր ունի Լիա Մարտիրոսյանը (մինչեւ 18 տ.), 3 միավոր է վաստակել Հայկուհի Ալեքսանյանը (մինչեւ 14 տ.):
Տղաների մրցաշարում Փաշիկյանից հետո լավագույն արդյունքն ունեն Արա Դիլոյանը (մինչեւ 10 տ.) եւ Սամվել Տեր-Սահակյանը (մինչեւ 12 տ.), որոնք վաստակել են 4-ական միավոր: 3,5 միավոր ունեն Տիգրան Հարությունյանը (մինչեւ 10 տ.), Գրիգոր Դիլանյանն ու Ռոբերտ Աղասարյանը (մինչեւ 12 տ.) եւ Դավիթ Քալաշյանը (մինչեւ 16 տ.): Հովիկ Հայրապետյանի (մինչեւ 16 տ.) եւ Տիգրան Սիմոնյանի (մինչեւ 14 տ.) օգտին գրանցված է 3-ական միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ