Անցյալ ուրբաթ օրը Լիբանան կատարած անակնկալ այցի ընթացքում Մ. Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն իր արտասանած ճառում հատուկ ընդգծմամբ անդրադարձավ նախորդ օրը Լիբանանի հետ իր ընդհանուր սահմանը գործնականում փակելու Դամասկոսի որոշմանը: Ըստ ամենայնի, ճիշտ էր տիկին Ռայսը, երբ հատիկ-հատիկ արտասանելով բառերն ասաց. «Լավ հարեւաններն իրենց սահմանները չեն փակում հարեւանների առաջ»: Իսկապես: Հարեւանի առջեւ սահման փակելը հավասարազոր է թշնամական արարքի: Մանավանդ այնպիսի երկրի, ինչպիսին Լիբանանն է, որի ցամաքային սահմանների 90 տոկոսը Սիրիայի հետ է, մինչ հարավային սահմանակից երկիրը Իսրայելն է, որի հետ Բեյրութը պարզապես չունի որեւէ կապ: Այդ սահմանը փակ է 1948 թ.-ից:
Այսուհանդերձ, Լիբանանը արեւմուտքից շրջապատված է Միջերկրական ծովով, որը նախախնամության պարգեւն է այդ երկրին: Նույնիսկ 15-ամյա ներքին պատերազմի ընթացքում, երբ իսրայելական ռազմանավերը մի կողմից եւ սիրիական թնդանոթներըՙ մյուս, վերահսկում էին ծովային ուղիները, Լիբանանը, բնավ, կամ գրեթե բնավ չզրկվեց պարենավորումից շնորհիվ ծովային ուղիների: Սակայն երկրի տնտեսության համար խիստ կարեւոր են Սիրիայի հետ սահմանադռները, որոնցով Բեյրութի նավահանգստում բեռնավորված ապրանքները բեռնատարներով տեղափոխվում են Հորդանան եւ արաբական այլ երկրներ:
Եվ, անշուշտ, այս եւ այլ հանգամանքներ նկատի ուներ Կոնդոլիզա Ռայսը, երբ ուրբաթ օրը խոսում էր հարեւանության, լա՛վ հարեւանության մասին: Եվ ճիշտ էր անում:
Սակայն նույն տիկինը, որի այցն այս տարի ակնկալվում է նաեւ Հայաստան, բարիդրացիության եւ լավ հարեւանության մասին իր ճշմարիտ խոսքերը կկրկնի՞ Երեւանում, ասենք, Թուրքիայի հասցեին, որն արդեն 12 տարի սահմանները փակ է պահում, մինչդեռ Հայաստանը Լիբանան չէՙ ծով չունի, այլեւ որպես ցամաքապատ երկիր միջազգային իրավունքի տեսակետից ենթակա է բաց սահմանների պաշտպանությանը: Ո՛չ, նման ակնկալություն չպետք է ունենալ: Քանզի Միացյալ Նահանգները եւ անձամբ տիկին Ռայսն արդեն բազում ապացույցներ են տվել մեզ երկակի ստանդարտների մասին:
Սիրիային կարելի է եւ պետք է քննադատել, բայց Թուրքիայինՙ երբեք: Եվ այս պարագայում Լիբանանն ու Հայաստանը ոչ մի նշանակություն չունեն տիկին Ռայսի համար: Կարեւորը Սիրիան է, որին պետք է դաս տալ, եւ Թուրքիան է, որին չպետք է ցավացնել:
Հ. Ա.