Ի թիվս «Իմացություն գրադարան», «Ժամանակ եւ խոսք», «Արվեստի» եւ այլ մատենաշարերի, «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը «Կոմիտաս վարդապետ. Ուսումնասիրութիւններ եւ յօդուածներ» գրքով (520 էջ) սկզբնավորում է նորՙ «Երաժշտական մատենաշարը»: Հայ մեծ երաժշտահանի գիտական աշխատություններըՙ գրված 1892-1915 թթ., (երկու գրքով, լույս է տեսել Ա գիրքը) հրատարակության են պատրաստել եւ աշխատասիրել Գրականության եւ արվեստի թանգարանի աշխատակիցներ Գուրգեն Գասպարյանը եւ Մարինե Մուշեղյանը: Մատենաշարի եւ այս գրքի ընդհանուր խմբագիրը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն է: Գիրքը լույս է տեսել Գալուստ Գյուլբենկյան հաստատության հովանավորությամբ, հայկական բաժանմունքի տնօրեն Զավեն Եկավյանի աջակցությամբ:
Կարելի է վստահաբար արձանագրել, որ մեր իրականության մեջ երաժշտության, երաժշտագիտության վերաբերյալ սակավադեպ հրատարակությունների պարագայում սույն մատենաշարը կարեւոր նախադրյալներ կստեղծի եւ կնպաստի հայ երաժշտական մտքի զարգացմանը, ինչպես «Սարգիս Խաչենց» հրատարակչությանՙ ընթերցողին արդեն հայտնի եւ սիրելի դարձած կերպարվեստի շարքը:
Իբրեւ տպագիր ուսումնասիրություն հայտնի է 1960-ականներին Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբան Հայր Ղեւոնդ վարդապետ Դայանի աշխատասիրությամբ կազմած «Շարականք Հայաստանեայց եկեղեցւոյ» 10 հատորյակը (յուրաքանչյուրը 4-ական գրքով)ՙ հիմնականում նոտագրված ամբողջացնում է հայ եկեղեցու տաղերն ու շարականները: Որը, չնայած պատմաբանասիրական եւ կիրառական նշանակությանը, լայն ընթերցող հանրությանը ծանոթ չէ:
Ա գրքի մեջ ընդգրկված Կոմիտասի երաժշտագիտական ժառանգությունըՙ գրված 1892-1907 թթ., դասախոսություններ, ելույթներ, մասնագիտական-տեսական վերլուծություններ ենՙ նաեւ ուսուցողական նշանակությամբ, որոնք նորովի են ներկայացնում Կոմիտաս վարդապետիՙ շատերիս անհայտ երաժշտագիտական միտքն ու իմացությունները: «Շնորհալին. Նորա դարը եւ նորա ժամանակ յուզուած կրօնական խնդիրները», «Հայոց եկեղեցական երաժշտութիւնը ԺԹ դարում», «Երգեցողութիւն եւ պատմութիւն երաժշտութեան», «Հայոց եկեղեցական եղանակները», «Հայ գեղջուկի երաժշտութիւն» այս եւ այլ աշխատությունների զգալի մասն առաջին անգամ է տպագրվում: Կոմիտասի ուսումնասիրությունները կամբողջանան հրատարակվելիք 2-րդ հատորում, որին կհաջորդեն «Նամակագրություններն» ու «Կոմիտասը ժամանակակիցների հուշերում եւ վկայություններում» գրքերը:
Առաջաբանում Տիգրան Մանսուրյանն ընդհանուր մի ակնարկ է նետում հայ երաժշտության նախակոմիտասյան շրջանին, ապա եւ ամենայն խորքով ներկայացնում Արեւելք-Արեւմուտք մշակութային տարածքների սահմանագիծը ճակատագրորեն հատող հայ իրականությունը եւ անդրադառնում նրանում Կոմիտասի հսկայական դերին եւ առաքելությանը, որն իր գործունեությամբ, ըստ էության, առաջինը հայ երաժշտական կյանք ներմուծեց կոմպոզիտոր երեւույթը:
Արեւելք-Արեւմուտք շարունակվող երկփեղկվածությունն իր կնիքն այսօր էլ դնում է մեր շատ ու շատ իրողությունների, այդ թվում նաեւՙ մշակույթի վրա եւ հայ երաժշտությունըՙ օտար ազդեցություններով, կորցնում է իր նախնական մաքուր հնչողությունն ու արժանապատվությունը, քանի որ գերիշխում է խառնածինը, օտարամոլությունն ու ցածրաճաշակը: Այս առումով Կոմիտասի երաժշտագիտական ժառանգության հետագա հրատարակությունները, կարծում ենք, տեղին եւ ճիշտ ժամանակին են: «Այսօր մեր մէջ շարունակում է գոյատեւել Արեւելք-Արեւմուտք փոխյարաբերութեան երաժշտական հոգեբանութեան ծանր դրոշմը: Այս կնճիռը հարթեցնող ուժը այսօր Կոմիտասն է, նրանից սկիզբ առնող կոմպոզիտորական դպրոցը», գրում է Տ. Մանսուրյանը:
Մատենաշարի ստեղծման եւ հասարակության մեջ նրա դերի մասին մեր հարցին կոմպոզիտորը մեկ-երկու խոսքով այսպես արձագանքեց. «Առհասարակ երաժշտության վերաբերյալ գրականությունը մեզանում եղել է հիմնականում ռուսալեզու, կամ Մոսկվայից եկած գրականություն, կամՙ Մոսկվայի համար: Մեր երաժիշտները չեն հավատացել հայ լսարանին, շատ սակավաքանակ հեղինակային գրքեր են եղել եւ թարգմանականՙ նույնպես:
Այս մատենաշարն ամենատարրական հիմքերն է դնում հասարակական երաժշտական գիտակցության: Մենք չունենք հայերենով երաժշտական միտք: Կոմիտասով սկսեցինք եւ դա, անշուշտ, բնական է, մանավանդ նրա երաժշտագիտական հոդվածների ամբողջական հրատարակություն, կարելի է ասել, չունեինք մինչ այսօր: Ընդամենը պատերազմական տարիներին լույս տեսած կիսատ, աղավաղված մի գրքույկ էր եղածը:
- Ինչպե՞ս համաձայնեցիք հրատարակչական այսպիսի գործունեության ոչ այնքան դյուրին աշխատանքին:
- Խորապես հարգանքով դեպի Սերգեյ Խաչիկօղլյանի աշխատանքը եւ որոշ նախանձախնդրությամբ: Իհարկե, կուզեի, որ իմ որեւէ երիտասարդ բարեկամ սրանով զբաղվեր, բայց չեմ հոգնելու: Երազում եմՙ մի օր Կոմիտասին նվիրված աշխատություն անել, ես էլ եմ ուզում հավաքել իմ մտմտուքները:
«Երաժշտական մատենաշարով» առաջիկայում Կոմիտասին նվիրված վերոնշյալ գրքերից բացի, լույս են տեսնելու Իգոր Ստրավինսկու «Իմ կյանքի ժամանակագրությունը», «Երաժշտական պոետիկա», Վ. Ա. Մոցարտի «Նամակները»:
Նորաստեղծ մատենաշարի մուտքը շնորհավորելովՙ մեր բարեմաղթանքները հղենք հրատարակիչներին առաջիկա հրատարակություններն իրականացնելու դժվարին ճանապարհին:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ