Ֆրանսիայի Բելֆոր քաղաքում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որն անցկացվում է տարիքային հինգ խմբով: Հայաստանից մրցաշարին մասնակցող 14 շախմատիստներից առավել հաջող է հանդես գալիս վանաձորցի Սամվել Տեր-Սահակյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Սամվելը վերջին երեք հանդիպումներն ավարտել է իր օգտին եւ այժմ մինչեւ 12 տարեկան շախմատիստների մրցաշարում բաժանում է 3-6-րդ տեղերը: Իսկ առաջատարը հնդիկ շախմատիստ Շրինաթ Նարայանանն է, որն ունի 8 միավոր: Նրան կես միավորով է զիջում ռուսաստանցի Սանան Սյուգիրովը: Մրցաշարի ավարտական 2 տուրերի հանդիպումներն էլ կանվանեն մրցանակակիրներին:
Հաջող է հանդես գալիս նաեւ Արման Փաշիկյանը (մինչեւ 18 տ.), որն ունի 6,5 միավոր: Նա եւս հավակնում է մրցանակային տեղերի, քանի որ այժմ միայն կես միավորով է զիջում առաջատարների դերը ստանձնած ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովին ու լեհ Վոյչեկ Մորանդային:
Մեր մյուս շախմատիստներից 6-ական միավոր են վաստակել Արա Դիլոյանը (մինչեւ 10 տ.), Դավիթ Քալաշյանը (մինչեւ 16 տ.), Սուսաննա Գաբոյանը (մինչեւ 10 տ.) եւ Նունե Դարբինյանը (մինչեւ 16 տ.): 5,5 միավոր ունի Գրիգոր Դիլանյանը (մինչեւ 12 տ.), 5-ականՙ Տիգրան Հարությունյանը (մինչեւ 10 տ.), Ռոբերտ Աղասարյանը (մինչեւ 12 տ.), Տիգրան Սիմոնյանը (մինչեւ 14 տ.), Զոզա Շաքրյանը (մինչեւ 12 տ.): 4,5-ական միավոր ունեն Հովիկ Հայրապետյանը (մինչեւ 16 տ.), Հայկուհի Ալեքսանյանը (մինչեւ 14 տ.) եւ Լիա Մարտիրոսյանը (մինչեւ 18 տ.):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ