«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2005-07-27 | #139, 2005-07-28 | #140, 2005-07-29


1915 Թ.-Ի ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ ԵՎ ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՍՐԲԱՑՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸՙ ՀԱՍՈՒՆԱՑԱԾ

Հայոց տարագրության դաժան ոդիսականը 1915 թ.-ից հետո պատմության նոր էջ բացեց եւ կեցության տարբեր վիճակ ստեղծեց մեր ժողովրդի համար: Փոխվեց նրա տարածքային ու հոգու աշխարհագրությունը, աշխարհին ուղղված հայացքն ու վերաբերմունքը: Սփյուռք, սփյուռքահայություն նորամուտ բառերը մեր գիտակցության մեջ այլեւս զուգորդվում են Օսմանյան կայսրությունում 1915 թ.-ին 1,5 մլն հայերի սպանդի եւ դրա հետեւանքով երկիր, պատմական հայրենիք, բնօրրան կորցնելու դաժան իրողություններին:

Այս տարի Մեծ եղեռնի 90-րդ տարելիցի առիթով աշխարհասփյուռ հայությունն իր մեծ կորստի 90-ամյա պահանջատերի արդար ձայնը բարձրացրեց ի լուր աշխարհիՙ համախմբված, նաեւ պետականորեն համախմբված:

Արդեն տասնամյակներ շարունակ հայության համար գերխնդիր դարձած Հայ դատի համառ ու հետեւողական պայքարը որոշակիորեն արդյունավորվեցՙ 18 երկրների խորհրդարաններիՙ Հայոց ցեղասպանության պաշտոնապես ընդունման փաստով:

1915 թ.-ի իրողությունների արձագանքներն անխուսափելիորեն իրենց ազդեցություններն են թողել մեր այս 90-ամյա ընթացքի, պատմության, առօրյայի, քաղաքական դիրքորոշումների, հայեցակարգերիՙ գիտության, մշակույթի վրա:

Ահա ժնեւյան մի կարեւոր հրատարակություն լույս է ընծայել Ժնեւի Հայոց հոգեւոր հովիվ դոկտոր Աբել քհն. Մանուկյանի «Դադրա՞ծ է հայ եկեղեցին սուրբեր ունենալէ» վերտառությամբ աշխատությունը, որ հետամուտ է Հայոց ցեղասպանության բյուրավոր նահատակների եւ Կոմիտաս վարդապետի սրբացման խնդրին:

Հեղինակը համոզված է, որ այս ուղղությամբ համազգային ենթահողը վաղուց արդեն պատրաստ է, իսկ իբրեւ համազգային ողբերգության վավերական խորհրդանիշ Կոմիտասի անձն ընդունելն անվերապահ արդարացի է:

Սրբացման պարտականությունը բնականորեն Հայ եկեղեցու մենաշնորհն է եւ, հեղինակի կարծիքով, անհասկանալի է դրա հապաղումը: Որպես օրինակ բերում է քրիստոնեության առաջին եւ հետագա դարերում Հռոմի կրկեսներում եւ այլուր խոստովանողական մահվամբ նահատակների սրբացումն Ընդհանրական եւ Առաքելական Սբ. եկեղեցիների կողմից: Հայոց եկեղեցին որպես Ընդհանրական եւ Առաքելական Սբ. եկեղեցու մեկ կարեւոր մասնիկ, ունի սրբոց դասի մեջ նկատված նահատակներ. մեր տոնացույցի 204 տոների անուններից միայն 64-ը զուտ հայկական ծագում ունեն: Ըստ որում, մեր եկեղեցու վերջին սրբերըՙ Յովհան Որոտնեցին (XIV դ.) եւ Գրիգոր Տաթեւացին (XV դ.) Հայ եկեղեցու սրբերի դասն անցել են XVIII դարում: Դրանից հետո Հայ եկեղեցին սրբացման կարգի չի արժանացրել որեւէ անձի: XV դարից հետո հանուն քրիստոնեական հավատի զոհաբերումներ, նահատակներ չե՞ն եղել արդյոք: Հեղինակն առաջ է քաշում 15-ի ապրիլյան նահատակների եւ Կոմիտասի սրբացման անհրաժեշտության հարցը: Եվ հիշեցնում է 1989 թ. Վազգեն Ա ամենայն հայոց եւ Գարեգին Բ Մեծի տանն Կիլիկիո հայրապետների համատեղ հաղորդագրությունըՙ 1,5 մլն հայ նահատակների սրբացման կարգի մասին: Նա հանգամանորեն անդրադառնում է նաեւ Հայ եկեղեցու ավանդության մեջ սրբացման կարգին:

Վերջաբանի փոխարեն Աբել քահանան այս հարցի շուրջը բոլոր հնարավոր տարակարծություններն ու անհամաձայնությունները նկատի ունենալով եւ դրանք շարադրելովՙ հիմնավորում է իր պատասխանները:

Բոլոր նահատակները չէ, որ հավատացյալ քրիստոնյայի օրինակելի վարք կարող էին ունենալ, կային չմկրտված, նաեւՙ դեռ չծնված երեխաներ, կամ հնարավո՞ր է արդյոք 1,5 մլն նահատակների հավաքական սրբացումը: Ընդունելով այս իրողություններըՙ գրում է. «Արեան նահատակութիւնը վասն Քրիստոսի եւ հաւատոյ չէ՞ սրբացուցած զիրենք սովորական մեղքէ»: Նա վկայակոչում է բազում այն դեպքերը, երբ բազմաթիվ հայ քրիստոնյաներ մահը գերադասեցին մահմեդականություն ընդունելու գնով փրկվելուց: Իբրեւ դրա վառ օրինակ բերում է տաղանդաշատ բանաստեղծ Ռուբեն Սեւակին:

Իսկ որպես հավաքական սրբացման օրինակի նախադեպ հիշատակվում են Ավարայրի ճակատամարտում հանուն հավատի զենք բարձրացրած եւ նահատակված հայորդիք: Եվ ինչպես Վարդանանք են դասվել Հայ եկեղեցու լուսապսակ սրբերի շարքում, այնպես էլ պետք է վարվել 1915 թ.-ի 1,5 մլն նահատակների պարագայումՙ թվաքանակը երկրորդական դիտելով, եւ իբրեւ ելակետ ընդունելով «Վասն Յիսուսի եւ հաւատոյ կատարուած հաւաքական մարտիրոսութեան մասը: Մարտիրոսներու թափած արիւնը եկեղեցւոյ հիմքն է»:

Հեղինակը հույս է հայտնում, որ հայոց պահանջատիրության քաղաքական լուծմանը հասնելուց առաջ Հայ եկեղեցին պարտականություն ունի սրբացնելու ապրիլյան նահատակ զավակներին եւ դա համարում է Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչմանը մեծապես նպաստող քայլ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4