Թույլ լուսավորված բեմում նկարիչն անհույս փնտրում է իր միակ սիրունՙ Լիլիթին, փորձելով նրա պատկերը հանձնել կտավին: Պայքարելով նրանց բաժանող չար ուժերի դեմ, ի վերջո հաղթում է ամենազոր սերը:
Կամերային երաժշտական թատրոնի խաղացանկում այսօր իր հաստատուն տեղը կգտնի հայկական առաջին պոպ-օպերան: Ավելի քան մեկ տարի տեւած նախապատրաստական աշխատանքից եւ երկու ամիս անընդմեջ փորձերից հետո վերջապես կայացավ «Լիլիթ կամ մետամորֆոզներ» պոպ-օպերայի պրեմիերան: Սա թերեւս թատրոնի տնօրենիՙ Լեւոն Աբրահամյանի եւ գեղարվեստական ղեկավարիՙ Արմեն Մելիքսեթյանի համագործակցության առաջին արդյունքն է: Վեճերն ու անհամաձայնությունները այլեւս անցյալում են, հավաստում են տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը: «Լիլիթը» պետք է բեմադրվեր դեռեւս նախորդ տնօրենի ժամանակ, սակայն հնարավոր դարձավ միայն այժմ: Համոզված եմ, որ թատրոնը կարող է կայանալ եւ ճանաչվել միայն համագործակցության դեպքում: Ապացույցն էլ հենց «Լիլիթն» է», ասում է Լեւոն Աբրահամյանը:
«Լիլիթ» պոպ-օպերայում ընդգրկված է թատրոնի հիմնական կազմըՙ մոտ 20 դերասան: Հայկական առաջին պոպ-օպերան նորույթ է եւ ինչ-որ չափով էքսպերիմենտ: «Սյուժեն որեւէ կապ չունի աստվածաշնչյան ավանդույթի հետ: Լիլիթը ստեղծագործողի ցնորքն է, երեւակայությունը», պատմում է գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանը:
Կոմպոզիտոր Արամ Սաթյանը օպերան գրել է 1997 թ.: Նույն թվականին էլ մարզահամերգային համալիրում բեմադրվեց «Լիլիթ» համերգային ներկայացումը: «Դրանից հետո մշակույթի նախարարությունը որոշում ընդունեց, որ «Լիլիթը» պետք է բեմադրվի թատերական բեմում», ասում է Արամ Սաթյանը: Օպերայում ընդգրկված մի քանի երգեր կատարել են հայկական էստրադայի ներկայացուցիչները, եւ դրանցից շատերն արդեն հասցրել է սիրել ժողովուրդը:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ