Հակառակ իշխանավորների սպասելիքների
Բուզանդի 25 շենքից վտարված վերջին բնակիչ Արսեն Ղասաբյանը եւ օգոստոսի 1-ին նույն շենքի բակից վտարվող դարձյալ վերջին բնակիչ Սեդրակ Բաղդասարյանը երեկ մամլո ասուլիս էին հրավիրել «Ազդակ» ակումբումՙ վերստին խոսելու Գլխավոր պողոտայի բնակիչների հանդեպ կատարվող անօրինականությունների եւ դատական ատյանների աղաղակող անարդարությունների մասին, շեշտելու պետական մարմինների անտարբեր ու համր կեցվածքը:
«Հյուսիսային պողոտայի բնակիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահն ասաց, որ իրենք հիմնել են «Պետական կարիքների զոհերը» հասարակական կազմակերպությունը, որը դեռ պետական գրանցում չի ստացել: Արդեն մեծ բանակ կազմած Հյուսիսային եւ Գլխավոր պողոտայի բնակիչները շարունակելու են պայքարել իրենց իրավունքների ոտնահարման դեմ, առաջիկայում նրանք նորից կդիմեն կառավարությանը, իսկ Ազգային ժողովում անցկացվող ստորագրահավաքից հետո իրենց գործը կմտնի սահմանադրական դատարան, որտեղ եւ կպատժվեն իրենց նկատմամբ ապօրինություններ թույլ տված պաշտոնյաները:
Հյուսիսային եւ Գլխավոր պողոտայի բնակիչների շահերի պաշտպան Արթուր Գրիգորյանը նշեց, որ դատավորները հլու-հնազանդ կատարում են ԾԻԳ-ի հանձնարարականները, որի վառ ապացույցն են հօգուտ վերջինիս ընդունած դատական բոլոր վճիռները: Բնակիչները, սակայն, նահանջելու մտադրություն չունեն, եւ արդեն իսկ նրանցից 3-ը դիմել են Եվրոդատարան, որից ակնկալում են իրենց իրավունքների վերականգնում, բարոյական եւ նյութական վնասների արդարացի հատուցում: «Ակնհայտ է, որ պետական կարիքների անվան տակ իրականում գործում է առեւտրային նպատակ, բնակիչների ունեցվածքի հաշվին հարստանում են առանձին անհատներ եւ կազմակերպություններՙ դրամական չնչին հատուցումներով նրանց դուրս շպրտելով իրենց սեփական տներից: Եվրոդատարանում արդեն գրանցվել են իմ ուղարկած գանգատներըՙ «Ղասաբյաններ ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «Ղարիբյաններ ընդդեմ...», «Բաղդասարյան եւ մյուսներ...», «Ճղլյան ընդդեմ...»: Դրանց թիվը հետզհետե կավելանա եւ Եվրոխորհրդի շրջանակներում կդրվի պետության պատասխանատվության հարցը», ասաց նա:
Բնակիչների բողոքի ալիքի թուլացմանը սպասող իշխանավորներին դասեր տալու համար Ավետիք Իշխանյանը ճիշտ համարեց վերջիններիս թույլտվությամբ իրականացվող անօրինականությունների դեմ Եվրոդատարանի օգնությամբ պայքարելը: «Եվրոպացիների համար սեփականությունը սրբության պես բան է, եւ դրան վերաբերող դատական գործերը հատուկ ուշադրության են արժանանում Եվրոդատարանում», ասաց նա:
Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր իրավախորհրդատու Ժորա Խաչատրյանը խոսեց կատարված իրավախախտումների մասին, Լարիսա Ալավերդյանը պատրաստում է հրապարակային զեկույց, որպեսզի գոնե հասարակության ճնշման միջոցով ի զորու լինի վերականգնել մարդկանց հասցրած իրավական եւ բարոյական վնասները:
«Պետական կարիքների զոհերը» հասարակական կազմակերպության նախաձեռնող խումբը դիմել էր Ազգային ժողովի պատգամավորներինՙ իրենց աջակցելու եւ հարցը սահմանադրական դատարանում լուծելու համար: Նրանց աջակցել է «Արդարություն» դաշինքն ի դեմս պատգամավոր Վարդան Մկրտչյանի: Վերջինս երեկ ներկայացրեց մի քանի ուշագրավ տեղեկություններ: Օրինակ, քաղաքապետ Երվանդ Զախարյանը, չլինելով կառավարության անդամ, ինքնակամ փոփոխություն է մտցրել կառավարության որոշման մեջ, մինչդեռ կառավարության որոշումները վավերացնում է միայն երկրի նախագահը: Բնակիչներին աջակցող Մկրտչյանը ականատես է եղել Ղասաբյանների ընտանիքին վտարող դատական ակտերի կատարածուների հանցավոր արարքինՙ նրանք փախել են գույքի կեսը բարձած մեքենայով, տանելով նաեւ բնակարանի բանալին: Նրան հայտնի է դարձել, որ «Գրիառ» ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Յորդանյանը նաեւ ԴԱԿ-ի աշխատակից է: Քանի որ այդ հիմնարկի աշխատակիցները քաղծառայողներ են, տեղեկությունը ճշտելու նպատակով պատգամավորը դիմել է քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին, որից առաջիկա օրերին պատասխան կստանա: «Եթե այդ տեղեկությունը հաստատվի, կհամարվի օրենքի խախտում, քանի որ քաղծառայողը չի կարող լինել «Գրիառի» տնօրեն ու բաժնետերերից մեկը», ասաց նա:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ