«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2005-07-28 | #140, 2005-07-29 | #141, 2005-07-30


Ո՚Չ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Ասում են Պրահայի ցույցի մասնակիցները

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Հուլիսի 29-ին Պրահայի կենտրոնական` Վացլավի անվան հրապարակում «Ձայն հանուն Եվրոպայի» հասարակական կազմակերպության ակտիվիստները, որ այստեղ էին ժամանել եվրոպական տարբեր երկրներից, իրենց չեխ գործընկերների հետ բողոքի ցույց-հսկում անցկացրին ընդդեմ Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության: «Ո՛չ Թուրքիայի անդամակցությանը» նշանաբանը հիմնականն էր տասնյակից ավելի պահանջների մեջ: Դրանց թվում էին նաեւ Թուրքիայում կանանց եւ ազգային փոքրամասնությունների, մարդու իրավունքների ոտնահարումը, Հայոց ցեղասպանության ճանաչումը, Կիպրոսի խնդիրը, իսլամական գործոնը եւ այլն: Ելույթ ունեցան նաեւ Եվրոխորհրդարանում Չեխիայից պատգամավորներ Յոզեֆ Ժելենեցն ու Տոմաշ Զատլուկալան: Պարոն Ժելենեցը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նույնպես դրված է իրենց պահանջների մեջ, եւ իրենք հնարավորինը պետք է անեն, որպեսզի Թուրքիան չանդամակցի ԵՄ-ին:

Այլապես վաղն այդ շարքին կարող են միանալ նաեւ աֆրիկյան պետությունները եւ Եվրոմիության «փուչիկը» կպայթի:

Դա էր խորհրդանշում նաեւ այն, որ ցույցի եւ ստորագրահավաքի մասնակիցները Չեխիայի վարչապետին ուղղված իրենց պահանջ-դիմումը կարդալուց հետո երթով գնացին մինչեւ կառավարության շենք եւ փոխանցեցին վարչապետ Պարոուբեկին, որից հետո գույնզգույն փուչիկները բաց թողեցին:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց կազմակերպության Չեխիայի մասնաճյուղի ղեկավար Դավիդ Գրեշակը, թեեւ արդեն 11 հազար ստորագրություն են հավաքել, բայց ստորագրահավաքը չեն դադարեցնելու: Եվրոպական մյուս երկրներում նույն կազմակերպությունն արդեն հավաքել է 35 հազարից ավելի ստորագրություն: Դրանց բնօրինակները կուղարկվեն Բրյուսել, իսկ «Ձայն հանուն Եվրոպայի» կազմակերպության լրատվական ավտոբուսը Պրահայից կմեկնի Մյունխեն: Հուլիսի սկզբին նմանատիպ միջոցառում կանցկացվի նաեւ Բեռլինում:

Ընդհանուր առմամբ ստորագրահավաքին բացի Չեխիայից մասնակցել են Ավստրիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Դանիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի քաղաքացիները: Հուշագիրը ուղարկվել է Եվրոպական խորհրդարանին, Եվրոխորհրդին, Եվրոմիության ղեկավարությանը, Եվրոմիության հանձնաժողովին, Չեխիայի կառավարությանն ու խորհրդարանի երկու պալատներին: «Թուրքիան կարող է ԵՄ հետ համագործակցության հատուկ արտոնյալ կարգավիճակ ստանալ, բայց ոչ անդամակցություն», նշեց պարոն Գրեշակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4