«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2005-07-28 | #140, 2005-07-29 | #141, 2005-07-30


ՔՆԱԾ ԳԵՂԵՑԿՈՒՀՈՒՆ ԱՌԱՋԻՆԸ ԱՐԹՆԱՑՐԵԼ ԵՆ ԼԻԲԱՆԱՆՑԻՆԵՐԸ

Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը Հայաստանը որպես «քնած գեղեցկուհի» է ներկայացնում Լիբանանի LBC հեռուստաընկերության նկարահանած ֆիլմում, որն արդեն արաբերենից թարգմանվել է ֆրանսերեն, անգլերեն եւ շուտով կտարածվի տարբեր երկրներում, հատկապես Ֆրանսիայում, որտեղ 2006-ը հայտարարված է Հայաստանի տարի: Մեր երկրում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով նկարահանված ֆիլմին աջակցել են «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունն» ու լիբանանահայ գործարար եղբայրներ Տիրան եւ Պիեռ Բաղդադյանները:

«Հայաստանի մասին օտարների գիտելիքները չափազանց նվազ են: Նրանք մեր երկիրը պատկերացնում են խեղճ, աղքատ ու հետամնաց, անընդհատ պատերազմի սպառնալիքի տակ: Մեր նպատակն էր տեսաֆիլմի միջոցով ցույց տալ, որ մենք զարգացած ենք ու աղքատ չենք», ասաց հիշյալ գործակալության տնօրեն Նինա Հովնանյանըՙ տեսաֆիլմի առաջին ցուցադրության առիթով երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հրավիրած մամլո ասուլիսում:

Անցած տարվա հունիսին նկարահանված «Հայաստան... քնած գեղեցկուհի» 50 րոպե տեւողությամբ ֆիլմում Լուսինեն պատմում է մեր երկրի պատմամշակութային հուշարձանների մասին, շրջում է քաղաքներում ու գյուղերում, ցուցադրում Երեւանի զվարճանքի կենտրոնները:

Բաղդադյան եղբայրների կարծիքով, այսպիսի ֆիլմեր պետք է շատ նկարահանվեն եւ տարածվեն, որպեսզի Հայաստանի գրավչությունը ճանաչելի դառնա բոլոր երկրներում:

Ֆիլմի DVD տարբերակը թողարկվել է մոտ 2 հազար տպաքանակով: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում, երեքշաբթի, ժամը 19-ին:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4