Իսկ շահարկումներն ակամա քաղաքական բնույթ են հաղորդում դրան
Հունիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգության մարմինները Հայաստանից 17-20-րդ դդ. հրատարակված գրքերի մեծ խմբաքանակ արտահանելու համար «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել էին Թուրքիայի քաղաքացի Եքթան Թուրքյըլմազին: Նույն օրը թուրքական հանրային հեռուստատեսությունն արձագանքել էր ձերբակալմանը, իսկ հունիսի 21-ին «Միլիեթը» տեղեկացրել էր, որ Թուրքիան նախաձեռնություն է ցուցաբերում Հայաստանի մայրաքաղաք Երեւանում ձերբակալված թուրք հետազոտող Թուրքյըլմազի ազատ արձակման համարՙ ավելացնելով. «Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով Վրաստանում Թուրքիայի դեսպան Էրթան Թեզգյոզը նույն երկրում Հայաստանի դեսպանին փոխանցեց Թուրքյըլմազին ազատ արձակելու պահանջը: Արտգործնախարարության աղբյուրները հաստատեցին, որ Թուրքյըլմազի գործով Թեզգյոզը պաշտոնապես դիմել է Հայաստանի իշխանություններին»:
Ի դեպ, Թուրքյըլմազն առաջին թուրք հետազոտողն է, որ աշխատել է Հայաստանի պետական արխիվներում, 1915 թ. իրադարձություններին, ի տարբերություն բազմաթիվ թուրք գիտնականների, անհամեմատ անաչառ մոտեցում է ցուցաբերում, ատենախոսությունը պատրաստում է ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարաններից Դյուքում, բացի թուրքերենից եւ քրդերենից տիրապետում է անգլերենի ու ֆրանսերենի, օսմաներենի ու հայերենի:
Հակառակ թուրքական իշխանությունների պահանջին, Երեւանում սկսվեց Թուրքյըլմազի դատավարությունը, եւ նախապես օգոստոսի 9-ին նշանակված դատական առաջին նիստը տեղի ունեցավ օգոստոսի 12-ին, իսկ երկրորդըՙ երեկ, օգոստոսի 15-ին: Թուրքական «Հյուրիեթը» օգոստոսի 13-ի համարում, անդրադառնալով Թուրքյըլմազի դատավարությանը, հույս էր հայտնել, որ դատարանը օգոստոսի 15-ի նիստում նրան կալանքից ազատելու որոշում կկայացնի:
Դա տեղի չունեցավ: Հարցը, սակայն, ոչ «Հյուրիեթի» ենթադրությունն է, ոչ էլ Թուրքյըլմազի դատավարությունը կալանքի խափանման պայմաններում իրականացնելու թուրքական իշխանությունների պահանջը, այլ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 13-ի թուրք մտավորականների նամակը, Թուրքյըլմազի ազատման հարցում Դյուքի համալսարանի շահագրգռությունը, ինչպես նաեւ Թուրքյըլմազի հետ համերաշխության կոմիտեի ստեղծումն ու Հայոց ցեղասպանության թուրքական պետական թեզին հակադրվելու վերոհիշյալ մտավորականների համարձակությունը:
«Զվարթնոց» օդանավակայանում Թուրքյըլմազի ձերբակալությունըՙ նրան կալանքից ազատելու պահանջով վերոհիշյալ մտավորականներին ակամա միավորում է այն իշխանությունների հետ, որոնք թուրքական պետական թեզին հակադրվելու պատճառով վերջիններիս դարձրել էին հարձակումների թիրախ: Տվյալ դեպքում խոսքը Օրհան Փամուքի, Մուրաթ Բելգեի, Թաներ Աքչամի, Հալիլ Բերքթայի, Ֆաթմա Մյուգե Գյոչեքի, Ռագըփ Զարաքոլուի, Թահա Փարլայի, Էլիֆ Շաֆաքի, Այշե Գյուլ Ալթնայի, Օրալ Չալըշլարի, ինչպես նաեւ մեր հայրենակիցներ Էթիեն Մահճուպյանի եւ Հրանտ Դինքի մասին է:
Չհարգել Եքթան Թուրքյըլմազին ազատ արձակելու վերոհիշյալ գիտնականների պահանջը, նշանակում է արդարացնել նրանց վրա թուրքական իշխանությունների հարձակումները, առավել եւս ցույց տալ թուրքական հասարակությանը, որ վերջիններիս, բացի թուրքական իշխանություններից, մերժում են նաեւ հայկական իշխանությունները: Ընդ որում, եթե թուրքական իշխանությունների մերժումը պատճառաբանվում է վերոհիշյալ գիտնականներին կամայականորեն վերագրվող «հայամետ» դիրքորոշմամբ, ապա դա հայկական իշխանությունների պարագայում հանգեցնում է շահարկումների: Այդ ընթացքում ի չիք են դառնում Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի պաշտոնական թեզին հակադրվելու նրանց փորձերը, եւ նրանք թեզի առնչությամբ թուրքական իշխանությունների դեմ պայքարելիս Թուրքյըլմազի հարցում էլ ստիպված են լինում պայքարել հայկական իշխանությունների դեմ:
Ակնհայտ է, որ այս պայքարը խիստ կսահմանափակի Հայոց ցեղասպանության հարցում թուրքական պաշտոնական թեզին հակադրվելու նշված մտավորականների հնարավորությունները, իսկ Եքթան Թուրքյըլմազի դատավարության շահարկումները անխուսափելիորեն կհանգեցնեն դրա քաղաքականացմանը:
Դատավարության քաղաքականացման առումով թերեւս պատահական չեն «Հյուրիեթի» օգոստոսի 10-ի համարի շահարկումներով պայմանավորված հետեւությունները: Թուրքական թերթը Եքթան Թուրքյըլմազին նախ համարում է այն հազվագյուտ թուրք գիտնականներից, որոնք 1915 թ. իրադարձություններին անաչառ վերաբերմունք են ցույց տալիս, ապա նրա ձերբակալությունը բնութագրում է խիստ մտահոգիչՙ պատճառաբանելով, թե նա ձերբակալվել է հայկական ազգային արխիվներ մուտք գործելուց անմիջապես հետո, իսկ ձերբակալությամբ Հայաստանը կասկածի տակ է դրել անկախ գիտական ուսումնասիրությունների նկատմամբ իր հանդուրժողականությունը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ