Դրա մասին դեռ փաստացի ապացույցներ չկան
Թուրքիայի քաղաքացի, պատմաբան էքթան Թուրքյըլմազը երեկվա դատական նիստում հայտարարեց, որ ինքն իրեն մասնակի է մեղավոր ճանաչում, որովհետեւ խախտել է Հայաստանի օրենքըՙ դրա մասին տեղյակ չլինելու պատճառով:
«Հայաստանից մեկնելիս մտածում էի, որ թաքցնելու ոչինչ չունեմ, ունեցածս գրքեր են, որոնց համար վճարել եմ, եւ իրերս, բայց պարզվեց, որ այդպես չէր: Ես Հայաստանի օրենքները ոտնակոխ անելու մտադրություն ու ցանկություն չեմ ունեցել», ասաց նա: Սակայն մեղադրող Կորյուն Փիլոյանը վկայակոչելով նախաքննության ժամանակ Թուրքյըլմազի եւ վկա Արմեն Խորենյանի առերես հարցաքննությունը, շեշտեց, որ վերջինս զգուշացրել է մեղադրյալին Հայաստանից հնատիպ գրքերի արտահանման հատուկ կարգի մասին: Ուշագրավ էր Եքթանի պատասխանը. «Եթե Խորենյանը ցուցմունքի ժամանակ ասել է, ուրեմն այդպես է եղել»:
Մեղադրյալը կտրականապես հերքեց նախաքննության ժամանակ տված ցուցմունքը, ուր նշել էր, թե Ղեւոնդ Ալիշանի «Սիսվան եւ Կիլիկիա, Լեւոն Մեծագործ» գիրքը քրոջ հետ ուղարկել է Թուրքիա. «Ես այնքան եմ սիրում իմ գրքերը, որ դրանք ոչ մեկին չեմ տալիս, բայց այդ գիրքը տվել էի իմ այստեղի բարեկամներից մեկին: Նախաքննության ժամանակ հասկացա, որ եթե նրա անունը հայտնեմ, նրան անպայման կհարցաքննեն ազգային անվտանգության ծառայությունում, դրա համար էլ ասացի, որ ուղարկել եմ քրոջս միջոցով»:
Թեպետ Եքթանը նկատելի հուզված էր ու հոգեկան ծանր վիճակը ամբողջությամբ գծագրված էր դեմքին, նրա պատասխանները երբեմն բավականին սրամիտ էին:
Մեղադրողի հարցին, թե նրա Հայաստան կատարած նախորդ այցերի ժամանակ մաքսային ստուգումները ինչո՞վ էին տարբերվում վերջինից, նա պատասխանեց. «Նրանով, որ այս անգամ ինձ ձերբակալեցին»: Մեղադրողի մյուս հարցին, թե «Հնատիպ գրքեր գնելիս գիտակցո՞ւմ էր, որ դրանց մեջ կան պատմամշակութային արժեք ունեցողներ», մեղադրյալն ասաց. «Դրա համար ես արդեն 2 ամիս ձերբակալված եմ»:
Ի դեպ, բացի գրքերից նրա ծանր պայուսակում եղել են նաեւ 14 կգ լավաշ եւ ընկույզի մուրաբա:
Հայաստանում գնած գրքերից 4-ը 1750-ից առաջ հրատարակված գրքեր են, մնացածը` 1850-ից մինչեւ 2004-ը, որոնցից մոտ 50-ըՙ 1900-1924 թթ. հրատարակության, դրանց գերակշիռ մասն առնչվում է իր գիտական թեզին: Դրանցից 4-ը գեղարվեստական են, 9-ըՙ կրոնական, 24-ըՙ պատմական, 31-ը քաղաքական, 13-ըՙ տեղեկատվական, 11-ըՙ էթնոգրաֆիկ, 4-ըՙ աշխարհագրական: Փաստաբան Հրայր Ղուկասյանի ասելով, Ղեւոնդ Ալիշանի գիրքը դուրս չի բերվել Հայաստանից. «Բացի ինքնախոստովանական ցուցմունքից, այս պահի դրությամբ գործում չկա ոչ մի ապացույց ու հիմնավորում, որ գիրքը հանրապետությունից հանվել է»:
Դատական նիստին ներկա էր նաեւ Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը: «Ազգի» հետ զրույցում նա ասաց. «Շիտակը հայտնի է, որ Եքթանը հանցանք է գործել Հայաստանի օրենքների նկատմամբ, բայց անդին կա ուրիշ իրականություն, որ մենք կարող ենք բարեխոսել, որովհետեւ նա համալսարանական է, մտավորական եւ ակադեմիական, նրա գիտական թեզն առնչվում է հայկական պատմությանը: Ստամբուլում հայերս նրան ճանաչում ենք որպես առաջադեմ կեցվածք ունեցող պատմաբանի:
Մտավորականը եւ գիրքը անբաժան են, նրանց հետ հանցավոր դեպք չի կարող լինել, որովհետեւ գիրքը պատկանում է մտավորականին: Միջազգային օրենքով այսպիսի արարքի համար կարելի է դրամական պատիժ տալ կամ առգրավել բոլոր գրքերը: Հայաստանի օրենքը միջազգային առումով ամոթալի է, եւ միաժամանակ դաս օտարների համար, որ այս երկրից հնատիպ գիրք դուրս հանելը հանցանք է եւ օրենքով պատժելի:
Կարծում եմ, որ այդ օրենքից Եքթանը չպետք է տուժի, որովհետեւ նա Հայաստան էր եկել ոչ թե վնաս հասցնելու, այլ օգուտ բերելու: Այս 2 ամսվա բանտարկությունն արդեն իսկ բավ է նրան պատժելու համար»:
Դատական հաջորդ նիստը կկայանա այսօր, ժամը 12-ին:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ